դետք

Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արաղչի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Արաղչին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Հաղորդվում է, որ Արաղչին ողջունել է երկու հարևանների միջև աճող հարաբերությունները, շեշտել՝ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ կապերն ավելի ընդլայնել։ Այս համատեքստում նա վերահաստատել է Իրանի աջակցությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և նշել, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ 

Իրանի արտգործնախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և նրա հարևանների միջև խաղաղ բանակցություններին՝ վերահաստատելով ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանն աջակցելու Իրանի պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանն իր հերթին ողջունել է Երևանի և Թեհրանի բարեկամական հարաբերությունները և հայտնել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու հայկական կողմի վճռականությունը։ Նա նաև բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանային իրադարձություններին աջակցելու հարցում։

Երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պահպանել շփումները։

Добавить комментарий

From the author