դետք

Իրանն ու Սիրիան ընդգծում են Իսրայելի դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հեռախոսազրույց է ունեցել սիրիացի գործընկեր Ալի Մահմուդ Աբասի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերն ընդգծել են միջազգային հանրության զուսպ արձագանքի պայմաններում Իսրայելի դեմ պայքարում Թեհրանի և Դամասկոսի մշտական սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Իրանցի նախարարն ափսոսանք է հայտնել Գազայում Իսրայելի գործողություններին միջազգային կազմակերպությունների ոչ համարժեք արձագանքի համար։

Նասիրզադեի խոսքով՝ Իրանի և Սիրիայի միջև համագործակցության շարունակումը միանշանակ կհանգեցնի Իսրայելի պարտությանը։

Իրանի ՊՆ ղեկավարը միևնույն ժամանակ վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և երկրում անվտանգության հաստատմանը։

Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասն իր հերթին հայտնել է Իրանի հետ սերտ հարաբերություններ պահպանելու իր երկրի վճռականությունը։

«Բարձր գնահատելով Իրանի և այլ երկրների կողմից Սիրիայի դիմադրության առանցքին և նրա անվտանգությանը ցուցաբերվող աջակցությունը՝ նա նշել է, որ Սիրիայի և Իրանի անվտանգությունը փոխկապակցված է»,- հայտնում է իրանական պետական գործակալությունը։

Добавить комментарий

From the author