Արցախի նախկին պաշտոնյաների գործի նյութերը կուղարկվեն դատարան․ Ադրբեջանի գլխավոր դատախազ
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը խոսել է Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի մանրամասներից։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«News.ru»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ հետաքննությունն ավարտվել է, և նյութերը դատարան կներկայացվեն մոտ ժամանակներս։
Տարիների ընթացքում Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի 15 պաշտոնյաների դեմ, և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո նրանք ապօրինաբար կալանավորվել են, տեղափոխվել Բաքու։
Նշենք, որ նրանց առաջադրել են ահաբեկչության մեղադրանք Ադրբեջանի քրեական օրենսգրքի 7 հոդվածներով: Պաշտոնյաներին վերագրում են «ներգրավում ապօրինի զինված կազմավորումների ձևավորման և գործունեության մեջ», «այդ խմբերի զինում, ռազմական սարքավորումների մատակարարում` ներառյալ պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով, զինամթերքով», «ահաբեկչության ֆինանսավորում» և ահաբեկչական գործողությունների հետ կապված այլ մեղադրանքներ:
Հունիսին Բաքուն հայտարարել է իրենց գործի հետաքննությունն ավարտելու մասին։
Добавить комментарий