detq

Թեհրանը վերահաստատում է՝ դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Թեհրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանցի դիվանագետը շեշտել է, որ Թեհրանը հանդես է գալիս նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների գործընթացի խթանման օգտին։

«Կովկասում խաղաղությունը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում։ Պուտինի` Բաքու այցից հետո Կովկասի, տարանցիկ միջանցքների և առաջարկվող միջանցքների մասին հրապարակված լուրերի ու վերլուծությունների հիմքում ընկած են Լավրովի նույն հարցազրույցը և ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունները։ Այս հարցը և մեկնաբանությունները տարբեր տեսակետների ու գաղափարների տեղիք են տվել, որոնք երբեմն հակասում են Իրանի և մեր որոշ հարևանների միջև զարգացող հարաբերություններին, ուստի պետք է ընդգծել, որ դուք պետք է հղում կատարեք այս մեկնաբանությունների ստույգ տեքստին և ուշադրություն դարձնեք այս հարցի վերլուծությանն ու մեկնաբանությանը։

Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների խցանումների վերացմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ծրագրի առաջխաղացմանը։ Կովկասում խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից։ Տարածաշրջանից դուրս որոշ տերություններ և վարչակարգեր, որոնց շահերը չեն տուժում Կովկասի անկայունությունից ու ճգնաժամից, ցանկանում են տարածաշրջանի երկրների հաշվին Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի, նրանց առաջնահերթությունը խաղաղությունը չէ, նրանք ձգտում են ապակայունացնել տարածաշրջանը»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Добавить комментарий

From the author