դետք

«Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ձգտումը թիկունքից հարված է․ իրանցի պատգամավոր

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ձգտումը Իրանի նկատմամբ թիկունքից հարված է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի պատգամավորն ասել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Մալեքին դժգոհել է, որ Ռուսաստանը հակասական քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ աջակցում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը նախատեսում է առանց հայկական անցակետերի Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։ Նրա խոսքով՝ Իրանն ակնկալում է, որ Մոսկվան կխուսափի պարադոքսալ պահվածքից Թեհրանի հետ հարաբերություններում։

«Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու վերջին դիրքորոշմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի հատել որևէ սպառնալիքով։

Տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի երկակի ստանդարտները և «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ցանկությունը Մալեքին անվանել է «թիկունքից հարված», ինչը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։

Ըստ նրա` Իրանն անհերքելի դեր ունի տարածաշրջանային անվտանգության ստեղծման գործում, և առանց Իրանի մասնակցության հարևան երկրների միջև բանակցությունները խոցելի են, Թեհրանը «վճռական արձագանք» կդրսևորի, եթե մարգինալացվի կամ սպառնալիք առաջանա իր սահմանների համար։
 

Добавить комментарий

From the author