Xarici İşlər Nazirliyi

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում Հայաստանի վարչապետի հայտարարություններին։ 

Նշվել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները թե՛ «խաղաղության պայմանագրի», թե՛ եռակողմ հայտարարության վերաբերյալ իբր իրականության բացահայտ խեղաթյուրում են։

Հաջիզադեն անհիմն է համարել հայկական կողմի հայտարարությունը, որ Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն անվնաս են՝ նշելով խաղաղության պայմանագրի նախագծում առկա դրույթը, որ «ոչ մի կողմ խաղաղության պայմանագրի շրջանակում չի կարող հղում կատարել իր ներքին ​​օրենսդրությանը՝ պարտավորությունները չկատարելու համար»։ Ըստ նրա՝ հայտնի փաստ է, որ միջազգային ոչ մի պայմանագիր տվյալ երկրի սահմանադրության նկատմամբ գերազանցություն չունի։ 

«Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի շրջանակում, հիշեցնում ենք, որ այդ երկիրը՝ ի դեմս վարչապետի, կոպտորեն խախտել է այդ պարտավորությունը և օկուպացրել Ադրբեջանի տարածքները»,- նշված է հայտարարության մեջ։

Հաջիզադեի կարծիքով՝ ՀՀ վարչապետը հաղորդակցությունների բացման հարցում իբր հերթական անգամ «սխալ է մեկնաբանել իր ստանձնած պարտավորությունները, և որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված են Հայաստանի պարտավորությունները, և թե ինչպես կազմակերպեն վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա»:

Ռազմագերիների վերադարձի հետ կապված շեշտվել է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի ազատ արձակելու նրանց (Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը - խմբ.)։

Հետաքրքիր է, որ բռնապետության մթնոլորտում գտնվող Ադրբեջանը, մշտապես սահմանափակելով ԶԼՄ-ների գործունեությունը և խոսքի ազատությունը, անհիմն մեկնաբանություններ է հնչեցնում․ «Հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին՝ Ադրբեջանը ռազմագերիներին հանձնել է Հայաստանին։ Սակայն Ադրբեջանի՝ նրանց վերադարձնելուց հետո հայկական պետության կողմից ռազմագերիների զանգվածային ձերբակալություններն ու հալածանքները հատուկ զարմանք են առաջացրել այս պետության՝ իր քաղաքացիների հանդեպ «հոգատարության» համատեքստում»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ 2024 թ. սեպտեմբերի 9-ից 11-ը անցկացվում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, հյուրեր:

 

 

Добавить комментарий

From the author