detq

ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» հարցով բոլոր պարզաբանումները ներկայացրել է Իրանին. Զախարովա

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մենք գործընկերների հետ կապի մեջ ենք, դա մշտական շփում է։ Մենք տրամադրել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն այդ թեմայի վերաբերյալ։ Կարծում ենք, որ մեր ներկայացրած հիմնավորումը Թեհրանում լսելի և ընկալելի է եղել»,- ասել է նա։

Մարիա Զախարովան կարծում է, որ հակառուսական լրատվամիջոցներին ներշնչել են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենածիծաղելի հնարավորություն Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ մտցնելու համար: Նա նշել է, որ դա արվում է` Արևմուտքի շահերից ելնելով։

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը  պարզաբանել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների համալիր ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր կողմերի շահերը. «Ելնում ենք նրանից, որ հարցի լուծումը հիմնված է փոխընդունելի մոտեցումների վրա՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»:

Նա նաև նկատել է, որ կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը և չի հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ամբողջությամբ հավատարիմ է մնում վերոնշյալ պարտավորություններին և վստահ է, որ ընդունված բանաձևը բխում է ոչ միայն Երևանի և Բաքվի, այլև ողջ տարածաշրջանի շահերից:

«Իսկ ԶԼՄ-ներում շրջանառվող ենթադրությունները, թե իբր գոյություն ունեցող աշխարհաքաղաքական սահմանները փոխվում են, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, նաև կարդացել եմ ուժային պարտադրման մասին, չեն համապատասխանում իրականությանը»,- եզրափակել է Զախարովան։

Добавить комментарий

From the author