ցդ

Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «Ս. թ. հոկտեմբերի 1-ին Իրանից Իսրայելին հասցված նախազգուշական հրթիռային հարվածից հետո վերջինիս սրտառուչ դաշնակիցը՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը, ընկել է բառիս բուն իմաստով դողէրոցքի մեջ։ Նա հասկանում է, որ իրանա-իսրայելյան լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում Թեհրանը կարող է ուժգնորեն հարվածել Ադրբեջանի տարածքում բուն դրած իսրայելական ռազմական հենակետերին և նրանց մոտակայքում գտնվող ադրբեջանական ռազմաբազաներին։

Վերջին պահին կանխելու համար դեպքերի նման վտանգավոր ընթացքն Ի. Ալիևը որոշել է դիմել գավառական խորամանկությունների։ 

Նախ, նա օգնության կոչով դիմել է իր վաղեմի մոսկովյան բարեկամներին։ Եվ ահա հաջորդ իսկ օրը երկօրյա պաշտոնական այցով շտապ Բաքու է թռել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Բարձրագոչ հայտարարություններ են արվել երկու պետությունների հետախուզական ու հակահետախուզական ծառայությունների ամենասերտ համագործակցության, այդ թվում՝ իբր համատեղ ջանքերով արևմտյան հատուկ ծառայությունների՝ ոմն ռուս դիվանագետի դեմ մի ինչ-որ անհայտ սադրանք կանխելու մասին (որտեղ ու երբ՝ չի նշվում)։ Այս ամբողջ պատմությունը բոլորովին հավատ չի ներշնչում, եթե հիշենք, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ու բանակի ղեկավարությունն իրականում արդեն լիովին ինտեգրված են իսրայելյան ու թուրքական (այն է՝ ՆԱՏՕ-ական) համապատասխան կառույցների մեջ։ Հակաարևմտյան այս թատերականացված բեմադրությամբ Բաքուն, մի կողմից, փորձում է թոզ փչել Իրանի ղեկավարության աչքերին ու իրենից հեռու տանել նրանց արդարացի ցասումը, մյուս կողմից՝ ցույց տալ Թեհրանին, որ իր թիկունքին, բացի Թուրքիայից, կանգնած է նաև Ռուսաստանը։

Ի. Ալիևի երկրորդ քայլն առաջինին համահունչ է։ Այսօր նա հանդես է եկել ԱՄՆ-ի ղեկավարության դեմ կեղծ ու բարկացկոտ մեղադրանքներով՝ իբր վերջիններս նրա դեմ պատժամիջոցներ են կիրառում։ Այնինչ ոչ մի պատժամիջոց էլ արևմտյան երկրները նրա ֆաշիստական ռեժիմի դեմ դեռևս չեն կիրառել։ Ընդհակառակը, ՆԱՏՕ-ի և Իսրայելի պատվիրակությունները հերթով-շարքով այցելում են Բաքու, մասնակցում համատեղ ռազմական միջոցառումներին ու կնքում նորանոր պայմանագրեր ցեղասպանների հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ։

Այս ամենում ամենաապշեցուցիչը, իհարկե, ՌԴ ներկա ղեկավարության բռնած անտրամաբանական դիրքորոշումներն են։ Անվերջ սատարելով նատօական Թուրքիային ու նրա արբանյակ կիսանատօական Ադրբեջանին՝ ՌԴ-ն դուրս է գալիս, փաստորեն, իր բնական դաշնակից Իրանի, ֆորմալ դաշնակից Հայաստանի և ինքն իր դեմ։ Այսպիսի անհեռատես քաղաքականությունը վաղ թե ուշ արժանանալու է ամենախիստ գնահատականների հենց Ռուսաստանում։

Ինչևիցե, հոկտեմբերի 2-3-ին Ս. Նարիշկինի Բաքու կատարած այցի գաղտնիքը հենց Ալիևի վերը ներկայացված վախերն են ու նրան առնվազն ձևականորեն պաշտպանելու պատրաստ մոսկովյան գործիչների (ինչ-ինչ լավությունների դիմաց) ստանձնած պարտականությունները։
Այսուամենայնիվ, Ի. Ալիևի վերջին տենդագին ծամածռությունները՝ իրեն հակաարևմտյան գործիչ ձևացնելը, հազիվ թե ի վիճակի լինեն մոլորեցնելու աշխարհաքաղաքական խաղերում թրծված Իրանի առաջնորդներին...»:

 

Добавить комментарий

From the author