
«3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով
Կասկած չկա, որ «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) բոլոր մասնակիցների շահերից է բխում. այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պետդումայում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ի դեպ, այն, անկասկած, նախանձ էր առաջացրել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում, որը փորձում էր «3+3» ձևաչափի փոխարեն առաջ տանել «3+1» ձևաչափը, այսինքն՝ անդրկովկասյան 3 երկրները և Բայդենի մարդիկ, որոնք փորձելու էին ղեկավարել նրանց», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցվածքային կազմակերպության»։ Լավրովը պաշտպանել է պատգամավորների առաջարկը՝ ստեղծել «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ լրացուցիչ համագործակցության մեխանիզմներ կազմակերպելու համար։
Լավրովը նաև ընդգծել է, որ Վրաստանի համար «3+3» հարթակում դռները բաց են։
Հիշեցնենք, որ տարածաշրջանային համագործակցության և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ վեցակողմ ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ 2021-ին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս նախաձեռնությանը, սակայն բանակցությունների իր ձևաչափն է առաջարկում Բաքվին և Երևանին։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով:
Ավելացնել նոր մեկնաբանություն