
Արցախի ղեկավարները դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից, նրանք Բաքվում են հատկապես ՀՀ իշխանության և նրա ղեկավարի ուրացման պատճառով․ Բագրատ Սրբազան
Արցախի ղեկավարները դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից, նրանք Բաքվում են հատկապես ՀՀ իշխանության և նրա ղեկավարի ուրացման պատճառով: Այս մասին տեսաուղերձով ասել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր հայ գերիներին։
«Մենք բոլորս հավաքական իմաստով այսօր գտնվում ենք Բաքվի բանտերում, կրում ենք այդ ամոթը, որ մեր ընկերները, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է գերության, պատանդառության մեջ, նրանք ենթարկվում են աննախադեպ կտտանքների։ Ռուբեն Վարդանյանի երեկվա պատկերները դրա ցայտուն ապացույցն են։ Արցախի ղեկավարները դավաճանվեցին թե՛ դրսից, և թե՛ ներսից։ Այսօր նրանք Բաքվի բանտերում են գտնվում հատկապես Հայաստանի իշխանությունների և նրա ղեկավարի ուրացման պատճառով։ Եվ այսօր մեզ վիճակված է մեր ունեցած բոլոր եղանակներով ձայն բարձրացնել, ամեն հնարավոր միջոցով բարձրաձայնել այս խնդիրը, որովհետև մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, գտնվում ենք զրկված վիճակում․ Հայաստանը իշխանություն չունի, որը հոգ կտանի իր քաղաքացիների հանդեպ»։
Դիմելով իշխանությանը՝ Սրբազանն ասաց․ «Այ չարիք, գինդ ինչն է, որ այս հարցով գոնե ծպտուն հանես՝ փո՞ղ, քվե՞, իշխանության վերընտրությու՞ն։ Քպ-ականներին եմ ուզում դիմել, ՔՊ-ականնե'ր, ձեր մեջ շունչ կա՞, կարող եք խոսել, թե՝ ոչ, կարո՞ղ եք ծպտուն հանել գերիների հարցով, էս խարանը մնալու է ձեր ճակատին, անգամ գերեզման չեք ունենալու»։
Բագրատ Սրբազանը հատուկ կոչ ուղղեց հանրությանը․
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ու փոքր բոլոր ջանքերը գործադրեք, ինչ հնարավոր կապեր ունեք՝ սոցիալական ցանցերով կլինի կամ ուղղակի կառույցների հետ հարաբերություններով, հնարավոր բոլոր տարբերակները գործադրեք՝ այս խնդրի մասին բարձաձայնելու»։
Ավելացնել նոր մեկնաբանություն