Ասադը զարմացել էր իր բանակի՝ հակակառավարական խմբավորումներին դիմակայելու անկարողությունից. Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝ Թեհրանը տեղեկություն ուներ Սիրիայում հակակառավարական խմբավորումների հնարավոր հարձակման մասին և այդ տվյալները փոխանցել է Սիրիայի իշխանություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
«Զարմանալի էր սիրիական բանակի հակադարձելու անկարողությունը, ինչպես նաև իրադարձությունների զարգացման արագությունը, որն անսպասելի էր»,- ասել է նախարարը։
Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադն ինքը զարմացած էր, թե ինչպես է գործում իր սեփական բանակը։ «Հասկանալի էր, որ Սիրիայում ճիշտ վերլուծություն չկա։ Ես կարծում եմ, որ սիրիական բանակը հոգեբանական պատերազմի գերության մեջ է հայտնվել»,- ասել է Արաղչին։
Նշենք, որ «Reuters»-ը իր աղբյուրներին հղումով գրել էր, որ սիրիական հակակառավարական ուժերը դեռ կես տարի առաջ էին տեղեկացրել Թուրքիայի իշխանություններին լայնածավալ հարձակման պլանների մասին։ Գործակալությունը նշել է, որ հակակառավարական խմբավորումները չէին կարող գործել առանց Թուրքիայի իմացության, որը սիրիական ընդդիմության գլխավոր աջակիցն էր՝ երկրում պատերազմի առաջին օրերից։
Թուրքիային իրենց պլանների մասին տեղեկացնելով՝ խմբավորման ղեկավարները կարծել են, որ ստացել են Անկարայի լուռ հավանությունը՝ հետագա գործողությունների համար։
Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը դեկտեմբերի 8-ին ասել է, որ Անկարան կապ չունի հակակառավարական խմբավորումների հարձակման հետ և իր հավանությունը չի տվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն