Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, սակայն եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Իրանի գլխավոր դիվանագետն ասել է գերմանական «Der Spiegel» պարբերականի թղթակցին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ եվրոպացիների հետ երկխոսության Ռուսաստանի հետ մեր համագործակցության վերաբերյալ։ Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները: Դրանք միայն բարդացնում են խնդիրները և երբեք չեն օգնել լուծել Իրանի հետ խնդիրը: Իմ հայտարարությունը սա է՝ մոռացե՛ք պատժամիջոցները: Դրանք չեն աշխատել նախկինում, չեն աշխատում հիմա և չեն աշխատելու ապագայում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2015 թվականին երկարատև բանակցությունների արդյունքում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքել են միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որը ներառում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում դուրս է եկել ԳՀՀԾ-ից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։
Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակների սահմանափակումներից:
Ավելացնել նոր մեկնաբանություն