Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին
Մենք մեր աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարտադիր հրապարակում ենք՝ պաշտոնական հաղորդագրությունների տեսքով: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե արդյոք ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին նախատեսվում է, թե ոչ:
«Մենք պայմանավորվածությունների շրջանակից, համաձայն մեր աշխատակարգի, դուրս չենք գալիս: Մենք ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, որոշումներն ինչ տեսք են ստանում: Այս շրջանակներում դուք կարող եք գտնել ձեր հարցի պատասխանները»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Արձագանքելով՝ Գառնիկ Դանիելյանը ասաց. «Որևէ մեկը դահլիճում Ձեր ասածից բան հասկացա՞վ, կոնկրետ հարց եմ տալիս՝ ակնկալելով հստակ պատասխան: Նորից եմ կրկնում հարցս՝ Կիրանց- Ոսկեպար ճանապարհահատվածում ՀՀ-Վրաստան ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության ներքո, թե՝ ոչ:
«Ես կարծում եմ լիարժեք պատասխանեցի Ձեր հարցին, որովհետև պայմանավորվածությունների շրջանակները հրապարակվում են ու չեն կարող գաղտնի մնալ: Վերջին հանդիպման վերաբերյալ կա հաղորդագրություն, որտեղ հրապարակված է, թե ինչ ենք պայմանավորվել: Եթե Ձեր ասածն այդ հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»,- ասաց փոխվարչապետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն