Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
Իրանը և երեք եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը «մոտ ապագայում» Ժնևում կայացած հանդիպումից հետո։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի և E3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցողները հանդիպել են Շվեյցարիայում՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի ընդլայնվող միջուկային ծրագիրը, նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին և հակամարտությունները Մերձավոր Արևելքում:
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ում գրել է, որ շվեյցարական քաղաքում բանակցությունները կենտրոնացել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, «հատկապես միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման» վրա: «Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելուն և նախընտրում ենք երկխոսության ու փոխգործակցության ուղին»,- նշել է նա:
Հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ դա կլինի «ուղեղային գրոհի նիստ»՝ պարզելու, թե «արդյո՞ք իսկապես կա ելք» ներկայիս միջուկային փակուղուց` ի թիվս այլ բաների:
Նշենք, որ Ժնևում հանդիպումը տեղի է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի 35 անդամի՝ Իրանին դատապարտող բանաձևն ընդունելուց մեկ շաբաթ անց:
Ավելացնել նոր մեկնաբանություն