Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը կոշտ պատասխան կտա Իսրայելի արկածախնդրությանը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա սիոնիստական ռեժիմի (Իսրայելի - խմբ․) արկածախնդրությանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Արաղչին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած հեռախոսազրույցում։

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են Գազայում շարունակվող ցեղասպանության հետևանքով առաջացած մարդասիրական աղետալի իրավիճակին և Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիային։ Այս համատեքստում Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հորդորել է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ դադարեցնելու իսրայելական ռեժիմի հանցագործություններն ու ագրեսիան  և մարդասիրական օգնություն ուղարկել Լիբանան ու Գազա։

Վերահաստատելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ՝ Արաղչին վստահեցրել է, որ Իրանը համակողմանի ջանքեր է գործադրում տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար և կոշտ կարձագանքի սիոնիստական ռեժիմի ցանկացած արկածախնդրության։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում անապահովության տարածման հետևանքների պատասխանատվությունը կրելու են հենց Իսրայելը և նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին մտահոգություն է հայտնել Գազայի և Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումներից հետո տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։ Ընդգծելով Լիբանանի ինքնիշխանության պաշտպանության կարևորությունը՝ Գուտերեշը կարևորել է  կազմակերպության խաղաղապահ ուժերի շարունակական տեղակայումը Հարավային Լիբանանում՝ չնայած այդ ուժերի դեմ ուղղված սպառնալիքներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Եմենում տիրող իրավիճակի և այս երկրում հումանիտար իրավիճակի շուրջ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն