Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումն անխուսափելի է. Մասուդ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումներն անխուսափելի են։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Թեհրանում Իրանի մի խումբ նախկին արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ իր վարչակազմը հավատում է ընկերների հետ մտերմությանը և թշնամիների հանդեպ հանդուրժողականություն է դրսևորում: Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է ամրապնդել հարաբերություններն աշխարհի բոլոր երկրների հետ։
«Ներքին խնդիրները լուծելու և երկիրը զարգացնելու համար, ներքին գործերի լուծումից զատ, անհրաժեշտ է միջազգային հարաբերություններ հաստատել, թուլացնել լարվածությունը և բարելավել տարածաշրջանի ու աշխարհի երկրների հետ փոխգործակցության և հաղորդակցության պայմանները։ Կարծում եմ, որ նույնը վերաբերում է ԱՄՆ-ին. ուզենք, թե չուզենք, ի վերջո ստիպված ենք լինելու դիմակայել այս երկրին տարածաշրջանային և միջազգային ասպարեզում։ Ուստի ավելի լավ է, որ ինքներս կառավարենք այդ ոլորտը»,- ասել է նա։
Իրանի նախագահը հավելել է, որ իր վարչակազմը ձգտում է ընդլայնել հարաբերությունները նաև եվրոպական երկրների հետ։
«Բանակցությունները եվրոպական երկրների հետ շարունակվում են, սակայն սիոնիստական ռեժիմն իր վերջին չարագործական գործողություններով փորձել է խաթարել և բարդացնել իրավիճակն այդ ուղղությամբ»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն