Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանն ամիսներ շարունակ սիրիական կողմին նախազգուշացրել է սպառնալիքների մասին. Ալի Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է՝ իրանական հատուկ ծառայությունները դեռ ամռան վերջից են Սիրիայի իշխանություններին զինված ընդդիմությունից բխող սպառնալիքների մասին։ «​​​​​​​Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
 
Խամենեին շեշտել է՝ իրանական հետախուզության բոլոր զգուշացումներն անտեսվել են։ 

«Սրանից մի քանի ամիս առաջ, մեր հետախուզությունը նախազգուշական հաղորդագրություններ է փոխանցել սիրիական իշխանություններին։ Չգիտեմ՝ դրանք հաստատապես հասել են բարձրաստիճան պաշտոնյաների, թե ոչ, սակայն մեր հետախույզներն ասել են, որ Շահրիվար, Մեհր, Աբան (իրանական օրացույցի երեք ամիսը, ժամանակահատվածը համապատասխանում է օգոստոսի 23-ից նոյեմբերի 21-ը-խմբ․) ընթացքում անընդհատ հաղորդագրություններ են փոխանցել»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմությունը Դամասկոսում գրավել է պետական հեռուստատեսության շենքը և եթերում հայտարարել երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնել է, որ մի շարք նախարարների հետ միասին մնում է երկրում և կապ է հաստատել ընդդիմության ղեկավարության հետ:

Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, որտեղ նրանց ապաստան է տրամադրվել: Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պահպանում են կապը սիրիական զինված ընդդիմության առաջնորդների հետ, որոնք երաշխավորել են ռուսական ռազմաբազաների և դիվանագիտական օբյեկտների անվտանգությունը:

Ավելացնել նոր մեկնաբանություն