Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդի սպանության պատասխանատվությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը առաջին անգամ հրապարակավ խոստովանել է՝ այս տարվա հուլիսին Իրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը իսրայելցի զինվորականների ձեռքի գործն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ սա էլ ավելի է սրում Թեհրանի և Թել Ավիվի միջև լարվածությունը։
«Այս օրերին, երբ Հութի ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, ես ուզում եմ նրանց հստակ ուղերձ փոխանցել. մենք հաղթել ենք «Համաս»-ին, մենք հաղթել ենք «Հեզբոլա»-ին, ճեղքել ենք Իրանի պաշտպանական համակարգը և վնասել արտադրական համակարգերը, տապալել ենք Ասադի ռեժիմը Սիրիայում ու ծանր հարված կհասցնենք Եմենում Հութի ահաբեկչական կազմակերպությանը։
Իսրայելը «կվնասի ռազմավարական ենթակառուցվածքները, մենք կգլխատենք նրանց առաջնորդներին, ինչպես դա արեցինք Հանիեի, Սինվարի և Նասրալլայի դեպքում Թեհրանում, Գազայում և Լիբանանում։ Մենք դա կանենք նաև Հոդեյդայում և Սանայում», - սպառնացել է Կացը։
Եմենում Իրանի աջակցությունը վայելող Հութի խմբավորումն ավելի քան երկու տարի հարվածում է Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի՝ փորձելով խստացնել Իսրայելի ծովային շրջափակումը: Նրանք հայտարարում են, որ գործում են Գազայում 2023-ի հոկտեմբերի 7-ից շարունակվող պատերազմում ի աջակցություն պաղեստինցիների։
Հիշեցնենք, որ «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվեց Թեհրանում՝ այս տարվա հուլիսի 30-ին։ Նախօրեին Հանիեն մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Հանիեի հիմնական նստավայրը Քաթարն էր։ Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
Ավելացնել նոր մեկնաբանություն