
Մենք սահմաններն անցել ենք, փոխանակ ձեռքը բռունցք դարձնենք, մշակենք գաղափար, թե ինչ ենք անում ու ուր ենք գնում. Ռոբերտ Ամիրխանյան - 168.am
168.am –ը վերջերս ձևավորված Հանրային խորհրդի մի քանի անդամներից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու, մասնավորապես՝ Վեհափառի դեմ տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, ի՞նչ է պետք անել
Կոմպոզիտոր, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ տեղի ունեցողի վերաբերյալ շատ վատ կարծիք ունի։
«Մենք սահմաններն անցել ենք, և փոխանակ մենք ընդունենք այդ սահմանների անցնելը և փորձենք կարգավորվել, որ ձեռքը բռունցք դարձնենք, մշակենք գաղափար, թե ինչ ենք անում ու ուր ենք գնում։
Ամեն մարդ իր կյանքում մինիմում գոնե 3 հարցի է պատասխանում՝ ի՞նչ է անում, ինչո՞ւ է անում և ինչպե՞ս է անում։ Այդ 3 հարցերի պատասխանը պետք է տանք, որ մարդ արարածը մեզանում պետք է պաշտպանված լինի, որ սուտը մեջտեղում չերևա, վստահենք իրար, չփնովենք իրար, միանանք, թե չէ այսպես մենք արդեն խոսում ենք հայրենիքի կորստի մասին, բայց այն արդեն կորցրել ենք։ Մեզանից «մենակացած» մարդիկ են միայն ապրում հիմա, իրենց երկրի մեջ անպաշտպան վիճակում։
Սա կյանքի հարց է, կյանքին ու մարդուն ուղղված հարց է՝ պատասխանի՛ր, երեխա ունե՞ս, ընտանիք ունե՞ս, եթե ունես, խախտել ես քո դավանանքը, սկզբունքները, ընդունիր դա, ի՞նչ է նշանակում չընդունել դա։ Ի՞նչ է, այդքան անվիճելի է ինքը՝ որպես բարձրագույն եկեղեցական գործիչ, ո՛չ, անվիճելի չէ։ Ես սպասում եմ, որ կաթողիկոսն իր հարցի պատասխանը կտա՝ անկախ նրանից, թե դա որքանով էր հիմա տեղին։ Բայց հարց է ծագել, խոստովանիր քո ազնվության աստիճանը։ Եթե դու հանրության հավատացյալ զանգվածին տանում ես դեպի Աստված և դու ճանապարհին սուտ ես խոսում, թաքցնում ես քո արածները, ուրեմն՝ պետք է պատասխան տաս դրա համար։
Ես սպասում եմ, որ նա կկողմնորոշվի ու կասի՝ հարցի պատասխանը հետևյալն է։ Ինձ մեկը հարցնի՝ դու քո երաժշտությունն ինչպե՞ս ես գրում, ազնի՞վ ես եղել, թե՞ այստեղից ու այնտեղից թռցրել ես, ես պետք է թաքցնե՞մ ամեն ինչ, պարզ կասեմ, որ իմ ամբողջ երաժշտական նյութը ծնվել է ազնիվ հիացումի վրա, ես ոչինչ չեմ սարքել, դրա համար էլ նրանք ապրում են։
Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, չեմ մեղադրում որևէ մեկին, կյանք է, հարց է ծագել, ու դրա պատասխանը հարկավոր է տալ, այլ ոչ թե գցել ուրիշ իրադարձությունների վրա»,- ընդգծեց Ռոբերտ Ամիրխանյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն