Կանանց ռազմական դերը արաբական երկրներում

Կանանց ռազմական դերը արաբական երկրներում

Կանանց ռազմական դերը արաբական երկրներում

Վերջին երեսուն տարիների ընթացքում կանանց ներգրավվածությունն արևմտյան բանակներում բուռն քննարկումների առարկա է դարձել: Բանակում կանանց ինտեգրման ջատագովները մեջբերում են կանանց հավասար իրավունքը՝ ծառայելու տղամարդկանց կողքին, այդ թվում՝ մարտական դերերում: Հակառակ մտածելակերպ ունեցողները պնդում են, որ նրանց ներկայությունը, ինչպես նաև նրանց ենթադրյալ ֆիզիկական թերարժեքությունը, խաթարում են կորպուսի ոգևորությունը և մարտական գործողությունները, ինչը պատմականորեն եղել է արական ինստիտուտ: Այս բանավեճի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երկրների համազգեստ կրող կանանց թիվը 1961-ին 30․000-ից հասավ 288․000-ի 2001-ին: 2018-ին կանայք կազմում էին ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի 40 տոկոսը և բարձրաստիճան պաշտոնատար անձանց 25 տոկոսը։ Ինչ վերաբերում է միջազգային ռազմական շտաբին, ապա կանայք կազմում են անձնակազմի 16․8 տոկոսը։

Համեմատության համար նշենք, որ կանանց ինտեգրումն արաբական բանակներում եղել է անհետևողական, դանդաղ և սոցիալապես ու քաղաքականապես խնդրահարույց: Այդուհանդերձ, այս իրավիճակն աստիճանաբար փոխվում է, և նույնիսկ Սաուդյան Արաբիայի նման երկիրը, որտեղ զգալի հայրիշխանական նորմեր և խիստ գենդերային տարանջատվածություն կան, թույլ է տվել բանակում կանանց հավաքագրել որպես սահմանապահ: Բանավեճն այն մասին, թե ինչպես և որտեղ կանայք պետք է մարզվեն ու ծառայեն, և որքանով նրանք պետք է ինտեգրվեն, շարունակվում է: Այնուամենայնիվ, պետք է ողջունել ջանքերը՝ ուղղված Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) ավելի շատ գենդերային բանակներ ունենալուն:

Կանանց ինտեգրումն արաբական բանակներում տեղի է ունեցել տարբեր մակարդակներով և տարբեր ձևերով: Արդյունքում դժվար է ճշգրիտ և հստակ քարտեզագրել MENA երկրների միջև:

2019 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիան թույլատրեց կանանց միանալ թագավորության զինված ուժերին, սակայն պահպանեց օրինական «ապակե առաստաղը», որը սահմանափակեց նրանց առաջխաղացումը դեպի բարձր  պաշտոններ: Զուգահեռաբար, Արաբական Միացյալ Էմիրություններն ուշադրություն դարձրեց Մարիամ ալ Մանսուրիին՝ առաջին էմիրաթցի կործանիչ-օդաչուին, որը ղեկավարում էր Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ավիահարվածներ իրականացնող էսկադրիլիան:

Կանանց ինտեգրումն արաբական զինված ուժերում մնում է անհավասար տարբեր երկրներում՝ պայմանավորված տարբեր խոչընդոտներով՝ լինեն դրանք օրենսդրական, կրոնական, թե հասարակական: Այնուամենայնիվ, կանայք աստիճանաբար մտնում են ռազմական ինստիտուտ՝ այն պետությունների կողմից իրականացվող ակտիվ քաղաքականության միջոցով, որոնք հասկացել են կանանց ազգային պաշտպանությանն ինտեգրելու ռազմավարական շահը:

2019 թվականին Լիբանանի ամերիկյան համալսարանի հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ կանայք շարունակում են մնալ Լիբանանի ընդհանուր ռազմական աշխատուժի 5 տոկոսը, Թունիսում՝ 7 տոկոսը և Հորդանանում՝ բժշկական անձնակազմի 1․5 տոկոսը։

Հստակ է, որ արաբական երկրների շատ քաղաքացիների համար բանակում կնոջ ունեցած կարևորությունն ակնհայտ չէ։ Եգիպտոսի Սահմանադրության 10-րդ հոդվածը երաշխավորում է գենդերային հավասարությունը, սակայն 11-րդ հոդվածը, որը հռչակում է կապվածությունն ընտանեկան, կրոնական և հայրենասիրական արժեքներին, օգտագործվել է որպես հիմք՝ այս ոլորտում առաջընթացը կաթվածահար անելու համար: Այդ փաստարկին հակազդելու նպատակով շատ մտավորականներ մատնանշել են նման արգելքի համար կրոնական հիմքերի բացակայությունը:

Թեև ակտիվիստների ճնշումը դեր է խաղացել վերջին տարիներին գրանցված առաջընթացներում, ռազմական ուժերում կանանց ինտեգրման առաջընթացը հիմնականում պայմանավորված է օպերատիվ կարիքներով: Օրինակ՝ սիրիական բանակը զանգվածաբար ինտեգրում է կանանց իր մարտական ստորաբաժանումներում ոչ միայն աշխատուժի բացը լրացնելու համար (մոտ 8500 կին միացել է Սիրիայի զինված ուժերին և դաշնակից աշխարհազորայիններին 2013-ից 2016 թվականներին), այլև տեխնիկական պատճառներով:

Քարնեգի Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի հետազոտող Դալիա Գանեմը բացահայտել է, որ «2015 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, մարտական ստորաբաժանումներում կար մոտ 800 կին, որոնք կռվում էին Ասադի բանակում։ Դա էլիտար բրիգադ էր՝ դիպուկահարներով և տանկային օպերատորներով»։

Կանանց ներկայությունը նաև ռազմավարական նշանակություն ունի պահպանողական շրջաններում քաղաքացիական անձանց մարմնական խուզարկություններ իրականացնելու համար, այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիան 2013 թվականից թույլատրել է կին սահմանապահների հավաքագրումը:

Ավելին՝ այս երևույթը գլոբալ ռազմավարության մաս է՝ կանանց աշխատուժում ավելի լավ ինտեգրելու և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարելու համար: Կին զինվորները դարձել են ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշը. նրանց կերպարը հակադրվում է ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում ստրկացած կանանցից մեկի կերպարին․ դա ընկալվում է որպես կազմակերպության դեմ իրականացվող իրական հոգեբանական պատերազմ: 

Այսպիսով՝ կանանց ինտեգրումը զինված ուժերում մեծ խաղադրույքներ է պարունակում այս պետությունների համար հանրային հաղորդակցության առումով: Այս զարգացումներն ուղեկցվում են իրական հաղորդակցական արշավներով՝ ընդգծելով կանացի որոշ կերպարներ կամ խորհրդանշական գումարտակներ՝ թաքցնելու ռազմական հաստատություններում տղամարդկանց գերակշռությունը: Նման ռազմավարությունները հատկապես օգտակար են գենդերային վատ ցուցանիշներ ունեցող պետությունների համար՝ գրավելով միջազգային հանրության համակրանքը:

Չնայած այս հարցում ակնհայտ հետամնացությանը՝ ընդհանուր իրավիճակն ու մտածելակերպը զարգանում են դեպի ավելի բաց մտածելակերպ. 2018 թվականին «Aswat Nisaa»-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ հարցված թունիսցիների 56 տոկոսը դրական է գնահատում կանանց մասնակցությունը պաշտպանության ոլորտում, մինչդեռ 60․6 տոկոսը կարծում է, որ կանայք ունեն նույն տեխնիկական հմտությունները, ինչ տղամարդիկ:

Արաբական աշխարհում պիոներները. Հորդանան և Ալժիր

Վերջին երկու տասնամյակում արաբական երկրներում բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվել զինված ուժերում կանանց մասնակցությունը մեծացնելու նպատակով։

Ալժիրն այս առումով օրինակելի երկիր է. 2006 թվականից ի վեր կին զինվորների կարգավիճակը հավասար է տղամարդկանց կարգավիճակին, և մշակվել է ազգային ռազմավարություն՝ ռազմական ոլորտում գենդերային խտրականությունը վերացնելու համար:

Կին սպաներն իրավունք ունեն երեք տարվա վաղաժամկետ կենսաթոշակի, ծննդաբերության արձակուրդի և հանգստյան օրերի` հիվանդության կամ դժբախտ պատահարների դեպքում իրենց ընտանիքներին խնամելու համար: Ի վերջո, նրանք ազատվում են գիշերային հերթապահությունից։ Արդյունքում նրանք ներկայացնում են կադետների ակադեմիայի ուսանողների 18 տոկոսը և երկրի ռազմածովային ակադեմիայի սպայական թեկնածուների 31․5 տոկոսը։ Վերոհիշյալ միջոցառումները նպատակ ունեն համաձայնեցնելու բանակում զբաղվածությունը տնային տնտեսությունում կանանց ավանդական դերի հետ:

Նմանապես, Հորդանանում կանայք օգտվում են երեք ամսվա ծնողական արձակուրդից և երկու տարի չվճարվող արձակուրդից անձնական պատճառներով: Նրանց աջակցություն է տրվում հատուկ ազգային ռազմավարության (JONAP) միջոցով, որն իրականացվում է Զինվորական կանանց հարցերով տնօրինության (DMWA) կողմից․ այն աշխատում է խթանել կանանց դերը Հորդանանի բանակում և ուսումնասիրություններ է անցկացնում: Ռազմավարությունը որպես թիրախ է սահմանել Հորդանանի բանակում բժշկական ոլորտից դուրս կին զինվորական անձնակազմի 3 տոկոսը:

Դալիա Ղանեմի խոսքով՝ «արաբական շատ երկրներ վերջին քսան տարիների ընթացքում հուսադրող ջանքեր են գործադրել: Հորդանանն իր բանակում կանանց ինտեգրման «չեմպիոն» է եղել, և գործադրված ջանքերը զգալի են»:

Հորդանանը 2021 թվականի սեպտեմբերին գործարկեց ՄԱԿ-ի կանանց հետ համագործակցությունը՝ բարձրացնելու կանանց ներկայությունը ռազմական ղեկավար պաշտոններում և նրանց մասնակցությունը խաղաղապահ գործողություններին: Հորդանանի կանանց ազգային հանձնաժողովի (JNCW) գլխավոր քարտուղար, դոկտոր Սալմա Նիմսը մեկնաբանել է այս համագործակցությունը՝ Հորդանանի զինված ուժերը բարենպաստ աշխատանքային միջավայր անվանելով կանանց համար:

Չնայած բազմաթիվ երկրների կողմից ցուցաբերված խիստ ինստիտուցիոնալ հետաքրքրությանը՝ ռազմական հաստատություն կանանց մուտքի խոչընդոտները դեռևս բազմաթիվ են: Թեև նրանց թիվը ռազմական ուժերում շատ է, սակայն ղեկավար պաշտոններում բավականին քիչ է հանդիպում։

Ալժիրում առաջին արաբ կին գեներալն է նշանակվել, ներկայումս երկիրը հինգ կին գեներալ ունի իր զինված ուժերում։ Այդպես է նաև արաբական այլ երկրներում, որտեղ «ապակե առաստաղը» թույլ չի տալիս կանանց զբաղեցնել բարձր պաշտոններ և ազդել որոշումների կայացման վրա:

Զինվորական կանանց մեծ մասը դուրս է մղված մարտական ստորաբաժանումներից, ինչպիսիք են հետևակը, հրետանին կամ զրահատեխնիկան: Նրանք դեռևս սահմանափակված են օժանդակ դերերով, մասնավորապես բժշկական և վարչական ոլորտներում:

Ռազմական հաստատություններում կանայք տառապում են ենթակառուցվածքների և սարքավորումների պակասից, ինչպես նաև սեռական ոտնձգություններից․ դրանց պատճառը հայրիշխանական մշակույթն է, որը բանակը դարձնում է տղամարդկանց գերակայության վայր: Շատ երկրներում գենդերային հիմքով աշխատանքի բաժանումը պահպանվում է, քանի որ համարում են, որ կանայք ի վիճակի չեն հարմարվելու զինվորական կյանքին, մարտական կարգապահությանը և խստությանը:

Թունիսում և Մարոկկոյում հանրային բանավեճեր են անցկացվել ռազմական ոլորտում լիակատար հավասարության հասնելու և կանանց զինվորական ծառայություն պարտադրելու հնարավորության մասին: Դա կարող է լինել արաբական զինված ուժերի վերափոխման, բայց նաև զգալի անարդյունավետության աղբյուր:

Արաբական շատ երկրներ, գիտակցելով ազգային պաշտպանության ոլորտում կանանց արժեքը, ստեղծել են ռազմավարություններ և կոմիտեներ՝ նվիրված ռազմական հաստատություններում կանանց ինտեգրմանը:

«Այսօր արաբական բանակների միջև ավելի շատ համագործակցություն կա, քան մեկ տասնամյակ առաջ՝ կանանց բանակային կյանքին ինտեգրելու առումով»,- ասում է Դալիա Ղանեմը, ինչը ապագայում հնարավոր տարածաշրջանային համագործակցության հեռանկար է:

Սաուդյան Արաբիան առաջին անգամ դիմումներ է բացել կանանց համար՝ իրենց բանակին միանալու։ Կանայք հնարավորություն են ստացել դիմելու Ռիադ, Մեքքա, Ալ-Կասիմ և Մեդինա նահանգներում զինվորական կոչումով պաշտոններ ստանալու համար։

Դերերը, ըստ երևույթին, չեն ներառում մարտական գործողությունները, փոխարենը կանանց հնարավորություն կտան աշխատելու անվտանգության ոլորտում:

12 պահանջից բաղկացած ցանկում ասվում է, որ հավակնորդները պետք է լինեն Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, 25-ից 35 տարեկան և ունենան միջնակարգ դպրոցի դիպլոմ:

Կանայք և նրանց տղամարդ խնամակալները՝ սովորաբար ամուսինը, հայրը, եղբայրը կամ որդին, նույնպես պետք է բնակության վայր ունենան նույն նահանգում, որտեղ գտնվում է աշխատանքի վայրը:

Կին զինվորներ հավաքագրելու որոշումը կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ բարեփոխումներից մեկն է, որոնք ներդրվել են վերջին ամիսներին:

Այնուամենայնիվ, իրավապաշտպաններն ասում են, որ Սաուդյան Արաբիայի տղամարդկանց խնամակալության խտրական համակարգը մնում է անձեռնմխելի՝ չնայած կառավարության կողմից այն վերացնելու խոստումներին:

Համակարգի համաձայն՝ չափահաս կանայք պետք է թույլտվություն ստանան ճանապարհորդելու, ամուսնանալու կամ բանտից դուրս գալու համար: Նրանցից կարող է պահանջվել աշխատանքի համաձայնություն տրամադրել կամ օգտվել առողջապահական ծառայություններից:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն