Քաղաքացիական պատերազմը Լիբանանում
1943 թ. անկախության ձեռքբերումից հետո Լիբանանի զարգացումը չունեցավ խաղաղ ընթացք: Լիբանանյան հասարակությունը բախվում էր քաղաքական, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, որոնք այդպես էլ վերջնական լուծում չէին ստանում: 1946-1958 թթ. Լիբանանի պատմությանը բնորոշ էին ներքաղաքական սուր պայքարն ու քաղաքական ընդհանուր անկայուն վիճակը: Այդպիսի ժառանգությամբ Լիբանանը 1958 թ. կանգնեց առաջին քաղաքացիական պատերազմի շեմին: Դրանում իր դերն ունեցան 1953-1954 թթ. Եգիպտոսում ծավալվող չափազանց կարևոր իրադարձությունները:
Եգիպտոսի փաստացի ղեկավար Գամալ Աբդ ալ-Նասերը և նրա արաբական ազգայնականության գաղափարները մեծ ժողովրդականություն էին վայելում Լիբանանի իսլամադավանների շրջանում: Հանձին Նասերի՝ նրանք տեսնում էին այն առաջնորդին, որը կարող էր միավորել արաբական աշխարհը և պաշտպանել Լիբանանում մահմեդականների իրավունքները: Այդ պատճառով էլ լիբանանյան իսլամադավան որոշ ղեկավարներ սկսեցին ամրապնդել իրենց կապերը Եգիպտոսի և նրա նախագահի հետ՝ հույս ունենալով, որ այդ հանգամանքը կօգնի նրանց պահպանել իրենց դիրքերը Լիբանանի քաղաքական կյանքում:
Իսլամական քաղաքական շրջանակներում, սակայն, կային նաև ղեկավարներ, որոնք սուննի ղեկավար Սամի ալ-Սոլհի գլխավորությամբ սերտորեն համագործակցում էին Լիբանանի նախագահ Շամունի հետ և իրենց հեռու էին պահում Եգիպտոսի ու նրա նախագահի հետ կապերի մերձեցումից:
1956 թ. նոյեմբերին, երբ սկսվեց Սուեզի ճգնաժամը, Աբդալլահ Յաֆին զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, իսկ Սաիբ Սալամը նախարար էր: Այս երկու մուսուլման ղեկավարները նախագահ Շամունից պահանջեցին խզել դիվանագիտական հարաբերություններն Անգլիայի և Ֆրանսիայի հետ, որոնք աջակցում էին Իսրայելին: Սակայն Լիբանանի քրիստոնյաների համար այդպիսի քաղաքականությունն անընդունելի էր, և Շամունն անմիջապես մերժեց այդ առաջարկը: Յաֆին և Սալամն անմիջապես հրաժարական տվեցին՝ ի նշան բողոքի: Սակայն Շամունն առանց լուրջ դժվարությունների հաջողեցրեց նոր կառավարության ձևավորումը, որում իր գլխավոր դաշնակից սուննի Սամի ալ-Սոլհը զբաղեցրեց վարչապետի, գեներալ Ֆուադ Շիհաբը՝ պաշտպանության նախարարի պաշտոնները:
1957 թ. մարտին, հակառակ երկրում առկա ընդդիմությանը, լիբանանյան կառավարությունն ընդունեց «Էյզենհաուերի դոկտրինան» (այս բանաձևն ԱՄՆ նախագահին իրավունք էր տալիս, ըստ իր հայեցողության, ԱՄՆ ռազմական ուժերն օգտագործել այս կամ այն երկրի «անկախությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու» համար): Այս փաստը Եգիպտոսն ընկալեց իբրև մարտահրավեր: Արդեն 1957 թ. գարնանը սրվեցին հարաբերությունները Շամունի կառավարության և Եգիպտոսի միջև: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Շամունը սերտ հարաբերությունների մեջ էր Իրաքի հետ, որը, 1955 թ. սկսած, անդամակցում էր «Բաղդադի դաշինքին» և Եգիպտոսի գլխավոր մրցակիցն էր:
1957 թ. Լիբանանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Նախօրեին Շամունին ընդդիմադիր ուժերը համախմբվեցին «Ազգային ճակատում», առանձին ընդդիմադիր խումբ կազմավորվեց Տրիպոլիում, որը ղեկավարում էր Ռաշիդ Քարամեն: Շամունի կողմնակիցները հաղթանակ տարան՝ խորհրդարանում ստանալով ձայների մեծամասնությունը: Պարտություն կրելուց հետո «Ազգային ճակատը» ելույթներ կազմակերպեց Լիբանանի մի շարք շրջաններում: Շուֆում և Բեյրութում Քամալ Ջումբլաթի համախոհները կազմակերպեցին մի քանի պայթյուն:
Այս ամենի հետևանքով Լիբանանում ստեղծվել էր անկայուն վիճակ: Սակայն կառավարությունը որևէ կերպ չէր արձագանքում այդ դեպքերին, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում «քաղաքավարի» հարաբերություններ էր պաշտպանում Եգիպտոսի և Սիրիայի հետ: 1958 թ., երբ Եգիպտոսն ու Սիրիան միավորվեցին Արաբական Միացյալ Հանրապետության կազմում, Լիբանանի կառավարությունը շնորհավորեց Նասերին այդ կապակցությամբ:
Սակայն ԱՄՀ-ի կազմավորման արդյունքում Լիբանանում ներքին իրավիճակն էլ ավելի բարդացավ: Ահաբեկչական որոշ գործողություններին զուգահեռ՝ երկրում ավելի հաճախակի էին դառնում ցույցերն ու հուզումները, որոնք տեղի էին ունենում Նասերի արաբական ազգայնական գաղափարների կարգախոսներով: Այդ դժգոհությունները հաճախ շատ բուռն ընթացք էին ստանում: Ցուցարար իսլամադավանները պահանջում էին Լիբանանի միացում ԱՄՀ-ին:
1958 թ. սկսված քաղաքացիական պատերազմն ուներ նաև ներքին պատճառներ, որոնք հիմնականում կապված էին Շամունի վարած ներքին քաղաքականության արդյունքում միջհամայնքային հարաբերություններում լարվածության ուժեղացման ու երկրի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու և երկրորդ անգամ նախագահ վերընտրվելու նրա մտադրության հետ: Քամիլ Շամունին ընդդիմադիր ուժերը միատարր չէին, առաջացել էին մի քանի խմբավորումներ: «Ազգային ճակատից» բացի՝ հաջորդ խմբավորումը «Քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անձնավորությունների» համագումարն էր, որը ղեկավարում էր Լիբանանի նախկին վարչապետ Հուսեյն Վեյնին: Վերջին ընդդիմադիր խումբը «Երրորդ ուժն» էր, որում համախմբվել էին Լիբանանի ազդեցիկ քաղաքական մի շարք գործիչներ:
Երկրում առանց այն էլ բարդ իրավիճակն ավելի սրվեց, երբ ընդդիմադիր ուժերի մտավախությունը հաստատվեց, և հայտնի դարձավ, որ Շամունը պատրաստվում էր փոփոխություն կատարել երկրի սահմանադրության մեջ: Քամիլ Շամունի՝ սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու դեմ հանդես եկան ընդդիմադիր բոլոր ուժերը, ինչպես նաև լիբանանյան 2 կարևոր համայնքների՝ քրիստոնյա մարոնիների և իսլամադավան սուննիների հոգևոր առաջնորդները՝ պատրիարք Մեուշին և Լիբանանի մուֆթի՝ շեյխ Մուհամմադ Ալայան:
Քանի որ մայիսին տեղի էր ունենալու խորհրդարանի նիստը, որտեղ քննարկվելու էր Շամունի վերընտրման հարցը, ընդդիմությունն անցավ կտրուկ գործողությունների: 1958 թ. մայիսի 7-ին Շամունի կողմնակիցները սպանեցին «Ալ-թելեգրաֆ» թերթի խմբագիր և տնօրեն, Լիբանանի հասարակական և ազգային ականավոր գործիչ Նասիբ Մեթնին, որը բազմիցս քննադատում էր Շամունի վարչակարգը և նրա վարած բացահայտ արևմտամետ քաղաքականությունը: Նրա հուղարկավորությունը վերաճեց քաղաքական ելույթի, որին մասնակցում էր ավելի քան 50.000 մարդ:
Մայիսի 9-ին Լիբանանի «Ազգային ճակատը» ամբողջ երկրով մեկ հայտարարեց ընդհանուր գործադուլ՝ պահանջելով Քամիլ Շամունի անհապաղ հրաժարականը: Երկրում բռնկվեց ապստամբություն: Նույն օրը Տրիպոլիում մոտ 1500 մարդ իշխանությունների դեմ կազմակերպեց բողոքի ցույց: Ցույցերը ճնշելու նպատակով Շամունն օգտագործեց երկրի անվտանգության ուժերը: Տեղի ունեցան բախումներ, որոնց ընթացքում վիրավորվեց մոտ 40 մարդ: Տրիպոլիում ապստամբությունը ղեկավարում էր Ռաշիդ Քարամեն, որի նախաձեռնությամբ ստեղծվեց 8 հոգուց բաղկացած կենտրոնական հրամանատարություն:
Տրիպոլիում, իսկ հետագայում նաև Լիբանանի այլ շրջաններում, որոնք անցնում էին ապստամբների վերահսկողության ներքո, ստեղծվում էին կառավարական և պետական նոր մարմիններ: Տրիպոլիում ապստամբությունը ճնշելու նպատակով կառավարությունը ներգրավեց ռազմական ուժեր, այդ թվում՝ տանկեր և ինքնաթիռներ: Կառավարական զորքերը պաշարեցին Տրիպոլին և մայիսի 9-ից մինչև հունիսի սկիզբ մի քանի անգամ փորձեցին ապարդյուն մտնել քաղաք:
Մայիսի 12-ին հուզումներ սկսվեցին նաև Բեյրութում, որոնք այնուհետև վերածվեցին զինված ապստամբության: Մայրաքաղաքում այն գլխավորում էր Սաիբ Սալամը: Առաջին զինված բախումը բեյրութցի ապստամբների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցավ մայիսի 12-ին, որի ընթացքում զոհվեց 10 մարդ: Քաղաքում դաժան մարտեր տեղի ունեցան նաև մայիսի 16-ին, երբ ապստամբները հարձակվեցին Ռաս Բեյրութի և ժանդարմերիայի զորանոցների վրա:
Կառավարական ուժերի և Բեյրութի ապստամբների միջև կատաղի մարտեր ընթացան հունիսի 14-15-ին: Ապստամբները ոչ միայն կարողացան հետ մղել կառավարական ուժերի գրոհները, այլև անցան հակահարձակման, գնդակոծեցին նախագահական նստավայրը, Բեյրութի բանտերից մեկը և այլն: Նույն օրը, երբ Բեյրութում սկսվեց ապստամբությունը, լիբանանյան սահմանային պահակակետերից մեկի վրա հարձակում գործեցին, ամենայն հավանականությամբ, Սիրիայից սահմանն անցած զինված ջոկատները, ինչի արդյունքում սպանվեց 5 քրիստոնյա սահմանապահ: Ապստամբությունն ընդգրկեց նաև Սուրը, Բաալբեքը, Զղորթան և երկրի այլ շրջանները:
Լիբանանի բանակը գրավեց չեզոք դիրք և չմիացավ ինչպես ապստամբներին, այնպես էլ չպաշտպանեց Շամունին ու նրա կողմնակիցներին: Բանակի հրամանատար գեներալ Ֆուադ Շիհաբը հայտարարեց, որ բանակը կոչված է պաշտպանելու Լիբանանն արտաքին հարձակումներից: Քամիլ Շամունը և նրա կողմնակիցներն օգնություն էին ստանում Արևմուտքից, մասնավորապես ԱՄՆ-ից: ԱՄՀ-ն իր հերթին ապստամբներին զինամթերք էր մատակարարում լիբանանա-սիրիական սահմանով: Սիրիայից գաղտնի Լիբանան մտցվեցին քաղաքացիական հագուստով կամավորների մի քանի խմբեր: Չնայած արտաքին աջակցությանը՝ արդեն 1958 թ. կեսերին ապստամբները վերահսկում էին երկրի տարածքի 2/3-ը:
Լիբանանյան ճգնաժամի հենց սկզբից ԽՍՀՄ-ը նույնպես հատուկ ուշադրությամբ հետևում էր Լիբանանում դեպքերի զարգացմանը: 1958 թ. մայիսի 18-ին նրանք հանդես եկան հայտարարությամբ, որ «ԽՍՀՄ-ը կարծում է, որ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Լիբանանի Հանրապետությանը, Լիբանանի ներքին խնդիրներն են, և որևէ այլ պետություն իրավունք չունի միջամտելու նրա ներքին գործերին»:
ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը, որ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների նկատմամբ իր աճող անհանգստությունը հիմնավորում էր կոմունիստական սպառնալիքով, իրականում ամերիկյան շահերի համար լուրջ սպառնալիք էր համարում արաբական ազգայնական գաղափարների գերիշխանության հաստատումը, ինչն էլ պայմանավորեց Լիբանան ԱՄՆ-ի ներխուժումն ու ռազմական ուժ կիրառելու պատրաստակամությունը:
Լիբանանում ամերիկյան ներկայության նկատմամբ ստեղծվեց անհանդուրժողականության մթնոլորտ: Բնականաբար ամերիկյան նախաձեռնության դեմ ընդվզեց ԽՍՀՄ-ը, հուլիսի 16-ին հրապարակվեց խորհրդային կառավարության հայտարարությունը. «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է իր զորքերը դուրս բերի Լիբանանից: ԽՍՀՄ-ը չի կարող անտարբերություն դրսևորել իր սահմանների մոտ ստեղծված պատերազմի վտանգի հանդեպ և իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության վերահաստատման համար»:
ԽՍՀՄ-ի առաջարկությամբ 1958 թ. օգոստոսի 8-ին հրավիրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ, որը պետք է քննարկեր Լիբանանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը: Նիստում արաբական 10 պետություններ ներկայացրին բանաձևի իրենց նախագիծը, որը պահանջում էր հրաժարվել ներխուժումից, չմիջամտել այլ երկրների ներքին գործերին և ամերիկյան զորքերը դուրս բերել Լիբանանից, բանաձևն ընդունվեց օգոստոսի 21-ին: Լիբանանի ընդդիմադիր ուժերի կարևոր պահանջներից էր երկրի նախագահ Քամիլ Շամունի հրաժարականը: Նախագահի նոր թեկնածուի հարցը դարձել էր ներքաղաքական հանգուցային հարցերից մեկը: Ընդդիմադիր ուժերը պաշտպանում էին բանակի գլխավոր հրամանատար Ֆուադ Շիհաբի թեկնածությունը:
Լիբանանի խորհրդարանը 1958 թ. հուլիսի 31-ին հանրապետության նախագահ ընտրեց Ֆուադ Շիհաբին: 1958 թ. հոկտեմբերին նախագահը հանդիպեց ամերիկյան դեսպանի հետ և պահանջեց ամերիկյան զորքերի հեռացում Լիբանանի տարածքից: Վերջապես 1958 թ. հոկտեմբերի 25-ին ամերիկյան զինվորները, որոնց թիվը, տարբեր տվյալներով, կազմում էր 10.000-17.000, 102 օր Լիբանանում մնալուց հետո դուրս բերվեցին երկրից: Ապստամբությունը լուծեց իր առջև դրված հիմնական խնդիրները: Քամիլ Շամունը հեռացվեց իշխանությունից:
Նորընտիր նախագահ Ֆուադ Շիհաբը ձեռնամուխ եղավ կրոնադավանական համակարգի խախտված հավասարակշռության վերականգնմանը: Միաժամանակ արտաքին քաղաքականության ասպարեզում նա հրաժարվեց «Էյզենհաուերի դոկտրինայից» և վերադարձավ Լիբանանի համար արդեն ավանդական դարձած դրական չեզոքության քաղաքականությանը: Իբրև փոխզիջումային միտումների լավագույն արտահայտություն՝ Ֆուադ Շիհաբը և այլ քաղաքական գործիչներ որդեգրեցին «Ոչ հաղթող և ոչ պարտվող» կարգախոսը: Այս ամենը նպաստեց Լիբանանում ներքին կայունության հաստատմանը և արաբական երկրների հետ հարաբերությունների բնականոնացմանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն