Մուհամմեդ Ալի

Մուհամեդ Ալի

Մուհամմեդ Ալի

1801 թ. Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրի և անգլո-ֆրանսիական Ամիենի հաշտության համաձայն՝ Եգիպտոսը ձևականորեն դրվեց թուրքական սուլթանի իշխանության տակ: Ամեն դեպքում ֆրանսիացիների հեռանալուց հետո էլ  երկրում շարունակում էին մնալ անգլիական, թուրքական և մամլուքյան բանակները: Սրվեցին թուրք-անգլիական հարաբերությունները, թուրքերի դեմ պայքարում Անգլիային աջակցում էին մամլուքները:

Սակայն 1802 թ. դեկտեմբերին բրիտանացիների հիմնական ուժերը լքեցին երկիրը, և փաշան որոշեց վերսկսել պատերազմը մամլուքների դեմ: Դամանհուրի ճակատամարտում մամլուքներին հաջողվեց ոչնչացնել 5000 թուրք զինվոր: Պատերազմական գործողությունների հետ մեկտեղ երկրում ստեղծվել էր ծայրաստիճան լարված սոցիալ-տնտեսական իրավիճակ: Հետևանքը եղավ այն, որ Կահիրեում իրար հաջորդեցին զինված ապստամբությունները: Թուրքական բանակի խոշոր ստորաբաժանումներից մեկը, որը կազմված էր հիմնականում ալբանական վարձկաններից, անցավ մամլուքների կողմը: 1803 թ. մայիսին Կահիրեն գրավեցին ալբանական ու մամլուքյան համատեղ ուժերը: Իշխանությունը փոխանցվեց եռիշխանությանը՝ Մուհամեդ Ալիին և մամլուք 2 բեյին:

Մուհամեդ Ալին ծնվել է 1769 թ. մակեդոնյան Կավալա քաղաքում: 30 տարեկանում նրա կյանքը շրջադարձային փոփոխության ենթարկվեց. Բարձր դռան կարգադրությամբ՝ Կավալան 300-հոգանոց ստորաբաժանում ուղարկեց Եգիպտոս, իսկ Մուհամեդ Ալին նշանակվեց ղեկավարության մեջ 2-րդ դեմքը: Առաջին իսկ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության շնորհիվ նա նշանակվեց Եգիպտոսում ալբանական ուժերի գլխավոր հրամանատար:

Պատերազմը փաշայի դեմ ավարտվեց 1804 թ. հունվարին թուրքերի դաժան պարտությամբ: Մամլուքները վերականգնեցին իրենց իշխանությունը Եգիպտոսի գրեթե բոլոր նահանգներում և վերսկսեցին ժողովրդի կողոպուտը: Շուտով Կահիրեի բնակչությունն ապստամբություն բարձրացրեց մամլուքների դեմ, որը գլխավորում էին Ալ-Ազհարի շեյխերը: Ատելությունն ուղղված էր նաև ալբանացիների դեմ, որոնք օժանդակում էին մամլուքներին: Այս պարագայում Մուհամեդ Ալին անցավ ապստամբների կողմը և խոստացավ վերացնել հարկերը: Իրեն Եգիպտոսի ժողովրդի շահերի պաշտպան հայտարարելով՝ նա ուղղեց ալբանական ուժերը մամլուքների դեմ: Արդյունքում շեյխերի ժողովը նրան ընտրեց ղայմաղամ՝ եգիպտական փաշայի տեղակալ: Մուհամեդ Ալիի հեղինակությունը Եգիպտոսում աստիճանաբար աճում էր: Իսկ Խորշիդ փաշայի ենիչերիները կողոպտում էին բնակչությանը:

1805 թ. մայիսին Կահիրեում նոր ապստամբություն բռնկվեց, որի հետևանքով փաշան արտաքսվեց: Եգիպտացի շեյխերի ժողովը նոր փաշա հռչակեց Մուհամեդ Ալիին: Օսմանյան սուլթան Սելիմ 3-րդը ստիպված եղավ ճանաչել նրան Եգիպտոսի կառավարիչ: 1807 թ. նա մամլուքների հետ համաձայնության եկավ համատեղ պայքարելու երկրում բրիտանական ներկայության դեմ: Սակայն հաղթանակ տանելով բրիտանական ուժերի նկատմամբ՝ Մուհամեդ Ալին կրկին շրջվեց մամլուքների դեմ: 1808 թ. նա ճնշեց մամլուքների խռովությունը և 1811-ին ոչնչացրեց խոշորագույն մամլուք ֆեոդալներին: Դրանից հետո Մուհամեդ Ալին դարձավ Եգիպտոսի լիիշխան ղեկավարը:

Մուհամեդ Ալին ձեռնամուխ եղավ բարեփոխումների իրականացմանը տնտեսության, պետական կառավարման, լուսավորության և ռազմական բնագավառներում: Նա այն սակավաթիվ մարդկանցից էր, որոնք հասկացել էին արևմտյան, մասնավորապես ֆրանսիական քաղաքակրթության իրական ուժի գաղտնիքը: Նապոլեոնի արշավանքը ստեղծեց այն պարարտ հողը, որի վրա հնարավոր եղավ իրականացնել Մուհամեդ Ալիի բարեփոխումները: 1808 թ. սկիզբ դրվեց հողային բարեփոխումներին, որոնց արդյունքում բռնագրավվեցին մուլթազիմների կալվածքները, իսկ 1814 թ. ընդհանրապես վերացվեց իլթիզամի համակարգը: Հարկման ենթարկվեցին ֆաքուֆային հողերը, բռնագրավվեցին մամլուք բեյերին պատկանող բոլոր հողերը: Կարևորագույն նշանակություն ունեցավ հողային նոր կադաստրի կազմումը, որի համաձայն՝ ցուցակագրվեցին բոլոր հողերը, և ամբողջ Եգիպտոսի համար սահմանվեց հողային տարածության միասնական չափ: Գյուղացին սկսեց հարկն ամբողջությամբ վճարել պետությանը: Ձեռնարկված բարեփոխումները նպաստեցին արտադրողական ուժերի հետագա զարգացմանը, պետական եկամուտների զգալի աճին և եգիպտացի գյուղացու դրության բարելավմանը: Ձևավորվեց նոր ֆեոդալական ավագանի, որն էլ դարձավ Մուհամեդի սոցիալական հենարանը:

Ալին խթանեց արդյունաբերության զարգացումը երկրում, նրա օրոք կառուցվեցին ձուլարաններ, տեքստիլի և շաքարի գործարաններ, մետաքսի ու բրդի ֆաբրիկաներ, ծովային զինանոց Ալեքսանդրիայում, ինչպես նաև վառոդի ու սելիտրայի գործարաններ:

1815 թ. Մուհամեդ Ալին ձեռնարկեց ռազմական բարեփոխումներ (نظام جديد): Այդ բարեփոխումների նպատակն էր ստեղծել կանոնավոր նոր բանակ ու նավատորմ, 1820 թ. կազմավորվեց ուսումնական ճամբար, որտեղ ռազմական արվեստ էին սովորեցնում ֆրանսիացի գեներալները, բացվեցին հատուկ ուսումնարաններ, որտեղ պատրաստում էին սպաներ բանակի 3 զորատեսակների՝ հետևակի, հեծելազորի և հրետանու համար: Մուհամեդ Ալին մեծ ուշադրություն էր դարձնում նաև ռազմական նավատորմի կազմակերպմանը: Եթե սկզբում նավերը բացառապես արտադրվում էին Եվրոպայում, ապա հետագայում սկսեցին կառուցվել Ալեքսանդրիայի ծովային զինանոցում: Այսպիսով՝ Մուհամեդ Ալիին հաջողվեց ստեղծել ժամանակակից, մարտունակ 276-հազարանոց բանակ, որը, հիմնվելով ֆրանսիական բանակի փորձի վրա, որոշ չափով զինված էր նաև եգիպտական զենքով ու ռազմական տեխնիկայով:

Եգիպտոսում բազմաթիվ աշխարհիկ դպրոցների բացման հետ մեկտեղ Եգիպտոսի իշխանությունները սկսեցին Եվրոպա ուսման ուղարկել եգիպտացի երիտասարդներին, որոնք տարբեր բնագավառներում մասնագիտանալուց հետո վերադառնում էին հայրենիք և գրավում զանազան պաշտոններ:

Ինչ վերաբերում է Մուհամեդ Ալիի կիրառած վարչական բարեփոխումներին, ապա դրանք նպատակ ունեին ստեղծելու կառավարման ուժեղ, կենտրոնացված համակարգ: Երկրի կառավարման ղեկին կանգնած էր Մուհամեդ Ալին, նրան կից գործում էր մասնավոր խորհուրդը: Հիմնվեցին մի շարք նախարարություններ՝ ներքին, արտաքին գործերի, ռազմական, լուսավորության, ֆինանսների և այլն:

Եգիպտոսը բաժանվեց 7 գլխավոր մարզի (մուդիրիյա), որոնք ղեկավարվում էին կառավարիչների (մուդիր) կողմից, իսկ մարզերն իրենց հերթին՝ շրջանների (մարաքեզ), շրջանները՝ գավառների (նահիյա): 3 քաղաք՝ Կահիրեն, Դամիետան և Ռոզետան, կառավարում էին հատուկ նշանակված նահանգապետները: Հարկ է նշել նաև, որ ի տարբերություն Օսմանյան կայսրության այլ մասերի՝ Մուհամեդ Ալին Եգիպտոսում հավասար իրավունքներ սահմանեց քրիստոնյաների, հրեաների և կրոնական այլ փոքրամասնությունների համար:

Մուհամեդ Ալիի բարեփոխումները Եգիպտոսում առաջադիմական էին. ստեղծելով հզոր և կայուն պետություն՝ նա իրավամբ համարվում է ժամանակակից Եգիպտոսի հիմնադիրը:

 Եգիպտոսում իր իշխանությունն ամրապնդելուց հետո Մուհամեդ Ալին որոշեց ընդլայնել պետության սահմանները: 1811 թ. սկսած՝ նա շարունակական պատերազմներ մղեց, որոնց արդյունքում երկու տասնամյակի ընթացքում հաջողվեց գրավել Արաբական Արևելքի գրեթե բոլոր երկրները: Վահաբիների դեմ իր պայքարը Մուհամեդ Ալին նախաձեռնեց Բարձր դռան խնդրանքով, որին անհանգստացնում էին վահաբիների պարբերաբար հարձակումները: Ալին, հաշվի առնելով եգիպտական առևտրականների անթաքույց հետաքրքրությունն ու շահագրգռվածությունն Արաբիայում իրենց սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, արագ արձագանքեց սուլթանի խնդրանքին:

Ինչ վերաբերում է Ալիին, ապա Արաբիայի գրավումով նա նաև հենակետ ձեռք բերելու նպատակ էր հետապնդում՝ Սիրիայի և Իրաքի վրա հարձակվելու համար: Մուհամեդ Ալին 10-հազարանոց բանակ ուղարկեց Արաբիա իր 16-ամյա որդու՝ Թուսուն բեյի գլխավորությամբ, վերջինիս խորհրդականն ու զորքերի իրական հրամանատարն էր Ահմեդ Աղան՝ Ալիի ամենալավ գեներալներից մեկը:

1811 թ. սեպտեմբերին եգիպտացիները գրավեցին Արաբական թերակղզու Յենբո նավահանգիստը և այն վերածեցին հենակետի՝ վահաբիների դեմ հետագա գործողությունների համար: Սակայն տառապելով սարսափելի շոգից և ջրի պակասից՝ հազարավոր զինվորներ մահացան ծարավից ու հիվանդություններից: Խոլերան, մալարիան, դիզենտերիան նոսրացնում էին եգիպտական բանակի շարքերը: Բեդվինական ցեղերը հարձակումներ էին գործում եգիպտական պահակախմբերի և մթերքով բեռնված քարավանների վրա: Կողմերի միջև պատերազմը փոփոխական հաջողությամբ շարունակվեց մի քանի տարի: 1812 թ. նոյեմբերին Թուսուն բեյի զորքերն անցան հարձակման և վերջապես գրավեցին Մեդինան, 1813 թ. հունվարին՝ Մեքքան, Թաիֆը, Ջեդդան: Այսպիսով՝ ամբողջ Հիջազը հայտնվեց Եգիպտոսի վերահսկողության տակ: Այս վճռական պահին Մուհամեդ Ալին որոշեց արշավանքի ղեկավարումն իր ձեռքը վերցնել: 1813 թ. սեպտեմբերին նոր ուժերի հետ նա հասավ Ջեդդա և որպես առաջին քայլ ձեռնամուխ եղավ Հիջազում իր դիրքերի ամրապնդմանը: Ալին փոխարինեց Մեքքայի շերիֆ Ղալիբին և իր մտերիմներից մեկին նշանակեց նրա պաշտոնում, վերջ դրեց հարձակումներին՝ հնազանդության դիմաց կաշառելով բեդվին շեյխերին:

Այնուամենայնիվ, Արաբիայի ներքին մասերում խորանալու նրա բոլոր ջանքերն անհաջողությամբ պսակվեցին: Մուհամեդ Ալին հիմնականում գործում էր Հիջազի հարավում և Ասիրում: 1816 թ. նոր պատերազմ սկսվեց, եգիպտական ջոկատները Մուհամեդ Ալիի ավագ որդու՝ Իբրահիմի գլխավորությամբ ու ֆրանսիական հրահանգիչների ուղեկցությամբ մեկնեցին Արաբիա: Շուրջ 2 տարի տևած ռազմական գործողությունների արդյունքում Իբրահիմի զորքերը գրավեցին գլխավոր կենտրոններ Կասիմն ու Նեջդը: 1817 թ. ավերիչ պատերազմի արդյունքում եգիպտացիները գրավեցին Ռաասը, Բուրայդան և Անայզան: 1818 թ. սկզբում նրանք ներխուժեցին Նեջդ, գրավեցին Շաքրան, իսկ նույն թվականի սեպտեմբերի 15-ին հինգամսյա պաշարումից հետո մտան վահաբիների մայրաքաղաք Դերայեն:

Դերայեի գրավումից հետո Իբրահիմի բանակը շարժվեց դեպի Կաթիֆ և Ալ-Խասսան: Էմիրի ազգականները գերի ընկան և ուղարկվեցին Եգիպտոս: 1819 թ. դեկտեմբերին Իբրահիմը վերադարձավ Կահիրե, իսկ նրա բանակի մի մասը մնաց Հիջազի և Նեջդի քաղաքներում՝ մշտական հարձակումների թիրախ դառնալով Արաբիայի լեռներում ու անապատներում ապաստանած վահաբիների համար:

Մուհամեդ Ալին իր կառավարման ողջ ընթացքում նվաճողական պատերազմներ էր վարում: Արաբիա արշավանքի արդյունքում կրելով վիթխարի մարդկային ու նյութական կորուստներ՝ նա ձեռնարկեց Սուդանի նվաճումը գործերը շտկելու նպատակով: 1824-1827 թթ. եգիպտական զորքերը մասնակցեցին հունական ապստամբության ճնշմանը, որի համար իբրև փոխհատուցում ստացան Կրետե կղզին: 1831 թ. Մուհամեդ Ալին արդեն հաջողությամբ ավարտել էր Սիրիայի նվաճումը: Սիրիական արշավանքի արդյունքում եգիպտական տիրույթներին միացվել էին Սիրիան, Լիբանանը և Պաղեստինը: Շուրջ 9 տարի Սիրիայում հաստատվեց Մուհամեդ Ալիի որդու՝ Իբրահիմ փաշայի իշխանությունը: 

Անգլիան, անհանգստանալով Եգիպտոսի ուժեղացումից, 1839 թ. ամռանը պատերազմական գործողություններ սկսեց Եգիպտոսի դեմ: Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում ծագած ապստամբությունները մեծապես դժվարացրին Մուհամեդ Ալիի խնդիրը: Եվ երբ 1840 թ. նոյեմբերին անգլիական նավատորմը մոտեցավ Ալեքսանդրիային, և հրամանատար Նապիեռը վերջնագիր ներկայացրեց Մուհամեդ Ալիին, վերջինս, գիտակցելով իր դիրքերի խոցելիությունը, ստիպված եղավ ընդունել անգլիացիների առաջարկած պայմանները:

Եգիպտական հարցը լուծվեց 1841 թ. հունիսի 1-ի հատուկ «հաթթե շերիֆ»-ով, որի համաձայն՝ Եգիպտոսում ժառանգական փաշալիկի հաստատման դիմաց Մուհամեդ Ալին իր հնազանդությունը հայտնեց սուլթանին, հրաժարվեց բոլոր տիրույթներից, ինչպես նաև պարտավորվեց կրճատել իր զորքերի թիվը մինչև 18 հազար՝ զրկվելով գեներալներ նշանակելու և նավեր կառուցելու իրավունքից:

Մուհամեդ Ալիի պարտությունը ճանապարհ հարթեց Եգիպտոս օտարերկրյա կապիտալի ներհոսքի համար: Եգիպտոսը թուլացավ՝ արևելյան հզոր ուժից վերածվելով Բարձր դռան խոնարհ վասալի: Իրականում Եգիպտոսը գտնվում էր Անգլիայի և Ֆրանսիայի համատեղ պաշտպանության տակ, և միայն այդ երկու ուժերի միջև ընթացող մրցակցությունը հնարավորություն էր ընձեռում եգիպտական կառավարիչներին պահպանելու անկախության որոշ աստիճան:

Մուհամեդ Ալիին հաջորդեց որդին՝ Իբրահիմ փաշան: Սակայն իշխանության գալուց 3 ամիս անց նա մահացավ, և իշխանությունն անցավ Մուհամեդ Ալիի թոռանը՝ Աբբաս փաշային, որը պաշտոնապես ստանձնեց կառավարումը 1848 թ. դեկտեմբերի 24-ին:

Ավելացնել նոր մեկնաբանություն