Ադրբեջանի և Իրանի լարված հարաբերությունները նոր թափ են հավաքում

Ադրբեջանի և Իրանի լարված հարաբերությունները նոր թափ են հավաքում

Ադրբեջանի և Իրանի լարված հարաբերությունները նոր թափ են հավաքում

Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի թռիչքի հետ կապված միջադեպը լայն արձագանք գտավ ադրբեջանական մամուլում։ Իրանական ինքնաթիռը չէր հատել սահմանը, բայց, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, նման թռիչքի արդյունքում քաղաքացիական ավիացիայի համար ուղղակի սպառնալիք է առաջացրել։ 

Ադրբեջանը պնդում է, որ թռիչքներն ապօրինի ագրեսիվության դրսևորում են Իրանի կողմից։
Եվ ինչպես ցույց են տալիս այժմ իրադարձությունները, ոչ միայն Բաքվում, այլև Վաշինգտոնում արձագանքեցին Իրանի օդային զորավարժություններին։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է օդային միջադեպը՝ այն սպառնալից որակելով Իրանի հարևանների համար։ 

«Մեր մոտեցումը եղել է ընդլայնել մեր ներգրավվածությունն Ադրբեջանի և Հայաստանի հետ Հարավային Կովկասում՝ հասնելու ավելի կայուն տարածաշրջանի՝ ավելի քիչ հակված հակամարտություններին»,- նշել է Նեդ Փրայսը։

Ադրբեջանը պնդում է, որ արտաքին սահմաններում նման խաղերը պատահական չեն լինում. հատկապես ընդհանրապես լարվածության կտրուկ աճի և Բաքվում իրանական լրտեսական գործակալների ու Իրանի հետ կապված թմրանյութերի մաքսանենգների վերջին ձերբակալությունների ֆոնին։ 

Նշենք, որ վերջերս Իրանի վերջին զորավարժությունները երկրի հյուսիսում լուրջ մտահոգություն էին առաջացրել Ադրբեջանում։ Բաքվում կարծում են, որ թռիչքի ընտրած վայրն էլ պատահական չէր, այն  տեղի է ունեցել հենց այնտեղ, որտեղ Իրանը վերջերս փորձել է ուժի ցուցադրություն կազմակերպել, վարժանքներ անցկացնել և միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հրապարակել «սպառնալից» տեսանյութեր։ 

Տեղի ունեցածն Ադրբեջանի դեմ ծրագրված ագրեսիա որակելու ադրբեջանական փորձերը, սակայն այսքանով չեն սահմանափակվում։ Օրակարգում են նաև Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք ոչ մի առնչություն չունեն Ադրբեջանի հետ։ Ոչ պետական լրատվական կայքերը գրում են, որ ժողովուրդը չի ցանկանում պատերազմ և հարաբերությունների վատթարացում հարևան Ադրբեջանի հետ, այդ իսկ պատճառով ինքնաբուխ դուրս է եկել ցույցերի։ Մինչդեռ Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին և շարունակվում են երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո, որը Թեհրանի մետրոյի կայարանում ձերբակալվել էր բարոյականության ոստիկանության կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու համար: Ձերբակալությունից մի քանի օր անց նա մահացել է։ Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հակակառավարական ցույցերի որոշ մասնակիցների մահապատժի էին ենթարկել։

Ավելացնել նոր մեկնաբանություն