1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլիրյանը ոչնչացրեց Թալեաթին
102 տարի առաջ այս օրը՝ 1921 թ․ մարտի 15-ին, հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը ոչնչացրեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ և պատասխանատու Թալեաթին։
Սողոմոն Թեհլիրյանը (1896-1960 թթ.) իրավամբ «Հատուկ գործի» (ավելի հայտնի՝ որպես «Նեմեսիս» գործողություն) ամենահայտնի դեմքն է: Նախքան վերջինիս մեջ ներգրավվելը Ս. Թեհլիրյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը։
Մահապատժի իրագործման օրը պատահական չէր ընտրված. ռուս-թուրքական կոնֆերանսում (1921 թ. փետրվարի 26-մարտի 16), առանց հայկական կողմի մասնակցության, որոշվում էր պատմականորեն հայկական տարածքների հարցը:
1921 թ. մարտի 15-ի առավոտյան Բեռլինի Հարդենբերգ փողոցում Ս. Թեհլիրյանն ատրճանակով գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուին՝ Թալեաթ փաշային:
Քանի որ Թեհլիրյանը չէր տիրապետում գերմաներենին, դատարանում նրան առաջարկեցին հարցաքննվել թուրքերենով: Սակայն Թեհլիրյանի պահանջով հարցաքննությունը կատարվեց հայ թարգմանչի միջոցով:
Դատարանն անմեղ ճանաչեց հայ վրիժառուին։
«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»,- ասել է Սողոմոն Թեհլիրյանը:
Ի՞նչ էր «Նեմեսիսը»
1919 թ. աշնանը Երևանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը խիստ գաղտնի պայմաններում ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի՝ Արմեն Գարոյի ղեկավարությամբ հիմք դրեց «Հատուկ գործին»՝ հայերի կոտորածների կազմակերպիչներին և իրագործողներին հայտնաբերելու և ոչնչացնելու հատուկ գործողությանը։
Հատուկ գործը փաստացի ղեկավարում էին Արմեն Գարոն և Շահան Նաթալին՝ գաղափարական կազմակերպիչը։
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող ոճրագործներին պատժելու հիմնական գործողությունն ավելի հայտնի է «Նեմեսիս» հավաքական անվամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն