Իրաքը 1920-1930 թթ.

Իրաքը 1920-1930 թթ.

Իրաքը 1920-1930 թթ.

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Անգլիան և Ֆրանսիան ձեռնամուխ եղան արաբական երկրների վրա իրենց տիրապետության հաստատմանը՝ հիմք ընդունելով դեռևս պատերազմի ժամանակ՝ 1916 թ., նրանց միջև ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի սկզբունքները: Ի կատարումն այդ համաձայնության՝ 1920 թ. ապրիլի 25-ին իտալական Սան Ռեմո քաղաքում տեղի ունեցավ Անտանտի Գերագույն խորհրդի նիստը, որը նվիրված էր Ազգերի լիգայի մանդատները հիմնականում Անգլիայի և Ֆրանսիայի միջև բաժանելու հարցին: Այդ նիստում Իրաքի կառավարման մանդատը հանձնվեց Անգլիային: Դա ծանր հարված էր արաբների, այդ թվում՝ իրաքցիների ակնկալիքների համար:

Իրաքի կառավարման մանդատն Անգլիային հանձնելու վերաբերյալ որոշումը լցրեց Իրաքի ազգային-հայրենասիրական բոլոր ուժերի համբերության բաժակը: Նրանք դեմ էին անգլիական մանդատի հաստատմանն Իրաքի վրա և որոշեցին պայքարի դուրս գալ ընդդեմ անգլիական նորաձև գաղութային տիրապետության: 1920 թ. մայիսին Իրաքի շեյխերի և մուջահիդների՝ Քերբալայում տեղի ունեցած ժողովում որոշում ընդունվեց զինված ապստամբության նախապատրաստման մասին:

Ապստամբությունը սկսվեց 1920 թ. հունիսի 30-ին, ապստամբության պատճառները պետք է փնտրել Անգլիայի իմպերիալիստական քաղաքականության, Իրաքին լրիվ քաղաքական անկախություն տալուց նրա հրաժարվելու և մանդատային տիրապետության հաստատման մեջ: Ապստամբության հիմնական շարժիչ ուժերն էին գյուղացիությունը, չքավորությունը, արհեստավորները, վաճառականները և ազգային մտավորականությունը: Ղեկավարությունը գտնվում էր ազգային բուրժուազիայի, շիա հոգևորականության ձեռքում: Հեղափոխության այդ ուժերը ստեղծեցին Մաքթաբ աս-Սաուրի՝ Հեղափոխության կոմիտե: Ապստամբների գլխավոր նպատակն էր Իրաքի անկախության նվաճումը:

Ինչպես նշում էր իրաքյան «Ալ-Իստիկլալ» թերթը. «Մենք մերժում ենք մանդատը ոչ թե նրա անվան պատճառով, այլ որովհետև այն անհամատեղելի է անկախության հետ»:

Ապստամբները սկզբնական շրջանում մի շարք փայլուն հաղթանակներ տարան անգլիական ռազմական ուժերի նկատմամբ: Նրանք իրենց վերահսկողությունը սահմանեցին Ռումայսա, Աբու Սուխեյր, Քիֆլ, Հինդիյա, Քուֆա քաղաքների և նրանց շրջակա բոլոր տարածքների վրա: Դրան հաջորդեցին ապստամբների հաջողությունները Նաջաֆում և Քերբալայում: Ազատագրելով Նաջաֆն անգլիացիներից՝ ապստամբները ստեղծեցին կառավարման տեղական մարմիններ, նույնպիսի մարմիններ ստեղծվեցին նաև Քերբալայում: Բաղդադում տեղի էին ունենում ցույցեր, ելույթներ: Անգլիացիները կարողացան ձերբակալել նախապատրաստվող ապստամբության մի շարք ղեկավարների՝ դրանով ծանր հարված հասցնելով ընդդիմադիր ուժերին:

Ապստամբությունը տարածվեց նաև հյուսիսային շրջաններում, ապստամբներին միացան մի քանի քրդական ցեղեր: 1920 թ. օգոստոսի վերջերին ապստամբներին հաջողվեց վերահսկողություն սահմանել Իրաքի տարածքի մեծ մասի վրա՝ բացառությամբ Մոսուլի վիլայեթի և Բաղդադ ու Բասրա քաղաքների:

Ապստամբությունը ճնշելու համար Անգլիան լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկեց Իրաք, որոնց թիվը հասավ 150 հազարի, իր գործողություններն ակտիվացրեց նաև անգլիական ավիացիան: Այս նախապատրաստական քայլերից հետո անգլիացիներն անցան հարձակման, և նրանց հաջողվեց օգոստոսի վերջերից մինչև նոյեմբերի վերջերը մեկը մյուսի հետևից ճնշել ապստամբության օջախները: Ապստամբությունը պարտվեց: Այնուամենայնիվ այն կարևոր ուղենիշ է Իրաքի ազգային- ազատագրական պայքարի մեջ: Անգլիացիները հարկադրված էին զիջումների դիմել, ինչն արտահայտվեց Իրաքում ժամանակավոր ազգային կառավարության, այնուհետև՝ Իրաքի թագավորության ստեղծմամբ: Առանց 1920 թ. համազգային ապստամբության Անգլիան չէր գնա նման շոշափելի զիջումների:

Անգլիական տիրապետության երեքամյա փորձը և հակաիմպերիալիստական պայքարը ցույց տվեցին, որ անհնար է խաղաղեցնել Իրաքը միմիայն ռազմական միջոցներով և ճնշումներով: Անհրաժեշտ էր գտնել կառավարման ավելի ճկուն և քողարկված ձևեր: Այսպես ծնվեց Իրաքում ազգային ժամանակավոր կառավարություն ստեղծելու գաղափարը:

1921 թ. մարտին Կահիրեում համաժողով գումարվեց Անգլիայի գաղութների նախարար Ուինսթոն Չերչիլի գլխավորությամբ, որտեղ քննարկվեց նաև Իրաքի ապագա կարգավիճակը: Համաժողովում ընդունվեց որոշում այն մասին, որ Իրաքը պետք է լինի միապետություն անգլիական տիրապետության ներքո, և որպես թագավոր առաջարկվեց Հիջազի շերիֆ Հուսեյն իբն Ալիի 3-րդ որդու՝ Ֆեյսալի թեկնածությունը: 1921 թ. օգոստոսի 23-ին տեղի ունեցավ նրա թագադրումը, և Իրաքում հաստատվեց Հաշիմիների դինաստիան:

Թագավորը, որն ընդունեց Ֆեյսալ I տիտղոսը, ձևականորեն դարձավ պետության ղեկավար, բայց իրական ամբողջ իշխանությունը մնաց անգլիական գլխավոր կոմիսարի ձեռքում, քանի որ մանդատով նրան տրված բոլոր իրավասությունները պահպանվեցին: Այդ պատճառով էլ ազգային-ազատագրական պայքարը՝ հանուն մանդատի վերացման և Իրաքի լրիվ ու իրական անկախության, շարունակվեց և ընդունեց սպառնալի չափեր: Կրկին լուրջ հուզումներ տեղի ունեցան Նաջաֆում, Քերբալայում, Հիլում: Այս համընդհանուր տրամադրությունների և հակաբրիտանական ելույթները որոշ չափով ազդեցին նաև Ֆեյսալի դիրքորոշման վրա:

Իրաքի թագավորը հայտարարեց, որ ինքն Իրաքի լրիվ անկախության կողմնակից է: Բրիտանական իշխանությունները Ֆեյսալ I-ի վրա ուժեղ ճնշումներ գործադրեցին՝ սպառնալով, որ կարող է զրկվել իր գահից: Ստեղծված պայմաններում Իրաքի կառավարությունը հրաժարական տվեց, դրանից հետո Ֆեյսալը «պատահականորեն» հիվանդացավ: Օգտվելով այդ առիթից՝ բրիտանական գլխավոր կոմիսար Պերսի Կոքսն իշխանությունն ամբողջովին իր ձեռքում կենտրոնացրեց: Նա արգելեց քաղաքական կազմակերպությունների գործունեությունը, փակեց թերթերը, ձերբակալեց ազգային մի շարք ղեկավարների, իսկ այն շրջանները, որտեղ տեղի էին ունենում ելույթներ, ռմբակոծման ենթարկվեցին:

Վերականգնելով կարգուկանոնը՝ Կոքսն իշխանությունը վերադարձրեց Ֆեյսալին: 1924 թ. էլ Ազգերի լիգայի խորհուրդը հաստատեց անգլո-իրաքյան պայմանագիրը, որով փաստորեն Իրաքում անգլիական մանդատը հաստատվեց յուրահատուկ՝ երկկողմանի պայմանագրի ձևով, որի շրջանակում գոյության իրավունք էր ստանում Իրաքի թագավորությունը:

Անգլո-իրաքյան պայմանագրի վավերացումից հետո Անգլիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ Իրաքի սահմանադրութան նախապատրաստմանն ու ընդունմանը: Սահմանադրության նախագիծը պատրաստեցին անգիական պաշտոնյաները՝ առանց իրաքցիների մասնակցության: Սահմանադրության հիմքում դրվեց անգլո-իրաքյան պայմանագրին չհակազդելու սկզբունքը: 1925 թ. այն ստորագրեց Ֆեյսալը:

Անգլիան ջանքեր գործադրեց նաև Իրաքի պետական սահմանները ճշգրտելու ուղղությամբ: Որոշվեցին Իրաքի սահմանները Սաուդյան Արաբիայի և Իրանի հետ: Ավելի դժվար ստացվեց սահմանի ճշգրտումը Թուրքիայի հետ՝ կապված Մոսուլի վիլայեթի հետ: Թուրքիան ինքն էր հավակնում այդ նահանգին, բայց Անգլիան ձգտում էր նավթով հարուստ շրջանը մտցնել իր ենթամանդատային տարածք հանդիսացող Իրաքի կազմի մեջ: Երկարատև քաղաքական խուսավարումից հետո Անգլիային հաջողվեց ձեռք բերել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համաձայնությունն այդ հարցում:

1926 թ. հունիսի 5-ին Անկարայում ստորագրվեց պայմանագիր Թուրքիայի և Անգլիայի միջև: Այսպիսով՝ նախկին Միջագետքի տարածքի վրա Բասրայի, Բաղդադի և Մոսուլի վիլայեթների միավորման հիմքի վրա կազմավորվեց Իրաք պետությունը:

1930 թ. մարտի 23-ին Անգլիայի և իրաքյան հետադիմության ջանքերով Իրաքի վարչապետ նշանակվեց Նուրի Սաիդը, որը հայտնի էր որպես բրիտանական իմպերիալիզմի հլու կամակատար: Հունիսի 30-ին էլ Լոնդոնում Անգլիայի և Իրաքի միջև ստորագրվեց «Պայմանագիր բարեկամության և դաշինքի մասին»: Այն չեղյալ էր հայտարարում Ազգերի լիգայի կողմից Անգլիային տրված մանդատն Իրաքը կառավարելու վերաբերյալ և ձևականորեն Իրաքը հռչակում էր որպես անկախ պետություն: Սակայն պայմանագիրը պարունակում էր մի շարք կետեր, որոնք խիստ սահմանափակում էին Իրաքի անկախությունը և ապահովում Անգլիայի տիրապետությունը երկրում:

Անգլիան իրավունք ուներ Իրաքում պահելու իր զորքերը, Իրաքն Անգլիային տրամադրում էր երկու ռազմաօդային բազա: Իր բանակը վարժեցնելու համար Իրաքը պարտավորվում էր հրավիրել միայն անգլիական զինվորական սպաների, բանակը զինել միայն անգլիական զենքով: Իրաքի ժողովրդական զանգվածները, մտավորականությունը, ազգային բուրժուազիան հանդես եկան պայմանագրի դեմ:

Թագավորական հրովարտակով ցրվեց հին պառլամենտը, և նշանակվեցին նոր ընտրություններ: Վերջիններս սակայն անց էին կացվում ազատության բացակայության և ոստիկանակական ահաբեկչության պայմաններում: Այդ պատճառով իրաքյան մի շարք հայրենասիրական ուժեր բոյկոտ հայտարարեցին ընտրություններին: Ընտրությունների նկատմամբ մերժողական դիրք գրավեցին նաև քրդերը: Սակայն Նուրիին հաջողվեց ընտրել իրեն ձեռնտու պառլամենտ, որը 1930 թ. նոյեմբերին վավերացրեց պայմանագիրը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն