Քաղաքական զարգացումները Սիրիայում 1940-50-ական թթ.

Քաղաքական զարգացումները Սիրիայում 1940-50-ական թթ.

Քաղաքական զարգացումները Սիրիայում 1940-50-ական թթ.

Անկախ Սիրիայի զարգացումն ընթացավ բավականին բարդ ու հակասական պայմաններում, որոնք շատ հաճախ երկիրը կանգնեցնում էին լուրջ ճգնաժամի առջև։ Այդ շրջանին, զարգացման դրական միտումներից բացի, բնորոշ էին քաղաքական վայրիվերումները, ներքաղաքական պայքարի սրումը, սոցիալ-տնտեսական անհետաձգելի լուծում պահանջող խնդիրների ծագումը, օտարերկրյա ուժերի ազդեցությունը Սիրիայի պետական, սոցիալական, ներքին ու արտաքին քաղաքականության վրա։

Անկախության նվաճումից հետո առաջին շրջանում Սիրիայում ընդհանուր առմամբ նկատելի էր դեմոկրատական շարժման վերելքը, և զգալի քայլեր կատարվեցին հատկապես աշխատավորների տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում իրենց գործունեությունն ակտիվացրին քաղաքական կուսակցությունները։ Այնուհանդերձ, կառավարության ներքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ տեղի չունեցան, և երկրում գործում էին պառլամենտական կյանքի նորմերը։ 1948 թ. երկրում տեղի ունեցան նախագահի ընտրություններ, և Շուքրի Քուալթին ընտրվեց Սիրիայի նախագահ։

Դժվար է ասել, թե ինչպես կզարգանային հետագա դեպքերը, եթե չլիներ 1948 թ. արաբա-իսրայելական պատերազմը, որին մասնակցեց նաև Սիրիան։ Սիրիայի մասնակցությունը և պարտությունը արաբա-իսրայելական պատերազմում խիստ բացասական հետևանքներ ունեցան Սիրիայի ներքաղաքական վիճակի վրա։ Այն նաև ծանր հետևանքներ ունեցավ Սիրիայի քաղաքական ու տնտեսական դրության վրա։ Պատերազմի ժամանակ Սիրիայում մտցվեց ռազմական դրություն, որից օգտվելով՝ իշխանությունները զգալիորեն սահմանափակեցին դեմոկրատական ազատությունները և ուժեղացրին հսկողությունը հասարակական ու քաղաքական կյանքի վրա։ Իսկ արաբական բանակի պարտությունն իր հերթին առաջացրեց սիրիացիների խոր զայրույթը, որոնք դժգոհ էին երկրի ղեկավարության քաղաքականությունից։ Երկրում սկսվեցին բողոքի ցույցեր՝ ուղղված Սիրիայի նախագահի, կառավարության և կառավարող ամբողջ վերնախավի դեմ։

Ստեղծված անկայուն իրավիճակից օգտվեցին զինվորականները։ 1949 թ. մարտի 30-ին գնդապետ Հուսնի Զաիմը պետական հեղաշրջում կատարեց, ինչից հետո Սիրիայի քաղաքական կյանքում ուժեղացավ բանակի դերը։ Նոր իշխանության հրամանով իրենց պաշտոններից ազատվեցին և ձերբակալվեցին երկրի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, ցրվեց պառլամենտը, արգելվեցին քաղաքական կուսակցությունները, ցույցերը, մտցվեց ռազմական գրաքննություն։

Հուսնի Զաիմը, որը ժամանակին ծառայել էր թուրքական բանակում, այնուհետև ծառայության անցել ֆրանսիական մանդատային իշխանության կողմից Սիրիայում ստեղծված Հատուկ զորամասում, շատ մոտ հարաբերությունների մեջ էր Դամասկոսում ամերիկյան դեսպանության հետ։ Նրա արտաքին քաղաքականությունը բացահայտ ամերիկամետ էր։ Միաժամանակ նա սկսեց վարել Արևմտյան Գերմանիայի հետ մերձեցման և Ֆրանսիայի հետ կապերն ամրապնդելու քաղաքականություն։ Հուսնի Զաիմը սիրիացիների համակրանքը շահելու համար զանազան խոստումներ տվեց, մասնավորապես՝ իրականացնել բարենորոգումներ, սահմանափակել խոշոր հողատիրությունը, պաշտպանել աշխատավորների շահերը և այլն։

1949 թ. օգոստոսին Սիրիայում տեղի ունեցավ 2-րդ զինվորական հեղաշրջումը, որն իրագործեցին անգլիամետ սպաները՝ գնդապետ Սամի Հինաուիի գլխավորությամբ, իսկ Հուսնի Զաիմը ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց։ Սամի Հինաուիի առաջին քայլերից եղավ չեղյալ համարել ամերիկյան նավթային ընկերության հետ Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով նավթամուղ կառուցելու վերաբերյալ իր նախորդի կնքած պայմանագիրը, ինչպես նաև սիրիական դրամ հատելու վերաբերյալ Ֆրանսիայի հետ կնքված համաձայնագիրը։ Ձգտելով իր իշխանությանը տալ օրինական բնույթ և ամրապնդել իր դիրքերը՝ Սամի Հինաուին թույլատրեց անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ հաղթանակեց Ժողովրդական կուսակցությունը։ Այդ կուսակցության նախագահ Հաշիմ ալ-Աթասին ընտրվեց Սիրիայի նախագահ։

Սիրիայի նոր կառավարությունը հանդես եկավ ի պաշտպանություն «Մեծ Սիրիա» ծրագրի, որով նախատեսվում էր Սիրիան, Հորդանանը, Լիբանանը և Պաղեստինը միավորել մեկ պետության մեջ, որին այնուհետև միանալու էր Իրաքը։ Սակայն այս ծրագիրը չհասցրեց իրականություն դառնալ, քանի որ 1949 թ. Սիրիայում տեղի ունեցավ 3-րդ ռազմական հեղափոխությունը, որն իրականացրեց Ադիբ Շիշակլին, որն անմիջապես վերացրեց այն արգելքները, որ իր նախորդը դրել էր ամերիկյան ու ֆրանսիական մոնոպոլիստական ընկերությունների առջև։ Ներքին քաղաքականության հարցում նոր ղեկավարն ավելի զգույշ քաղաքականություն էր վարում։ Նա միանգամից բացահայտ բռնապետություն չհաստատեց։

1950 թ. սեպտեմբերի 5-ին ընդունվեց նոր սահմանադրություն, որտեղ արձանագրված էր, որ աշխատավորներն ունեն աշխատանքի, սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության իրավունք։ Իր դիրքերն ամրապնդելով՝ Ադիբ Շիշակլին 1951 թ. կատարեց 4-րդ հեղաշրջումը՝ նախագահին հեռացնելով իր պաշտոնից, կրկին հաստատելով ռազմական բռնապետություն։ Սակայն Սիրիայի աշխատավորները և դեմոկրատական ուժերը ներքաղաքական անկայուն, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում շարունակում էին պայքարը երկրի քաղաքական անկախության ամրապնդման համար։ Երկրի տարբեր հատվածներում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր և գործադուլներ։ Դրանցից առավել աչքի ընկնողը Հալեպի 1952 թ. համընդհանուր գործադուլն էր և զանգվածային ցույցը, որը ճնշելու համար Շիշակլին ցուցարարների դեմ ուղարկեց 4 հազար զինվոր։ Սակայն ցույցերն ընդդեմ Շիշակլիի բռնապետության շարունակվում էին։ Փորձելով ինչ-որ կերպով իրավիճակը հանդարտեցնել՝ 1953 թ. գործողության մեջ դրվեց նոր սահմանադրություն, անցկացվեցին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, սակայն այդ ամենն այնքան ձևական բնույթ էր կրում, որ չկարողացավ վերացնել ռազմական բռնապետության գլխին կախված վտանգը։

1953 թ. վերջին նրա դեմ դուրս եկավ Ջաբալ Դրուզի բնակչությունը, իսկ 1954 թ. նրա դեմ ապստամբեցին Հալեպում, որի արդյունքում Շիշակլիի ռեժիմը փլուզվեց, իսկ նա ստիպված փախուստի դիմեց։ 1954 թ. խորհրդարանի նախագահ Մամուն Կուզբարին ընտրվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ, սակայն կարճ ժամանակ անց դժգոհությունների պատճառով հրաժարական տվեց։ Փետրվարի 28-ին Հաշիմ ալ-Աթասին վերականգնվեց Սիրիայի նախագահի պաշտոնում, դրանով իսկ ավարտվեց 5-րդ պետական հեղաշրջումը Սիրիայում։ Ի տարբերություն նախորդների՝ այն առաջադիմական բնույթ էր կրում և հաղթանակով պսակվեց ժողովրդի շնորհիվ։

1954 թ. անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ հաղթեցին Սիրիայի անկախության պահպանման և արևմտյան ռազմական բլոկներին չմիանալու կողմնակից թեկնածուները։ Նոր կառավարությունը սկսեց վարել երկրի ինքնիշխանության և հանրապետական կարգի ամրապնդման կուրս։ 1955 թ. Սիրիայի նոր նախագահ ընտրվեց Շուքրի Քուաթլին։ Նոր կառավարության առաջին քայլերից մեկը եղավ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրերի ստորագրումը։ Դրանց կնքումն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ արևմտյան պետությունները ճնշում էին գործադրում Սիրիայի վրա՝ պահանջելով միանալ թուրք-իրաքյան պայմանագրին, որը հետագայում վերածվեց Բաղդադի պակտի։

Անկախության շրջանում՝ հատկապես զինվորական բռնապետությունների վերացումից և կառավարման խորհրդարանական ձևին վերադառնալուց հետո, սիրիական կառավարությունը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել երկրի տնտեսական զարգացման հարցերին։ Կառավարությունը ձգտում էր նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արդյունաբերության զարգացման համար։ Սիրիան ձեռնամուխ եղավ օտարերկրյա կապիտալին պատկանող ձեռնարկությունների ազգայնացմանը։ Սիրիայի տնտեսական հետամնացությունը հաղթահարելու ծրագրերը կառավարությունը զգալիորեն կապում էր ֆինանսական ներքին կուտակումների, արաբական երկրներից ստացվող տարատեսակ օգնության հետ։

1956 թ. վերջերին և 1957 թ. սկզբներին ուժեղացավ արևմտյան տերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի, և նրա հրահրանքով գործող Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի վրա, որը բացահայտ սպառնալիքի բնույթ էր կրում։ 1957 թ. ԱՄՆ-ն հրապարակեց Էյզենհաուերի դոկտրինան, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը միակողմանի իրեն իրավունք էր վերապահում միջազգային կոմունիզմի սպառնալիքի դեմ պայքարելու պատրվակով միջամտելու Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների ներքին գործերին։

Սիրիան և արաբական երկրների մեծամասնությունը մերժեցին դա, իսկ ԱՄՆ-ն ի պատասխան անցավ Սիրիայում հակակառավարական դավադրություններ կազմակերպելու քաղաքականությանը։ 1957 թ. օգոստոսից ամերիկյան դեսպանատունը Դամասկոսում սկսեց աստիճանաբար զարգացնել հակակառավարական դավադրություն։ Այս ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ը բազմիցս հանդես եկավ մի շարք հայտարարություններով՝ պնդելով, որ ամեն կերպ կաջակցի Սիրիային։ Սիրիային աջակցելու նպատակով ԽՍՀՄ-ը 1957 թ. հոկտեմբերին տնտեսական և տեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրեց Սիրիայի հետ, որի նպատակն էր միջոցառումներ ձեռնարկել վերջինիս տնտեսության զարգացման համար։

Սիրիայի նկատմամբ սպառնալիքը ստիպեց նրան միանալ Եգիպտոսի հետ։ 1958 թ. փետրվարի 1-ին կողմերի միջև ստորագրվեց պայմանագիր, ըստ որի՝ ձևավորվում էր Միացյալ Արաբական Հանրապետություն (ՄԱՀ), իսկ մարտի 8-ին դրան միացավ Եմենը։ Այսպիսով ստեղծվեց մի դաշնություն, որի անդամները պետք է համատեղ գործեին արտաքին քաղաքականության և պաշտպանության բնագավառում (այն գոյություն ունեցավ մինչև 1971 թ.)։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն