Կիլիկիայի հայկական թագավորության վախճանը մամլուքների կողմից
Կիլիկիայում հայկական պետությունը կազմավորվել է 1080 թ. Ռուբեն իշխանի կողմից, որը Բագրատունի վերջին թագավոր Գագիկ 2-րդի մերձավորներից էր: Սկզբում դա իշխանապետություն էր, իսկ 1198 թ. վերածվեց թագավորության, որի առաջին թագակիրը դարձավ Լևոն 1-ին Ռուբինյանը:
Կիլիկիայի հայկական պետությունը գոյություն է ունեցել նրա համար շատ բարդ միջազգային իրադրության պայմաններում՝ շրջապատված տարբեր պետություններով, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր տիրանալ Կիլիկիային: Այդ թվում էին նաև Բյուզանդական կայսրությունը, Ռումի կամ Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, Հռոմի պապը, որը գործում էր կաթոլիկ եկեղեցուն միանալու կողմնակիցների՝ ունիթորականների միջոցով, ապա նաև մոնղոլները և եգիպտական մամլուքները: Հայ թագավորները ստիպված էին մեծ խիզախություն և դիվանագիտական բարձր հմտություն ցուցաբերել հայկական պետական նավի համար անվտանգ նավարկություն ապահովելու համար:
Կիլիկիայի հայկական պետությանը մեծ վտանգ էին ներկայացնում Բահրի մամլուքները, մանավանդ այն բանից հետո, երբ նրանց սուլթաններն իրենց գլխավոր խնդիրներից մեկը համարեցին խաչակիրներին վերջնականապես դուրս մղելը և նրանց տիրապետության տակ գտնվող մուսուլմանական տարածքներն ազատագրելը:
Այդ հիմնախնդիրը հաջողությամբ լուծելուց հետո, երբ նրանք գրավեցին Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները, Անտիոքի իշխանապետությունը, Երուսաղեմի թագավորությունը, միջերկրածովյան առափնյա բոլոր մեծ ու փոքր քաղաքները, ամրոցները և բնակավայրերը, ինչպես Բեյրութը, Սայդան, Տյուրոսը, Ակրը և այլն, նրանց անմիջական հարևանությամբ մնաց քրիստոնեական մեկ պետություն՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը: Խնդիրը բարդանում էր նաև նրանով, որ մամլուքների աչքում հայկական պետությունը ներկայանում էր որպես մի պետություն, որը ժամանակին օժանդակել էր խաչակիրներին մուսուլմանների դեմ ուղղված արշավանքների ժամանակ:
Մերձավոր ու Միջին Արևելքում մոնղոլների հայտնվելուց հետո Կիլիկիայի հայ թագավորներին հաջողվել էր կարգավորել իրենց հարաբերությունները նրանց հետ և կանխել ահարկու մոնղոլների ներխուժումը Կիլիկիա: Այդ հարկադրյալ դաշնակցության պայմաններում հայ զորաբանակը 1299-1303 թթ. մասնակցել էր մամլուքների դեմ ուղղված մոնղոլների արշավանքներին:
Ահա այս պատճառներն էին ընկած հայ-մամլուքյան հարաբերությունների լարվածության հիմքում, և եգիպտական մամլուքներին երբեմն հաջողվում էր ներխուժել Կիլիկիա ու ավերածություններ գործել:
Սակայն հայ գահակալները գիտակցում էին Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղ գոյակցելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկում:
Դրանում շահագրգռված էին նաև Եգիպտոսի մամլուքները, որովհետև նրանց վիճակը նույնպես ծանր էր, նրանք շատ հաճախ էին հայտնվում անելանելի դրության մեջ: Պատմական որոշակի ժամանակահատվածներում հայերի և մամլուքների շահերը խաղաղության հարցում համընկնում էին, և նրանք միմյանց ընդառաջ էին գնում:
Այդ տեսակետից բարձր գնահատականի են արժանի Եգիպտոսի Բահրիական իններորդ սուլթան Ալ-Նասիրիի և հայոց գահի խնամակալ, իշխան Օշին Պայլի գործադրած ջանքերը, որի արդյունքում Եգիպտոսի և Կիլիկիայի հայոց թագավորության միջև 1323 թ. կնքվեց հաշտության և համագործակցության պայմանագիր: Այդ պայմանագրով երկու պետությունների միջև հաստատվում էր խաղաղություն: Հայոց պետությունը պարտավորվում էր Եգիպտոսին տարեկան վճարել 120.000 դիրհամ հարկ: Եգիպտական սուլթանը պարտավորվում էր վերականգնել մամլուք զորքերի կողմից ավերված բոլոր հայկական քաղաքներն ու ամրոցները: Պայմանագիրը պարունակում էր մի կարևոր կետ ևս, որը վերաբերում էր եվրոպական երկրների հետ հարաբերություններին: Նրանում արձանագրված էր, որ եվրոպական պետությունների հետ Կիլիկյան Հայաստանի ամեն մի բանակցություն կդիտվի որպես եգիպտա-հայկական պայմանագրի խախտում և Եգիպտոսի դեմ ուղղված թշնամական գործողություն:
Հայ-եգիպտական պայմանագիրը որոշ ժամանակ խաղաղություն բերեց Կիլիկիային և նպաստեց դրա ապահովմանը: Այն միաժամանակ անհանգստացրեց Հռոմի պապին և նրա կողմնակիցներին Հայաստանի ներսում, որոնց շահերին հակասում էր հայ-եգիպտական հարաբերությունների կարգավորումը: Հռոմի պապը ծրագրում էր նոր խաչակրաց արշավանքի կազմակերպում՝ ցանկանալով ներգրավել նաև հայերին: Սակայն Կիլիկյան Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ էր խաչակրաց պատերազմներին մասնակցելուն և ցանկանում էր հաշտ ապրել իր մուսուլման հարևանների հետ:
Հռոմի պապը և նրա համակիրները դավադրություն կազմակերպեցին Օշին Պայլի և Եգիպտոսի հետ համագործակցության կողմնակիցների դեմ: Դավադրությունը ժամանակին բացահայտվեց, և նրա կատարողները մահապատժի ենթարկվեցին: Բայց հետագայում այդ ուժերին հաջողվեց ի վերջո սպանել Օշին Պայլին: Նույն ճակատագրին արժանացավ նաև հայոց թագավոր Լևոն 4-րդն այն բանից հետո, երբ նա, հրաժարվելով եվրոպամետ կողմնորոշումից, սկսեց վարել Եգիպտոսի հետ մերձեցման քաղաքականություն և Եգիպտոսի հետ գաղտնի պայմանագիր կնքեց:
Հարաբերությունները Եգիպտոսի և Կիլիկյան Հայաստանի միջև կրկին սրվեցին: Մամլուքները ներխուժեցին Կիլիկիա, գրավեցին Դաշտային Կիլիկիան, այնուհետև 1375 թ. համառ դիմադրությունից հետո գրավեցին մայրաքաղաք Սիսը:
Ավելացնել նոր մեկնաբանություն