Կրոնական գործոնը ռազմական հակամարտություններում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության օրինակով

Կրոնական գործոնը ռազմական հակամարտություններում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության օրինակով

Ժամանակակից աշխարհում կրոնական հակամարտությունների հիմնախնդիրը շարունակում է մնալ արդիական, քանի որ հակամարտությունները շարունակում են պահպանվել՝ իրենց գոյությամբ առնչվելով բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների։ Միևնույն ժամանակ կրոնական հակամարտությունների կարգավորումը և դրանց վերջնական լուծումը չափազանց բարդ և ժամանակատար գործընթաց են։

Նախևառաջ սահմանենք, որ կրոնական հակամարտություններն անձանց կամ հանրային խմբերի միջև բախումներն են կամ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում կրոնական տարբերությունների հիման վրա՝ ներառելով ուսմունքային տարբերությունները, գործունեությունը, կրոնական կազմակերպությունների կառուցվածքային կանոնները: Կրոնական հակամարտությունները կարող են ունենալ բազմաթիվ դրսևորումներ։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ պարտադիր չէ՝ դրանք ծավալվեն տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև. կրոնական հակամարտությունները շատ հաճախ կարող են առաջանալ նույն կրոնի տարբեր ուղղությունների ներկայացուցիչների միջև։

Ռուս տեսաբան Ա. Կորաբելնիկովը կրոնական պատերազմը սահմանում է որպես հասարակական-քաղաքական երևույթ, որը կապված է մի կրոնի կողմից հանուն կրոնական նվաճման նպատակի իրագործման ռազմական բռնության իրականացման հետ: Նրա կարծիքով՝ կարելի է տարբերակել կրոնական պատերազմների հետևյալ հատկորոշիչները՝ զինվորականների կրոնածիսական թիրախավորում, սրբազան նշանների կամ ազդակների կիրառում, կրոնական պատկերների անմիջական ներառում պատերազմում, հակամարտող կողմերի տարբեր կրոնական խմբերի պատկանելիություն, հակամարտող պետությունների բնակչության կամ էթնիկ խմբերի բոլոր խավերի ներգրավում ռազմական գործողություններում, կրոնական պատերազմներ վարող զորքերի հրամանատարության ստանձնում կրոնական առաջնորդների կողմից, կրոնական նկատառումներից կամ նպատակներից ելնելով՝ բացառապես նույն կրոնի կամ կրոնական ուղղության, դավանանքի պատկանող անձանց մասնակցություն, կամ պաշտպանություն այլ կրոնի կամ կրոնական ուղղությունից։

Ներկայումս գոյություն չունի կրոնական պատերազմի դասակարգման որևէ համակարգ, քանի որ նման դասակարգում կազմելու համար պետք է հաշվի առնել չափազանց շատ գործոններ, ինչպիսիք են ազգային-էթնիկականը, քաղաքականը, կրոնականը, սահմանայինը և այլն։ Բացի դրանից՝ անգամ նման գործոնները հաշվի առնելու պարագայում սուբյեկտիվիզմի գործոնը չափազանց մեծ է ստացվում, ինչի հետևանքով դասակարգումը դառնում է ոչ լիարժեք և խոցելի։

Ի վերջո կրոնական պատերազմների պատճառները կրոնական նպատակներն ու դրանց իրականացումն են: Ժամանակակից ոչ մի հակամարտություն իր մեջ չունի զուտ կրոնական կամ ներկրոնական առճակատում՝ իր բացարձակ իմաստով։ Հետևաբար կարող ենք փաստել, որ կրոնական պատերազմներն իրենց դասական իմաստով ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունեն, մինչդեռ քաղաքական բաղադրիչը ժամանակակից պատերազմներում ավելի ու ավելի է մեծանում՝ երբեմն ակնհայտ կերպով վերածվելով ահաբեկչության:

Իր բուն իմաստով կրոնական հակամարտության հետ աղերս անգամ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն պարբերաբար, հատկապես Ադրբեջանի իշխանությունների կողմից, շահարկումներ են լինում, որ հակամարտությունն ունի կրոնական բնույթ։ Այս համատեքստում նկատենք, որ Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո ամենատարբեր հարթակներում հայտարարություններ են հնչեցնում առ այն, որ Հայաստանն իրականում պատերազմ է մղել (նախկինում նաև հաղթել) իսլամական աշխարհի դեմ։

Ալիևը նման հայտարարություններով պարբերաբար փորձում է Հայաստանի դեմ պայքարում իսլամադավան երկրների դաշինք ձևավորել, ինչպես նաև խոչընդոտել իսլամական պետությունների և Հայաստանի միջև համագործակցության որևէ նախաձեռնություն։

Ադրբեջանի նախագահն իր այս դրույթը փորձում է հիմնավորել այն կեղծ փաստարկով, թե իբր նախքան Արցախյան առաջին պատերազմն Արցախում գործել է 67 մզկիթ, և հայկական կողմն ավերել է դրանցից 65-ը։ Ալիևը միևնույն ժամանակ փորձում է այս դրույթն առաջ մղել հոգեբանական ազդեցություն գործելու տարբերակով՝ նշելով, որ Հայաստանը մզկիթների նկատմամբ չունի հանդուրժողականություն և անգամ դրանցում խոզեր է պահել։ Ալիևի կողմից անգամ խոզերի ընտրությունը պատահական չէ, քանի որ խոզը վիրավորանք է յուրաքանչյուր մուսուլմանի համար։
Ալիևը հայկական այսպես կոչված անհանդուրժողականության մասին խոսելիս միտումնավոր չի հիշատակում այն փաստը, որ Արցախի մշակութային կենտրոն համարվող Շուշի քաղաքում 2019 թվականին վերականգնվել է Գոհար տիկնոջ իրանական Վերին մզկիթը, որն Ալիևը համարում է ադրբեջանական, և որտեղ վերջինս բազմիցս այցելել է Շուշի քաղաքի օկուպացումից հետո։ Բաքվի բռնապետը միևնույն ժամանակ երբեք չի խոսում Երևանի իրանական Կապույտ մզկիթի պահպանման մասին, որը նույնպես հարևան պետությունը համարում է ադրբեջանական։

Սակայն կրոնական անհանդուրժողականության առաջամարտիկ, առանց որևէ չափազանցության, կարելի է համարել Ադրբեջանին։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, նույն օրվա մեջ երկու անգամ ադրբեջանական ուժերը հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ավելի ուշ՝ Շուշիի իրանական մզկիթը։ Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիները ոչնչացրել են Շուշիի Կանաչ ժամ, Մեխակվանի Սուրբ Աստվածածին, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցիները, բազմաթիվ խաչքարեր և կրոնական այլ կառույցներ։ Բացի դրանից՝ բազմաթիվ են դեպքերը, երբ ադրբեջանցի զինծառայողներն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում պղծել են հայկական եկեղեցիները, անարգել ու ոչնչացրել այնտեղ առկա սրբապատկերները և այլն։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը կրոնական չէ, սակայն այս գործոնը լիովին բացառել անհնար է։ Ադրբեջանն ամեն կերպ փորձել և փորձում է հակամարտությանը կրոնական երանգ հաղորդել, որպեսզի դրանով կարողանա իր շուրջը համախմբել իսլամադավան երկրներին՝ ընդդեմ Հայաստանի։ Այս համատեքստում հայկական կողմը պետք է ահռելի աշխատանք կատարի, որպեսզի միջազգային հանրությունը չառաջնորդվի բացառապես ադրբեջանական քարոզչական դրույթներով, ինչպես նաև կարողանա ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական կրոնական հուշարձանների պահպանումը։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

detq
Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
detq
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ
detq
Իրանի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավերով
fd
Սպիտակ տունը հաստատում է՝ Կիևին թույլատրել են հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին
detq
Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել