Իրանը Ռեզա շահի կառավարման շրջանում. արտաքին քաղաքականությունը

Իրանը Ռեզա շահի կառավարման շրջանում. արտաքին քաղաքականությունը

Իրանը Ռեզա շահի կառավարման շրջանում. արտաքին քաղաքականությունը

20-րդ դարի 20-ական թթ. անջատողական շարժումները ոչնչացնելու ընթացքում Ռեզա խանն աստիճանաբար իր ձեռքում կենտրոնացրեց ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական իշխանությունը։ Իրանի ողջ զինվորական ուժն իրեն ենթարկելու նպատակով նա ձեռնամուխ եղավ միասնական ու կանոնավոր բանակի ստեղծմանը՝ 1922 թ. հրապարակելով հրամանագիր Իրանում բոլոր տեսակի զինվորական միավորումների վերացման և միասնական, կենտրոնացված բանակի ստեղծման մասին։ Ռեզա խանը հետևողականորեն լծվեց երկրի կենտրոնացման քաղաքականության գործին։ Նրա հեղինակությունը երկրում անշեղորեն աճում էր։

1921-1923 թթ. Ռեզա խանը երկրի ռազմական նախարարն էր, իսկ 1923 թ. հոկտեմբերին Ահմեդ շահ Ղաջարը նրան նշանակեց վարչապետ։ Նորաթուխ կառավարության ճնշման ներքո շահը ստիպված էր հեռանալ երկրից՝ մեկնելուց առաջ իր եղբորը նշանակելով ռեգենտ (խնամակալ)։ Սակայն այդ պահից սկսած՝ Ղաջարների դինաստիայի հեղինակությունն աստիճանաբար սկսեց թուլանալ, այն կորցրեց իրական իշխանությունը, որն ամբողջությամբ կենտրոնացել էր Ռեզա խանի ձեռքում։ Վերջինս իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու նպատակով իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք կոչված էին ընդլայնելու նրա տիրապետության սոցիալական հենարանը։

Ռեզա խանը կարևոր նշանակություն էր տալիս երկրի ֆինանսական-տնտեսական վիճակը կայունացնելու գործին։ Ֆինանսները կարգավորելու նպատակով 1922 թ. ԱՄՆ-ից Իրան հրավիրվեց Միլսպոն, որը ֆինանսական խորհրդականի կարգավիճակով պաշտոնավարեց մինչև 1927 թ.։ Ռեզա խանն աշխատում էր նաև ուժեղացնել իր ազդեցությունն Իրանի քաղաքական շրջանակում։ 1923 թ. Իրանում շարժում ծավալվեց, որի նպատակն էր տապալել Ղաջարական դինաստիան ու առհասարակ միապետական վարչակարգը և երկրում ստեղծել հանրապետական վարչակարգ։ Ռեզա խանը որոշեց օգտագործել այդ շարժումը՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար։ Նա սկսեց եռանդուն նախապատրաստություն տեսնել Ղաջարների դինաստիան տապալելու և շահական գահը զավթելու ուղղությամբ։ Ի վերջո, 1925 թ. հոկտեմբերի 31-ին հինգերորդ գումարման մեջլիսի կողմից որոշում ընդունվեց Ղաջարների դինաստիան տապալելու և իշխանությունը Ռեզա խանին հանձնելու մասին։

Հաջորդ օրը գահաժառանգ Մուհամմադ Հասան Միրզային վտարեցին երկրից։ Իր իշխանության ոչ լեգիտիմությունն ինչ-որ ձևով արդարացնելու և հատկապես հոգևորականության աջակցությունը շահելու նպատակով Ռեզա խանը հրապարակեց մի հայտարարություն, որտեղ ասվում էր, որ իր հիմնական խնդիրն է համարում «իսլամական օրենքների իրագործումը և ժողովրդի բարօրությունը»։ Այդ հեռահար քայլը ոգևորությամբ ընդունվեց բարձրագույն հոգևորականության կողմից, և մոջթեհիդների մի ստվար խումբ հրապարակեց ժողովրդին ուղղված մի կոչ՝ հորդորելով ենթարկվել նոր տիրակալին։  

1925 թ. Սահմանադիր ժողովը Ռեզա խանին հռչակեց Իրանի շահ, նա ընդունեց Փահլավի գահակալական անունը, որը խորհրդանշելու էր քաղաքական ժառանգականության գաղափարը։ Այսպիսով Իրանում հաստատվեց կառավարող նոր դինաստիա՝ Փահլավիների դինաստիան։ Ռեզա շահի թագադրման արարողությունը տեղի ունեցավ 1926 թ. ապրիլի 25-ին։

20-ական թթ. Իրանի արտաքին քաղաքականությունն ավելի ինքնուրույն ու ակտիվ դարձավ, որի հիմքում ընկած էր «երրորդ ուժի» դոկտրինը։ Դեռևս 1920 թ. Իրանը դարձել էր Ազգերի լիգայի անդամ։ Ռեզա շահը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց բազմաթիվ պետությունների հետ և դարձավ Ազգերի լիգայի դրոշի ներքո ստորագրված միջազգային մի շարք պայմանագրերի ու համաձայնագրերի մասնակից։ 1928 թ. Իրանը չեղյալ հայտարարեց կապիտուլյացիոն ռեժիմը, ինչը նպաստեց միջազգային դիրքերի ամրապնդմանը և հնարավորություն ընձեռեց վարելու ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ 1928 թ. սկսած՝ օտարերկրյա պետությունները մեկը մյուսի հետևից սկսեցին նոր պայմանագրեր կնքել Իրանի հետ։ Ռեզա շահի կառավարությունը վերակառուցեց նաև Իրանի դիվանագիտական ապարատը՝ նրա գործունեությունն ավելի արդյունավետ ու ժամանակակից դարձնելով։ Ձգտելով երկրում թուլացնել Անգլիայի դիրքերը՝ իրանական կառավարությունը ձեռնպահ էր մնում այդ երկրում արդյունաբերական պատվերներ տեղադրելուց և մասնագետներ վարձելուց՝ գերադասելով նման հարցերով դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային։

20-ական թթ. հատկապես ակնառու դարձավ Իրանի մերձեցումը Գերմանիայի հետ, որն այդ շրջանում արդեն ամբողջապես վերականգնել էր իր մինչպատերազմական դիրքերն իրանական շուկայում։ Միաժամանակ Իրանը ձգտում էր կայունացնել իր միջազգային դիրքերը սահմանակից պետությունների՝ Թուրքիայի, Իրաքի և Աֆղանստանի հետ։ Առավել բարենպաստ հունով էին զարգանում իրանա-թուրքական հարաբերությունները։ 1926 թ. այդ երկրների միջև կնքվեց Բարեկամության և անվտանգության վերաբերյալ պայմանագիր, որը հետագայում համալրվեց մաքսային, տրանսպորտային և փոստային մի շարք համաձայնագրերով։

1930 թ. կողմերը համաձայնության եկան վիճելի սահմանային հարցերի, ինչպես նաև անհնազանդ քրդական ցեղերի դեմ համատեղ գործողություններ իրականացնելու վերաբերյալ և այլն։

1929-1933 թթ. իրանական կառավարությունը մի շարք քայլեր ձեռնարկեց երկրի ֆինանսատնտեսական վիճակը կայունացնելու ուղղությամբ։ Ազգային տարադրամի ամրապնդման նպատակով 1930 թ. մեջլիսն օրենք հաստատեց օտարերկրյա տարադրամի բոլոր գործողությունների նկատմամբ պետական հսկողություն սահմանելու վերաբերյալ։ Երկրի համար կայուն եկամուտներ ապահովելու և զարգացող արդյունաբերությունն օտարերկրյա մրցակցությունից պաշտպանելու կարևորագույն միջոցառումներից էին 1931 թ. ընդունված օրենքներն արտաքին առևտրի պետական մենաշնորհ մտցնելու մասին։

30-ական թթ. այսպես կոչված «երրորդ ուժի» դոկտրինը դարձավ Իրանի արտաքին քաղաքական կոնցեպցիայի անկյունաքարը։ Դրա էությունն այն էր, որ ի դեմս Գերմանիայի՝ իրանական կառավարությունը տեսնում էր մի «երրորդ ուժի», որն ընդունակ էր հակազդելու Մեծ Բրիտանիային և Խորհրդային միությանը։ Առհասարակ, իրանական հասարակությունն ընկալում էր Գերմանիան որպես մի «չեզոք» պետություն, որն Իրանի նկատմամբ գաղութակալական ձգտումներ չունի։ Իրանական կառավարությունը սկսեց Գերմանիայից հրավիրել տարբեր մասնագետներ, խորհրդականներ և այլն։ Գերմանացիներն Իրանում ձեռնամուխ եղան արդյունաբերական շինարարությանը։ Աստիճանաբար Իրան սկսեց ներթափանցել նաև նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությունը։ Զարգացվում էր այն միտքը, որ Գերմանիան կոչված է Իրանն ազատագրելու Անգլիայի և Խորհրդային միության ճնշումից։

1930-ական թթ. որոշ աշխուժություն նկատվեց սահմանակից պետությունների հետ Իրանի հարաբերություններում։ Այսպես՝ 1931 թ. Թեհրանում ստորագրվեց սովետա-իրանական կոնվենցիա առևտրի և ծովագնացության մասին։ 1929 թ. Անկարայում կնքվեցին իրանա-թուրքական կոնվենցիաներ սահմանների անվտանգության մասին, իսկ 1932 թ. ստորագրվեց իրանա-թուրքական համաձայնագիր սահմանների ճշտման վերաբերյալ։ Նշմարվում էր նաև հարաբերությունների բարելավում սահմանակից Իրաքի հետ։ 1929 թ. ապրիլին Իրանը պաշտոնապես ճանաչեց Իրաք պետությունը, իսկ 1930-ական թթ. դրվեց իրանա-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների հիմքը։ Սակայն 2 երկրների հարաբերություններում գոյություն ունեցող մի շարք վիճելի հարցերի պատճառով այդ մերձեցումը կայուն հիմքերի վրա չէր դրվում։

Նշված շրջանում Իրանի հարաբերություններն Աֆղանստանի հետ ընդհանուր առմամբ մնում էին բարեկամական, թեև ժամանակ առ ժամանակ դրանք բարդանում էին։ Դրա պատճառն այն էր, որ Իրանը 1929 թ. հավակնություններ ներկայացրեց Հերաթի նկատմամբ, որն անցյալում՝ պատմական մի որոշ ժամանակահատվածում, պատկանել էր Իրանին։  

Իրանի, Թուրքիայի, Աֆղանստանի և Իրաքի միջև հարաբերությունների բարելավման շնորհիվ նախադրյալներ ստեղծվեցին նշված երկրների տարածաշրջանային քաղաքական մի խմբավորման ստեղծման ուղղությամբ։ 1937 թ. Թեհրանի Սաադաբադյան պալատում Իրանի, Թուրքիայի, Իրաքի և Աֆղանստանի միջև ստորագրվեց մերձավորարևելյան տարածաշրջանային մի դաշինք, որը հայտնի է «Սաադաբադյան պակտ» անունով։ Դաշինք ստորագրող պետությունները հայտարարում էին, որ Ազգերի լիգայի հեղինակության անկման, աշխարհում ռազմական հակամարտությունների բռնկման հավանականություն ունեցող միջազգային իրադրության պայմաններում իրենք ընդհանուր ձգտում ունեն համաշխարհային ասպարեզում ամրապնդելու իրենց դիրքերը և ապահովելու իրենց անվտանգությունը։ Արևմուտքում Սաադաբադյան պակտը համարել են «մերձավորարևելյան իսլամական ռազմական դաշինք», որի մեջ կենտրոնական տեղ էին զբաղեցնում Թուրքիան և Իրանը։

Արտաքին քաղաքական հարաբերություններում և երկրի տնտեսական ու մշակութային կյանքում ձեռք բերված հաջողություններն ուղեկցվում էին ներքին կյանքում բռնատիրական վարչակարգի ուժեղացմամբ։ Գնալով Ռեզա շահի վարչակարգն ավելի անհանդուրժող էր դառնում ամեն տեսակի այլախոհության նկատմամբ։ Ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած բոլոր կազմակերպությունների ու կուսակցությունների նկատմամբ իրականացվում էին հետապնդումներ։ Ռեզա շահը քիչ-քիչ դադարեց ոչ միայն մեջլիսի, այլև մինիստրների կաբինետի հետ հաշվի նստելուց։ Նա աստիճանաբար իրենից հեռացրեց բարեփոխումների իրականացման ջատագով իր նախկին կողմնակիցներին։ Ռազմաոստիկանական դիկտատուրայի ճնշող պայմաններում ազատական ու ժողովրդավարական հայացքներ ունեցող մտավորականության մի մասը հրաժարվեց իր համոզմունքներից և ընդունեց պաշտոնական գաղափարախոսությունը։ Դիկտատուրայի վարչակարգը համարելով անհրաժեշտ ու անխուսափելի՝ նրանք առաջ քաշեցին «ազգայնականություն առանց ազատականության» կարգախոսը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն