Ապրիլյան պատերազմ. յոթ տարի անց
Յոթ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, սկսվեց Ապրիլյան պատերազմը: Ադրբեջանական հրոսակախումբը հանկարծակի հարձակման անցավ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Հատկապես թեժ մարտեր ընթացան հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում, Ադրբեջանը կիրառեց իր ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները։
Ընդունված է համարել, որ կռիվը տևել է ապրիլի 2-5-ը, սակայն իրականում ռազմական գործողությունները շարունակվեցին նաև այդ չորս օրերից հետո, երբ ադրբեջանական հարձակման առաջին և ուժեղ թափը կոտրվել էր հայկական բանակի հերոսական կռվի շնորհիվ։
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի գիշերն ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են իրենց գործողություններն ավելի քան 35 ուղղությամբ: Որոշ խմբերի անմիջապես սկզբից հաջողվել է ներթափանցել ու ամրանալ հայկական ստորաբաժանումների և բնակավայրերի ենթակառուցվածքների մոտ:
Ռազմական գործողությունները սկսվել են գիշերվա ժամը 03:00-ին: Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները տեղեկացրել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերն առաջնագծի հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են Ադրբեջանի զինված ուժերի 1 միավոր ուղղաթիռ:
Հակառակորդը հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Ժամը մոտ 10։00-ին ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել։ 12:30-ի մոտակայքում ՊԲ հակաօդային պաշտպանությունը հարավարևելյան ուղղությամբ խոցել է ևս մեկ միավոր ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ևս երկու միավոր անօդաչու թռչող սարք:
Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինուժը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
Ադրբեջանական կողմն ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմն ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով:
Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում՝ ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։
Այդ օրը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ երկու գյուղապետ:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերն առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Ապրիլի 5-ին Մոսկվայում ՌԴ ԳՇ պետի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի բանակների գլխավոր շտաբների պետերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել:
Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ ժողովրդին տվեց նոր հերոսներ, ցավոք՝ նաև նրանց կյանքերի գնով։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել են 110, վիրավորվել՝ 121 զինծառայող և կամավորական:
Ավելացնել նոր մեկնաբանություն