Ռեզա շահի իրականացրած բարեփոխումները ռազմական և կրթական ոլորտում
Ռեզա շահի իրականացրած դինաստիական հեղաշրջումն Իրանի պետական կարգի մեջ չհանգեցրեց որևէ փոփոխության։ Երկրի քաղաքական իրադրությունն աչքի էր ընկնում ծայրահեղ բարդությամբ։ Պետական-վարչական ապարատում տիրում էին քաոսն ու կոռուպցիան։ Ռեզա շահը, իշխանության գալով, սկսեց վարել երկրում «կարգ ու կանոն» հաստատելու քաղաքականություն, որը ոչ այլ ինչ էր, քան ռազմական դիկտատուրայի ուժեղացում։ Նա «երկաթյա ձեռքով» շարունակեց երկրի կենտրոնացման քաղաքականությունը։
Երկրի կենտրոնացման քաղաքականության իրականացման, ծայրամասային ավատական խաներին կենտրոնական կառավարությանը ենթարկելու ջանքերը բնականաբար պահանջում էին մեծացնել բանակի, ոստիկանության ու ժանդարմերիայի թվաքանակը, ավելացնել արտասահմանում ռազմական տեխնիկայի գնումը և այլն։ Բանակը Փահլավիների դինաստիայի համար «ուժի կենտրոն» էր համարվում։ Ռեզա շահը չէր կարող գահ բարձրանալ ինքնուրույն՝ առանց զինված ուժերի լիակատար աջակցության։ Նոր դինաստիայի հիմնադիր Ռեզա շահի առջև ծառացած հիմնական խնդիրը բանակի կազմակերպումն ու դրա ֆինանսավորումն էր։ Այդ նպատակի իրականացման համար նա պատրաստ էր համագործակցել բրիտանացիների, ամերիկացիների և անգամ իր երդվյալ թշնամիների՝ կոմունիստների հետ։ Ռեզա շահը շատ լավ հասկանում էր, որ բանակն իր հիմնական հենարանն էր հակառակորդների՝ արիստոկրատիայի և հոգևորականության դեմ քաղաքական պայքարում։ Մինչ բազմաթիվ պետական գործեր միապետին շեղում էին ռազմական ոլորտի ամենօրյա ու տոտալ վերահսկողությունից, Ռեզա շահը, ընդհակառակը, կառավարման հենց սկզբում իր ուշադրությունը կենտրոնացրեց զինված ուժերի ամրապնդման վրա՝ բանակում առավելագույն ռեսուրսներ ներդնելով, որպեսզի հետագայում հենց դրա վրա հենվի, ինչպես նաև հենց բանակի օգնությամբ ամրապնդի իր լեգիտիմությունը և լուծի ներքին անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները։
1927 թ. ընդունվեց օրենք համընդհանուր զինապարտության մասին, որի խնդիրն էր ավելացնել բանակի թվաքանակը և բարձրացնել նրա մարտունակությունը։ Այդ օրենքի շնորհիվ արդեն 1928 թ. բանակի թվականը հասավ 60 հազարի։ Պաշտոնական գաղափարախոսությունը քարոզում էր բանակի, նրա առաջնորդի ու հովանավորի՝ Ռեզա շահի պաշտամունքը։ Համընդհանուր ծառայության մասին օրենքի ընդունմամբ, զինված ուժերի կանոնադրության մշակմամբ, նոր միասնական ռազմական համազգեստի ներդրմամբ Իրանի բանակը դարձավ տարածաշրջանում ուժեղագույններից մեկը։
Ի՞նչ դեր էր նախատեսել Փահլավիների դինաստիայի հիմնադիրը զինված ուժերի համար՝ այդքան մեծ ոգևորությամբ ամրապնդելով և հզորացնելով այն։ Բանակի առաջնային գործառույթը երկրի պաշտպանությունն էր արտաքին թշնամիներից և ազգի պաշտպանությունը։ Սակայն Մերձավոր Արևելքում, ինչպես և զարգացող շատ
երկրներում այն մի շարք այլ խնդիրներ էր լուծում։ Ռեզա շահի բռնապետության ժամանակ իրանական զինված ուժերի առջև դրված էին հետևյալ խնդիրները.
· պետության ներսում կառավարչի օրինական լիազորությունների հիմքերի ապահովումը,
· ներքին անվտանգության և կենտրոնախույս ուժերից պաշտպանության ապահովումը,
· երկրում արդիականացման գործիքի մարմնացումը,
· պետության պաշտպանությունն արտաքին թշնամիներից։
1927 թ. սկսած՝ Ռեզա շահի կառավարությունը սկսեց բարեփոխումներ իրականացնել նաև լուսավորության համակարգի բնագավառում։ Մեջլիսն օրենք ընդունեց համընդհանուր տարրական կրթության մասին։ Աստիճանաբար երկրում ձևավորվում էր կրթական միասնական համակարգ տարրական և միջնակարգ ուսումնական հաստատությունների ծրագրերում միատեսակություն մտցնելու ճանապարհով։ Դպրոցական ցանցն արագորեն ընդլայնվում էր, սակայն ուսուցման որակը դեռևս ցածր էր։ 1927 թ. սկսած՝ շարժում սկսվեց ազգային ու կրոնական փոքրամասնություններին պատկանող դպրոցները փակելու ուղղությամբ։ Դպրոցի բարեփոխման քայլերը ևս լուրջ վնաս էին հասցնում հոգևորականության հասարակական դիրքերին։ Մեդրեսեների (կրոնական ուսումնարան) և մաքթաբների (տարրական հոգևոր դպրոց) գործունեությունը դրվեց Լուսավորության նախարարության հսկողության տակ։
1935 թ. հիմնվեց լեզվի և գրականության ակադեմիան, որի հիմնական խնդիրներից մեկը պարսկերենն օտար բառերից մաքրելն էր։
30-ական թթ. շարունակվեցին իրանական կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Հիմնվեցին աշխարհիկ դպրոցներ, այդ թվում՝ ոչ մեծ թվով իգական դպրոցներ։ 1933 թ. հիմնադրվեց Թեհրանի համալսարանը։ Մայրաքաղաքում բացվեց նաև մանկավարժական ինստիտուտ։ 1936 թ. Լուսավորության նախարարությունը սկսեց աջակցել ուսանողներին չափահաս բնակչության շրջանում անգրագիտության վերացման գործում։ 1937 թ. երկրում գործում էր անգրագիտության վերացման 1500 երեկոյան կուրս։ Բացվեցին երկաթուղային, փոստային, ֆինանսական և դատական ծառայողների դասընթացներ։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երկրում գրագիտությունը չէր գերազանցում, սակայն, 10-12%-ը։
Ավելացնել նոր մեկնաբանություն