«Թուրքիան ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քաղաքական դերակատար է»․ Թուրքիայի ԱԳ նախարար
«Այսօր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության 80 տոկոսը տեղական արտադրանք է։ Եթե մենք չհասնեինք այս մակարդակին, եթե Թուրքիան չարտադրեր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), եթե մենք ցույց չտայինք մեր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, հարձակողական զենքերը, ուղղաթիռները, Ադրբեջանի համար դժվար կլիներ ազատագրել (օկուպացնել-խմբ․) Արցախը»,- այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Աֆյոնքարահիսար նահանգի ընտրական համակարգման կենտրոնի բացման արարողության ժամանակ իր ունեցած ելույթում։
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ցույց տվեց Թուրքիայի հզորությունը մարտի դաշտում և ազատագրեց (օկուպացրեց - խմբ․) Արցախը։
Թուրքիայի ներսում որոշ ուժեր ասում են, որ Անկարան օգնել է Ադրբեջանին Արցախյան պատերազմի ժամանակ։ Մ. Չավուշօղլուն նշել է, որ այդ մարդիկ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար կազմում են։
«Թուրքիան արդեն մի պետություն է, որը հանդես է գալիս որպես խաղացող և կանխում է Թուրքիայի դեմ հաշվարկված խաղերը։ Մենք ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քաղաքական դերակատար ենք։ Թուրքիան և թուրք ազգը միշտ եղել են նրանց հետ, ովքեր դժվարությունների մեջ են և օգնության կարիք ունեն»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս փաստերով ապացուցվել է։ Թուրքիան երկար ժամանակ փորձում էր հերքել և դա ներկայացնել որպես անուղղակի աջակցություն։ Չավուշօղլուի այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են Թուրքիայի աջակցության մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն