Հակահետևակային ականներ

Հակահետևակային ականներ

Հակահետևակային ականները նախատեսված են հակառակորդի կենդանի ուժը շարքից դուրս բերելու համար: Ըստ գործողության տեսակի՝ դրանք դասակարգվում են՝ ֆուգասային, բեկորային և գնդակային:

Հակահետևակային ֆուգասային ականը պայթում է կափարիչի կամ իրանի քողարկող շերտի վրա անմիջականորեն ճնշում գործադրելիս: Սովորաբար վնասվում է զինվորի այն ոտնաթաթը, որով տրորել է ականը, իսկ մյուս ոտքը, կախված հեռավորությունից, կարող է և չվնասվել:

Ֆուգասային ականի պայթելը վնասում է մարդու ոտնաթաթը, երբ նա ոտքով սեղմում է ականի կափարիչը, և ատրճանակի (ՏՏ տեսակի) փամփուշտի (7.62 մմ) գնդակը դուրս է գալիս ականի փողից։ Քանի որ մարդու ոտնաթաթն ունի բարդ կառուցվածք՝ մանր և նուրբ շատ ոսկրեր, նրա ցանկացած վնասում համարվում է ծանր:

Հակահետևակային բեկորային ականը (ՀԲԱ-2Մ) ունի չուգունե պատյան, պայթուցիկ նյութ, պայթուցիչ և տեղադրման հարմարանք: Ականի համատարած խոցելիության (շրջանաձև խոցելիության) շառավիղը հասնում է 4 մ-ի, իսկ ցատկող ականի համատարած խոցելիության շառավիղը 25 մ է: Ականը լիցքավորված է հազարավոր գլանակաձև բեկորներով: Ականի պայթյունի բարձրությունը գետնի մակերևույթից 0.6-0.9 մ է: Ականի կառուցվածքը թույլ է տալիս այն տեղադրել տարբեր պայթուցիչներով և կառավարվող տարբերակով:

Հակահետևակային ականների խոցման ազդեցությունը հաճախ լինում է ուղղորդված՝ խոցման հեռավորությունը 50, 90, 100 կամ 200 մետր է:

Հակահետևակային ձգման գործողության բեկորային ականն իր բեկորներով վնասում է մի մարդու կամ մի քանիսին միաժամանակ այն պահին, երբ ոտքով ձգելով լարը՝ դուրս է քաշվում պայթուցիչի մարտական պահանակը (մաս, որն ամրացնում է նռնակի պայթուցիչը՝ վաղօրոք պայթյունը կանխելու համար):

Ականադաշտը տեղանքի հատված է, որտեղ սահմանված կարգով կամ անկանոն տեղադրված են մեկ կամ մի քանի տեսակի ականներ: Ականադաշտը տեղադրվում է տեղանքի սահմանափակ մասերում, ճանապարհների հանգույցներում, ինչպես նաև դիվերսիոն-հետախուզական խմբերի հնարավոր կենտրոնացման հատվածներում կամ նրանց տեղաշարժի հավանական ուղղությամբ:

Հակահետևակային ականադաշտը ստեղծվում է ֆուգասային և բեկորային ականներով: Ականները տեղադրվում են հակատանկային ոչ պայթուցիկ ականադաշտերից առաջ կամ նրանց հետ համակցված: Ականադաշտը ճակատով մի քանի տասնյակից մինչև հարյուր մետր է, իսկ խորությամբ՝ 10-15 մ և ավելի:

Հակատանկային և հակահետևակային ականները տեղադրվում են հակառակորդի տանկերի և հետևակի շարժման ուղղությամբ: Պաշտպանությունում դրանք տեղադրվում են առջևի եզրի առաջ, իսկ հարձակվելիս՝ հակառակորդի հակագրոհը հետ մղելու բնագծից առաջ:

Հակատանկային և հակահետևակային ականները ձեռքով տեղադրելու համար հարկավոր է ականի համար փոս փորել այն հաշվով, որ տեղադրելուց հետո ականը մի քիչ բարձր մնա գետնից: Պետք է փոսում տեղադրել ականը, լիցքավորել պայթուցիչով, ապահովիչի պահպանակը քաշելով՝ բերել մարտական դրության և քողարկել: Հակահետևակային ականները քողարկվում են հողի 1-2 սմ շերտով: Արգելվում է հանել հակահետևակային ականները, դրանք ոչնչացվում են պայթուցիկ նյութի լիցքի պարպումով կամ այլ եղանակներով: Ականներ տեղադրելիս տեղանքի այդ հատվածում արգելվում է կողմնակի մարդկանց գտնվելը:

Ականադաշտերի ապաքողարկիչ նշաններ են թմբերի առկայությունը տեղադրված ականների վրա, տեղադրումից հետո չհավաքած փաթեթը, հողը, ականի կամ պայթուցիչի մոռացված խցանիչը, ականապատելուց հետո թողած գործիքներն ու հարմարանքները, մարդկանց և մեքենաների հետքերը, ուղեցույցների առկայությունը, ձմռանը՝ տրորված ձյունը:

Ականադաշտը տեղադրելուց հետո կազմվում է ականադաշտի տեղեկագիր, որտեղ նշվում են ականների տեղադրման տեղերը, ականների տեսակները և տեղադրման ժամանակը:

Հակահետևակային ականներ

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author