ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը և հայկական պետականության վերականգնումը
Հայաստանի առաջին հանրապետությունը, չնայած իր գոյության չափազանց կարճատև ընթացքին, այնուամենայնիվ չափազանց կարևոր տեղ ունի հայոց պետականության պատմության մեջ, ինչպես նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության գոյության տեսանկյունից։ Մասնավորապես եթե հայ ժողովրդին 1918 թվականի մայիսին չհաջողվեր հազարամյա դադարից հետո վերականգնել հայոց անկախ պետականությունը, ապա վստահորեն կարող ենք պնդել, որ չէր լինի նաև խորհրդային Հայաստանը, իսկ այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությունը։
Այսուհետ «Դետք»-ն ամեն շաբաթ «ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» շարքում կներկայացնի Հայաստանի առաջին հանրապետության պատմության կարևոր իրադարձությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության ձևավորման և զարգացման գործընթացում։
Միևնույն ժամանակ պատմական իրադարձություններին անծանոթ մարդկանց շրջանում կարող է կարծիք լինել, որ 1918 թվականին հայկական պետականության վերականգնումն ինքնաբերաբար տեղի ունեցած մի երևույթ է, որը, անկախ հայ ժողովրդի դերակատարումից, տեղի էր ունենալու այդ ժամանակաշրջանում։ Իսկապես, այս տեսակետը կարող է վերաբերել նույն օրերին անկախություն հռչակած Վրաստանին և Ադրբեջանին, մինչդեռ հայ ժողովուրդը ստիպված էր կենաց-մահու պայքար մղել, որի արդյունքում տարած հաղթանակի շնորհիվ հազարամյա, իսկ եթե հաշվի առնենք Կիլիկիայում հայոց պետականության գոյությունը, ապա մոտավորապես վեցհարյուրամյա դադարից հետո վերականգնել անկախ պետություն ունենալու իր իրավունքը։
1918 թվականի գարնանը Հայաստանի համար չափազանց բարդ իրավիճակ էր ստեղծվել։ Ռուսաստանում նախորդ տարի տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունից հետո այդ երկրում հաստատված նոր իշխանությունը որոշում կայացրեց դուրս գալ Առաջին համաշխարհային պատերազմից և դուրս բերել ռուսական զորքերն Արևմտյան Հայաստանում իր վերահսկողության տակ անցած ողջ տարածքներից։ Այս ամենի արդյունքում, ցավոք, ոչ միայն հնարավոր չեղավ պահպանել Արևմտյան Հայաստանը, այլև լուրջ վտանգ ստեղծվեց Արևելյան Հայաստանի և հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։
Միևնույն ժամանակ թուրքական կողմի հետ անցկացվող բանակցությունները որևէ արդյունք չէին տալիս, քանի որ վերջիններիս պահանջները մաքսիմալիստական էին և բացառում էին անկախ հայկական պետականության գոյությունը։
Թուրքական ուժերը, օգտվելով տարածաշրջանում ստեղծված նպաստավոր հանգամանքից, 1918 թվականի մայիսի 15-ին հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր)՝ հետագայում դեպի Բաքու շարժվելու համար։
Փաստացի հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Թուրքական զորքերի առաջխաղացումը կանխելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում, ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։
Թուրքական զորքերը, որոնց հաջողվել էր ներխուժել Արարատյան դաշտ, մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը Սարդարապատի գրավումից հետո սկսեց իր ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվելու էր Հայաստանի անկախության վերականգնմամբ։
Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման, և հայկական ուժերը հուժկու գրոհով կարողացան հետ վերցնել մեկ օր առաջ թուրքերի կողմից գրավված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և հետ շպրտվեց դեպի Ալեքսանդրապոլ։
Սարդարապատի հաղթանակը կտրուկ բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Այս հաղթանակից հետո Երևանի և հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Տեղի բնակչությունը, մի կողմ դնելով իր ներքին բոլոր տարաձայնությունները, կամավորագրվեց և մեկնեց ռազմաճակատ։
Գյուղացիները զորքին տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել էր, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հայրենիքի, իր կյանքի ու ազգային արժանապատվության համար։
Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր, որի աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։ Իրավամբ Արամ Մանուկյանը, որը հետագայում զբաղեցրեց Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը, համարվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրը։
Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր էին ընթանում նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց դեպի Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհելու հյուսիսից, մտնելու Արարատյան դաշտ և Սարդարապատում մարտնչող հայկական զորամասերին հարվածելու թիկունքից։ Այս նպատակով ստեղծվեց հարվածային խումբ։
Հայկական զորամասը Դրաստամատ Կանայանի (Դրո) հմուտ ղեկավարությամբ ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով թշնամուն պարտադրեց նահանջել։ Այդ կռիվներում հայերին աջակցում էր նաև Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։
Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր էին ընթանում նաև Ղարաքիլիսայի մոտ, որոնք երկու կողմին էլ պատճառեցին մեծ կորուստներ։ Չնայած թուրքական ուժերին ի վերջո հաջողվեց գրավել Ղարաքիլիսան և շարժվել առաջ, սակայն հայկական կողմն այստեղ նույնպես հերոսական դիմադրություն ցուցաբերեց։ Այս մասին խոստովանել են անգամ թուրք հրամանատարները՝ նշելով, որ հայերն ապացուցեցին, որ կարող են լինել լավագույն զինվորները։ Ղարաքիլիսայի մարտերում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ մայիսյան հերոսամարտերի արդյունքում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու, Հայոց ցեղասպանությունը շարունակելու թուրքական ծրագիրը։
Մայիսյան հերոսամարտն ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր, երբ ընդամենը երեք տարի առաջ ցեղասպանության ենթարկված ազգը կարողացավ ոչ միայն պահպանել իր գոյությունը, այլև թշնամուն պարտադրեց հարգել անկախ պետականություն ունենալու իր իրավունքը։ Նշենք, որ հենց թուրքական ուժերի հրամանատար Խալիլ Բեյը, որը մայիսի 26-27-ին հայտարարում էր՝ չի ճանաչում հայոց պետականության գոյությունը, մեկ օր անց ստիպված եղավ հայկական կողմի հետ բանակցությունների սեղանի շուրջը նստել և ճանաչել Հայաստանի անկախությունը։
Մայիսյան հերոսամարտերն ապացուցում են, որ որևէ պարտություն չի կարող կոտրել մարտնչող ժողովրդի ոգին, և սեփական մարտունակ զինված ուժերին ապավինելու պարագայում հնարավոր է հասնել անկախ պետականության ու վերջինիս պահպանմանը։
Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան
Ավելացնել նոր մեկնաբանություն