Նավթային գործոնը արաբական աշխարհում 1920-ականներից մինչ այսօր
Համաշխարհային տնտեսության մեջ և միջազգային հարաբերություններում բացառիկ տեղ է զբաղեցնում նավթը՝ էներգիայի հիմնական աղբյուրը և համաշխարհային առևտրի մեջ ամենահիմնական ապրանքը: Նավթը հատուկ դեր է խաղում նաև արաբական երկրների նորագույն պատմության և ժամանակակից տնտեսության բոլոր ոլորտներում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևմուտքը պայքար ծավալեց մոսուլյան նավթի համար, «արաբներ» և «նավթ» հասկացությունները դարձան անքակտելի: Նավթային հարուստ պաշարների հայտնաբերումը փոխեց արաբական աշխարհի ճակատագիրը 20-րդ դարում:
Հանրահայտ է, որ երրորդ աշխարհի երկրների զարգացման ընթացքի վրա մեծ ազդեցություն է ունեցել իմպերիալիստական պետությունների գաղութային քաղաքականությունը, մասնավորապես նրանց բնական հարստությունների ինտենսիվ շահագործումը: Չնայած գաղութային համակարգի փլուզմանը՝ տնտեսական կախումը դեռևս մնում է. փոխվում են միայն շահագործման ձևերը: Շարունակվում են զարգացած կապիտալիստական երկրների կողմից զարգացող երկրների բնական ռեսուրսների շահագործումն ու անհավասար առևտուրը: Մինչև 1960 թ. նման փոխհարաբերությունների դասական օրինակ էին նավթարդյունաբերող երկրների և նավթային մոնոպոլիաների միջև տիրող հարաբերությունները:
Առաջին նավթահորի բացումն ու հեղուկ վառելիքի արդյունահանումը 1859 թ. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում իրականացրեց ամերիկացի ֆերմեր Էդվին Դրեյքը: 1870 թ. նավթի համաշխարհային արտադրությունը կազմում էր մոտ 800 հազար տոննա, իսկ արդեն 20-րդ դարավերջում՝ տարեկան շուրջ 4 միլիարդ տոննա:
Նավթն առավել ակտիվորեն սկսեցին օգտագործել կերոսինի լամպերի հայտնագործումից հետո: Կերոսինի առևտրի շնորհիվ աճեց Ջոն Ռոքֆելլերի հիմնադրած «Ստանդարտ օյլ» նավթային ընկերությունը: 20-րդ դարասկզբին «Ստանդարտ օյլը» ընկավ ԱՄՆ հակատրեստային օրենսդրության տակ և բաժանվեց իրավաբանորեն անկախ երեք տասնյակ ընկերությունների՝ մնալով Ռոքֆելլերի տիրապետության տակ: Նրանցից գլխավորը ռոքֆելլերյան, այսպես կոչված, «քույրերն» են՝ «Ստանդարտ օյլ օֆ Նյու Ջերսի» (հետագայում՝ «Էքսոն»), «Մոբիլ Օյլ», և «Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիա»: Սվելի ուշ ԱՄՆ-ում հիմնադրվեցին Մելոնների «Գալֆ օյլը» և «Թեքսակոն»:
19-20-րդ դարերի սահմանագծում Սումատրայում անգլիական «Շելլ» ընկերությունն ու հոլանդական «Ռոյալ Դատչը» համատեղ հիմնադրեցին նավթային մեկ այլ՝ «Ռոյալ Դատչ-Շելլ» ընկերությունը, որը թվով վեցերորդն էր: «Բրիթիշ Փեթրոլեում» յոթերորդ մոնոպոլիան ստեղծվեց անմիջապես Պարսից ծոցի գոտում: 1901 թ. անգլիացի գործարար Դը Արսին և ինժեներ Ռեյնոլդսը, կոնցեսիա ձեռք բերելով Իրանի շահից (տարածությունը գերազանցում էր Անգլիայի և Ֆրանսիայի տարածքները միասին վերցրած), պայմանավորվեցին անմիջապես 20 հազար ֆունտ ստեռլինգ և այնուհետև տարեկան նավթից առաջացած շահույթի 16 տոկոսը վճարել իրանական կառավարությանը: Երկար աշխատանքներից հետո՝ 1908 թ. մայիսին, Մեսջեդե Սոլեյմանի շրջանում (Սողոմոնի տաճար) ժայթքեց նավթի առաջին շատրվանը՝ առաջինը Ծոցի գոտում:
1909 թ. ստեղծվեց անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ): Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին անգլիական կառավարությունը գնեց այդ ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը՝ հսկողություն սահմանելով ԱՊՆԸ-ի վրա, որը հետագայում կոչվեց «Անգլո-իրանական նավթային ընկերություն» (ԱԻՆԸ), իսկ հետո վերանվանվեց «Բրիթիշ Փեթրոլեումի»:
Տակավին մոլեգնում էին կրքերն իրանական նավթի շուրջը, երբ Վերին Միջագետքի արևից շիկացած հարթավայրերում կոնցեսիաների համար սկսվեց անզիջում պայքարն ԱՄՆ-ի, Անգլիայի և Գերմանիայի միջև: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ԱՊՆԸ-ն իր համար ապահովել էր ապագա ընկերության բաժնետոմսերի կեսը, «Ռոյալ Դատչ-Շելլը»՝ քառորդը, իսկ գերմանական խումբը՝ մյուս քառորդը: Սակայն պատերազմում Գերմանիայի պարտությունը պայքարից դուրս մղեց գերմանական կապիտալը: Իրաքն իր նավթային հանքավայրերով դրվեց անգլիական խնամակալության տակ: Կոնցեսիայի գերմանական մասը հանձնեցին Ֆրանսիային Մոսուլի վիլայեթի հավակնությունից հրաժարվելու և Ֆրանսիայի ենթամանդատային տարածքի՝ Սիրիայի միջով նավթամուղ կառուցելու համաձայնություն տալու դիմաց:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա «քույրերը» նետվել էին արտաքին շուկա՝ ակտիվ գործունեություն ծավալելով հատկապես նշված կոնցեսիայում մասնաբաժին ձեռք բերելու նպատակով: Հաջողություն ապահովելու համար ամերիկյան «քույրերը» դիմեցին սեփական կառավարության օժանդակությանը: 1928 թ. ստեղծվեց «Իրաք Փեթրոլեում» ընկերությունը, որի բաժնետոմսերը բաժանվեցին հետևյալ կերպ. ԱԻՆԸ-ն ստացավ 23.75 տոկոս, նույնքան էլ «Ռոյալ Դատչ-Շելլը», «Կոմպանի Ֆրանսեզ դը պետրոլը» և ամերիկյան երկու ընկերություն միասին՝ «Ստանդարտ օյլ օֆ Նյու Ջերսին» և «Մոբիլ օյլը»:
Մեծ ծախսերի հետ կապված պայքարից հոգնած՝ նավթային բիզնեսի մագնատները որոշեցին համաձայնության գալ միմյանց հետ: 1928 թ. Շոտլանդիայի ամրոցներից մեկում տեղի ունեցավ «Ռոյալ Դատչ-Շելլի», «Ջերսիի» և ԱԻՆԸ-ի ղեկավարների պատմական հանդիպումը, որի ընթացքում նավթային երեք հսկաները պայմանավորվածություն ձեռք բերեցին նավթահանության, նավթի շահագործման, վերամշակման և տեղափոխման ոլորտներում համատեղ գործելու վերաբերյալ: Հետագայում նրանց միացան նավթային մյուս «քույրերը»: Այսպես ծնվեց միջազգային նավթային կարտելը (համաձայնագիրը): Սահմանելով ազդեցության ոլորտի բաշխման սկզբունքներն ամբողջ աշխարհում՝ «յոթ քույրերը» հանդես էին գալիս որպես մեկ կազմակերպություն՝ միջազգային շուկայում նավթի բարձր գները պահպանելու և նավթային այլ ընկերությունների մրցակցությանը դիմակայելու նպատակով:
Միջազգային նավթային կարտելի մասնակիցները Մերձավոր և Միջին Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում կոնցեսիայով կամ վարձակալությամբ ստացան մի քանի միլիոն քառակուսի կիլոմետր տարածություն: «Յոթ քույրերը» արմատավորվեցին նավթ արտադրող և սպառող երկրների միջև՝ գրեթե ամբողջությամբ խլելով նավթի միջազգային շուկայի մենաշնորհը: Պետք է նշել, որ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը բրիտանացիներին էր պատկանում մերձավորարևելյան նավթի արդյունահանման շուրջ 80%-ը, իսկ ամերիկացիներին՝ միայն 14%-ը: Սակայն անգլիացիները, որոնք վերահսկում էին Իրանի և Իրաքի հանքավայրերը, ռազմավարական խոշոր սխալ գործեցին՝ թույլ տալով ամերիկացի «քույրերից» մեկին հիմնավորվելու Սաուդյան Արաբիայում: 1932 թ. նավթի առաջին շատրվանը ժայթքեց Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի միջև ընկած հատվածում:
«Ստանդարտ Օյլ օֆ Կալիֆոռնիան» («Սոկալ») կոնցեսիա ստացավ Սաուդյան Արաբիայում: Անգլիացիները, իհարկե, դիմադրեցին, բայց թույլ: Այսպիսով՝ ամերիկյան բիզնեսն արմատավորվեց Սաուդյան Արաբիայում: «Սոկալը» որոշ ժամանակ անց բաժնետոմսերի կեսը վաճառեց «Թեքսակոյին», և նրանք միասին ստեղծեցին «Արաբիեն-Ամերիկեն Օյլ Կոմպանին»՝ ԱՐԱՄԿՈՆ, որը դարձավ ամենախոշոր նավթահանող ընկերությունն աշխարհում:
Քուվեյթում մրցակցության մի քանի ամիսներից հետո կոնցեսիան ստացավ «Քուվեյթ օյլը», որի բաժնետոմսերը հավասար բաժանեցին ԱԻՆԸ-ն և «Գալֆ Օյլը»: 1944-1945 թթ. ձմռանը հանդիպում նախապատրաստվեց ԱՄՆ նախագահ Ռուզվելտի և Սաուդյան Թագավորության հիմնադիր Իբն Սաուդի միջև, որով թերակղզում սկիզբ դրվեց ամերիկյան քաղաքական, իսկ այնուհետև նաև ռազմական ազդեցությանը: Եթե 1950 թ. մերձավորարևելյան նավթի հանույթում ամերիկյան կապիտալի բաժինը կազմում էր մոտ 40 տոկոս, ապա 1955 թվականին հասավ 60 տոկոսի:
Այսպիսով՝ Միացյալ Նահանգները ստանձնեց ռազմավարական նշանակություն ունեցող Մերձավոր Արևելքի նավթային պաշարների վերահսկողությունը՝ քաղելով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բացառիկ օգուտներ:
1950-1954 թթ. Իրանում և անկախություն ձեռք բերած արաբական մի շարք երկրներում ազգային հարստությունների համար ծավալված պայքարին մասնակից նավթ արտահանողները մշակեցին եկամուտները բաշխելու նոր չափաքանակներ: Սահմանվեց, այսպես կոչված, «ֆիֆթի-ֆիֆթի» (50:50) սկզբունքը, որով ձևականորեն նախատեսվում էր հավասար մասերի բաժանել «հում նավթի» վաճառքից ստացված շահույթը «տեղեկատու» գների հիման վրա: Հաշվարկը կատարվում էր ոչ միայն նավթի արհեստականորեն իջեցված տեղեկատու գների հիման վրա, այլև, օգտվելով արաբական երկրների կառավարությունների անիրազեկությունից կամ դիմադրելու անկարողությունից, հաստատված շահույթի կեսի մեջ, համաձայն «քույրերի թեթև ձեռքով» հաստատված կարգի, մտցվում էին թե՛ վարձակալության վճարը և թե՛ շահույթներից ստացված հատկացումները:
Փաստորեն, նոր համակարգը նավթի սեփականատեր երկրներին թողնում էր շահույթի 50 տոկոսից էլ պակաս: Մոնոպոլիստ-կոնցեսիոն երկրները շահագրգռված էին նավթի վաճառքը կատարել ցածր գներով, քանի որ նրանք, այն հանձնելով իրենց մասնաճյուղերի ձեռքը, նավթի և նավթամթերքների շարժման հաջորդ փուլերում համապատասխանաբար ավելացնում էին շահույթները: Հատկացումների մեխանիզմը «յոթ քույրերին» թույլ էր տալիս շուկայի կայուն իրավիճակում ամենաբարձր շահույթները ստանալ, իսկ վատանալու դեպքում՝ նավթի տերերի վրա դնել կորստի զգալի մասը:
1960 թ. ամռանը «Ստանդարտ օյլ օֆ Նյու Ջերսի» ընկերությունը մի քայլ արեց, որը, ինչպես երբեք, միավորեց Մերձավոր և Միջին Արևելքի նավթ արտադրող պետություններին: «Ջերսին» իջեցրեց մերձավորարևելյան նավթի տեղեկատվական գինը: Շուտով մյուս խոշոր ընկերություններն էլ հետևեցին նրա օրինակին: Բաղդադից մինչև Էր-Ռիադ, Թեհրանից մինչև Քուվեյթ կառավարություններն այդ անարդարության վերաբերյալ արտահայտում էին իրենց ծայրաստիճան զայրույթը: Նավթային երկրները որոշեցին միավորվել, գների իջեցումն արգելել և սահմանել տեղեկատու գնի նոր համակարգ, որի հիման վրա նավթային ընկերության շահույթներից կատարվում էին հատկացումներ:
Բաղդադում 1960 թ. սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդակցությունը հանգեցրեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ/OPEC) ստեղծմանը: ՕՊԵԿ-ի անդամները պահանջեցին նավթի համար սահմանել հաստատուն տեղեկատու գին և այն բարձրացնել իր նախկին մակարդակին, որը չպետք է փոփոխվեր առանց արտահանող երկրների կառավարությունների հետ նախապես խորհրդակցելու:
Պարսից ծոցի գոտու ՕՊԵԿ-ի մասնակիցների երկրորդ պահանջն այն էր, որ վարձակալության վճարը մտցվեր ընկերության շահագործման ծախսերի մեջ, իսկ եկամտահարկը 50 տոկոսով հանվեր մնացած գումարից: Վերջապես ՕՊԵԿ-ի անդամները հրաժարվեցին ընկերության առևտրական ծախսերի մի մասն իրենց վրա վերցնելուց:
ՕՊԵԿ-ի մղած պայքարն առաջին լուրջ արդյունքը տվեց 1970 թ. դեկտեմբերին՝ Կարակասում կազմակերպության 21-րդ նստաշրջանի ժամանակ, երբ նավթ արտահանող երկրները նավթային ընկերություններից պահանջեցին վերանայել «50:50» հաշվարկային սկզբունքը: 1971 թ. Թեհրանում համաձայնագիր ստորագրվեց ՕՊԵԿ-ի վեց երկրների և տարածաշրջանում գործող ամերիկյան, անգլիական, ֆրանսիական և հոլանդական ընկերությունների միջև, որի համաձայն, հաշվի առնելով սղաճի տեմպերը, նախատեսվում էին նավթի տեղեկատու գների տարեկան բարձրացում, մինչև 55 տոկոս «հում նավթի» իրացումից առաջացած շահույթի տրամադրում նավթ արտահանող երկրներին, վարձակալման վճարի՝ «ռոյալթիի» (որպես վճարումների ինքնուրույն տեսակի) առանձնացում: Համաձայնագրի կարևորագույն արդյունքն այն էր, որ վերջ դրվեց «50:50» համակարգին, և պատմության մեջ առաջին անգամ մերձավորարևելյան երկրների համար ձեռնտու շահույթի բաշխման ձև սահմանվեց:
Սկզբունքորեն կարևոր առանձնահատկություն դարձավ 1967 թ. սկսված՝ արաբական երկրների կողմից նավթի օգտագործումը՝ որպես ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների վրա ճնշման միջոց: 1967 թ. արաբա-իսրայելական «վեցօրյա» պատերազմի հետևանքով արաբական երկրները կասեցրին նավթի արտահանումն Իսրայելին աջակցող ԱՄՆ և ՆԱՏՕ-ի որոշ երկրներ: Լիբանանը և Սիրիան ընդհատեցին նավթի առաքումներն իրենց տարածքով: Չնայած նավթային էմբարգոն տևեց հունիսից-սեպտեմբեր և չէր կարող լրջորեն վատթարացնել իրավիճակը նշված երկրների ներքին շուկաներում ու շոշափելիորեն կրճատել նավթային մոնոպոլիաների շահույթները, այնուամենայնիվ արաբական երկրների այդ քայլը տեսանելի դարձրեց «արաբական զենքի» ոչ սակավ հնարավորությունները:
1973 թ. արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում արաբական երկրները նույնպես հաջողությամբ օգտագործեցին նավթը՝ որպես քաղաքական զենք, սակայն ոչ առանց տարաձայնությունների՝ նավթային էմբարգոյի շարունակման նպատակահարմարության, դադարեցման և այլ հարցերի շուրջ: Այսուհանդերձ, նավթի առաքման կասեցումը (էմբարգո), որին մասնակցեցին Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Իրաքը, Կատարը, Եգիպտոսը, Սիրիան, Ալժիրը և Լիբիան, տևեց 5 ամիս: Այն լրջորեն ապակայունացրեց իրավիճակն ԱՄՆ-ում, Ճապոնիայում, արևմտաեվրոպական այլ երկրներում:
ՕՊԵԿ-ի շրջանակում իրականացվում է արաբական պետությունների նավթային քաղաքականության համակարգումը, համատեղ քայլեր են ձեռնարկվում ազգային նավթային արդյունաբերության զարգացման (նավթամշակման և տրանսպորտային), մոնոպոլիաների գործառույթների սահմանափակման, «նավթային զենքի» օգտագործման ուղղությամբ:
«Նավթադոլարների» հեղեղը, որն անցյալ դարի 70-80-ական թթ. թափվեց արաբական երկրների, հիմնականում Արաբիայի միապետությունների վրա, ուղղվեց այդ երկրներում զարգացման վիթխարի նախագծերի իրականացմանը: Եվ եթե ժամանակին խոսվում էր միջազգային նավթային մոնոպոլիաների «յոթ քույրերի» մասին, ապա տնտեսագետները սկսեցին օգտագործել «յոթ եղբայրներ» արտահայտությունը` նկատի ունենալով նավթարդյունահանող երկրներում ստեղծված ֆինանսական խոշոր հիմնադրամները՝ «Զարգացման սաուդյան հիմնադրամը», Աբու-Դաբիում «Արաբական տնտեսական զարգացման հիմնադրամը», «Արաբական երկրների տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամը», Արաբական երկրների լիգայի ստեղծած «Տնտեսական և սոցիալական զարգացման հիմնադրամը», ինչպես նաև 1974 թ. և 1975 թ. հիմնադրված Տնտեսական զարգացման արաբական և Զարգացման իսլամական բանկերը: Գոյություն ունի նաև «ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը», որին արաբական երկրները հատկացնում են նրա ամբողջ միջոցների 52%-ը:
Անհրաժեշտ է նշել նաև այն հանգամանքը, որ նավթային գործոնը մեծապես նպաստեց արաբական աշխարհի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նավթ արտահանող երկրներն իրենց զարգացման մակարդակով «պոկվեցին» արաբական մյուս երկրներից՝ վերածվելով հատուկ արտոնյալ խմբի: Նավթային գործոնն ազդում է արաբական երկրների ոչ միայն ներքին՝ տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային զարգացման, այլև նրանց միջև քաղաքական համագործակցության վրա:
Այսպես՝ Սաուդյան Արաբիան նավթից ստացված եկամուտների շնորհիվ աստիճանաբար տարածում է իր ազդեցությունն արաբական աշխարհում: Հենվելով իսլամական սրբավայրերի (Մեքքա և Մեդինա) վերահսկողության վրա, իր տրամադրության տակ ունենալով անսահմանափակ ֆինանսական կարողություններ և ցուցաբերելով տնտեսական օժանդակություն, ելնելով արտաքին քաղաքական գերակայություններից՝ սաուդյան արքունիքը հավակնում է արաբական աշխարհի առաջնորդի դերին և կարևոր դերակատարություն ունի միջարաբական հարաբերություններում:
Մի կողմից՝ նավթն աներևակայելիորեն հարստացրեց արաբական, մասնավորապես Ծոցի երկրները՝ լայն հնարավորություններ ստեղծելով նրանց տնտեսական զարգացման համար, մյուս կողմից՝ այդ երկրները մշտապես կախվածության մեջ պահելով միջազգային շուկայի տատանումներից:
Ավելացնել նոր մեկնաբանություն