Մոհամմադ Ռեզա շահի նախաձեռնած «Սպիտակ հեղափոխությունը»
1950-ականներից սկսած՝ ճգնաժամային երևույթներ են ի հայտ գալիս Իրանի տնտեսության մեջ, կտրուկ իջնում է բնակչության կենսամակարդակը։ Գյուղատնտեսական երկիրն իրեն չէր կարողանում ապահովել հացահատիկով, յուղով, մսով և այլ ապրանքներով, որոնք ստիպված ներկրում էր։ Իրանի բնակչության 95%-ը աղքատ էր, 90%-ը՝ անգրագետ։ 1959 թ. կյանքի միջին տևողությունը կազմում էր 27 տարի։ Սկսում էր առաջանալ դժգոհության ալիք, որը կազմակերպված չէր, բայց մեծ վտանգ էր ներկայացնում, սկսում էին գործադուլներ, ցույցեր, ժողովրդական հուզումներ։ Դեռևս 1955 թ. շահը հայտարարել էր, որ իրենք պետք է հեղափոխություն իրականացնեն, հակառակ դեպքում դա կանեն ուրիշները։ Նա հանդես եկավ «Սպիտակ հեղափոխություն» գրքով, որտեղ ներկայացնում էր իր մտքերը՝ կապված բարեփոխումների հետ։ 1958 թ. սկսվեց պետական մի շարք հիմնարկների վերափոխումը, պայքար ծավալվեց կոռուպցիայի դեմ։ Իրանում որոշեցին իրականացնել անհապաղ ագրարային բարեփոխում։ Որոշվեց սահմանափակել խոշոր կալվածատիրական հողատիրությունը և այդ հողերը հանձնել գյուղացուն, սահմանվեց հողատիրության առավելագույն չափ։ Այս ամենը նպատակ ուներ ստեղծելու կապիտալիստական տնտեսություն։ Սակայն խոշոր կալվածատերերը խիստ բացասական ընդունեցին այս օրենքը, կիրառվեցին հարկադրական մեթոդներ օրենքի գործարկման համար, որը ստիպեց կալվածատերերի մեծ մասին համակերպվել այս օրենքի հետ։ 1962 թ. ընդունվեց նոր օրենք, որը սահմանափակում էր խոշոր հողատիրության չափերը, ինչն այս անգամ էլ առաջացրեց բարձրաստիճան հոգևորականության դժգոհությունը։
Այդ օրերին է հակաշահական ակտիվ պայքարի մեջ մտնում այաթոլլահ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին։ Նա զանգվածային ելույթներ էր ունենում շահի իշխանության և նրա հողային բարեփոխման դեմ։ 1960-ականներին Խոմեյնին դառնում է իրանական դիմադրության ամենախոշոր գործիչը, ընդդիմության առաջնորդը։ Նա համարում էր, որ կապիտալիզմը և կոմունիզմը չարիք են, իսկ ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան գարշելի պետություններ են։ Նրա ուսմունքի համաձայն՝ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես իսլամի միջոցով։ 1963 թ. սկզբին տեղի ունեցած հանրաքվեով «շահի ծրագիր» կոչված բարեփոխումների ծրագիրն ընդունվեց, ինչն ավելի էր խորացնում բարեփոխումները։ Իր հերթին շահը խիստ քննադատության էր ենթարկում իրանական հոգևորականությանը՝ անվանելով նրանց դավաճաններ, ասելով, որ նրանք են խոչընդոտում Իրանում բարեփոխումների ընթացքին։ 1963 թ. հունիսին Խոմեյնիի կոշտ և սպառնալից ելույթից հետո իշխանությունները ձերբակալեցին նրան և ևս 29 հոգու, տեղի ունեցան զինված բախումներ, զոհվեց շուրջ 5000 մարդ։ 1964 թ. Խոմեյնին վտարվեց Թուրքիա, որտեղից հաջորդ տարի՝ Իրաք, որտեղ էլ ապրեց հաջորդ 13 տարիների ընթացքում։ Այնուամենայնիվ, «Սպիտակ հեղափոխությունը» շարունակվում էր, շահի հրամանով բացվում էին մշակույթի տներ, հիվանդանոցներ, անգրագիտության հաղթահարման կենտրոններ։ Այս ամենի շնորհիվ բավականին բարելավվեց գյուղացիների կենսամակարդակը։ 1964-ից Իրանը որդեգրեց ինդուստրացման կուրս։ 1960-ականների վերջին Իրանի տնտեսությունը սկսեց աննախընթաց զարգանալ, նավթի գների աննախադեպ բարձրացումն օգնեց Իրանին ձեռք բերել հզոր ֆինանսական հնարավորություններ։ Ձեռք բերվեցին ժամանակակից տեխնոլոգիաներ, կնքվեցին պայմանագրեր երկրում կոմբինատներ, մետաղագործական և էլեկտրատեխնիկական գործարաններ կառուցելու համար։ Ամրապնդվեց զինված ուժերը, ձեռք բերվեց գերժամանակակից տեխնիկա։ Ավելացվեցին ուսուցիչների, ծառայողների, բանվորների աշխատավարձերը, մեծ թափ հաղորդվեց քաղաքաշինությանը, բարեկարգվեցին գյուղերը։ Ամփոփելով «Սպիտակ հեղափոխության» արդյունքները՝ պետք է ասել, որ ընդամենը 20 տարվա ընթացքում իրանական պետությանը հաջողվեց խոշոր քայլեր ձեռնարկել երկրի տնտեսական հետամնացությունը հաղթահարելու, տնտեսական ներուժն ավելացնելու համար, որի արդյունքում Իրանն առաջատար դիրքեր գրավեց զարգացող երկրների մեջ։
Սակայն 70-ականներին Իրանում ֆինանսների ճգնաժամը հանգեցրեց կենսամակարդակի արագ անկմանը, մեծ թափ առավ կոռուպցիան։ Նորից ակտիվացավ հոգևորականությունը՝ Խոմեյնիի գլխավորությամբ։ Նրանք կարծում էին, որ շահը, մեծ ուշադրություն դարձնելով նախաիսլամական ժառանգությանը և Իրանի անկման պատճառներն արաբական արշավանքներն ու իսլամը համարելով, վիրավորում է իսլամը և հոգևորականությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն