Իսլամական հեղափոխության ընթացքը և հաղթանակը

Իսլամական հեղափոխության ընթացքը և հաղթանակը

Իսլամական հեղափոխության ընթացքը և հաղթանակը

1978 թ. հունվարի 7-ին «Էթելաաթ» պաշտոնաթերթը տպագրեց «Իրան. կարմիր-սև իմպերիալիզմ» վերնագրով մի հոդված, որտեղ Ռուհոլլա Խոմեյնին մեղադրվում էր վարչակարգի դեմ դավադրություն նյութելու մեջ։ Հենց այդ հոդվածը մի կայծ հանդիսացավ, որից հրդեհ բռնկվեց։ Հունվարի 9-ին Ղում քաղաքում տեղի ունեցավ հանրահավաք, որի ընթացքում 60 մարդ սպանվեց, իսկ հարյուրավորները վիրավորվեցին։ Ցույցերը գնալով տարածվեցին երկրի այլ քաղաքներում։ Կառավարող շրջանակն այս ամենը լուրջ չէր ընդունում և զուտ աննշան զիջումներ էր անում. փոխվեց ՍԱՎԱԿ-ի հրամանատարը, թույլատրվեց օգտագործել Խոմեյնիի մեծադիր նկարը, հայտարարվեց նորից իսլամական օրացույցին անցնելու մասին։ Գարնանը և ամռանը հակակառավարական ելույթներ տեղի ունեցան Մեշհեդում, Սպահանում, Թավրիզում և այլուր։ Ապստամբներն այրում էին գիշերային ակումբներ, խաղատներ, գինետներ, շքեղ հյուրանոցներ։ Սեպտեմբերին «Ֆիթրա» կրոնական տոնի ընթացքում զինվորներն անցան ժողովրդի կողմը։ Հնչում էին «Ալլահու աքբար, Խոմեյնի ռահբար (առաջնորդ)», «Մահ շահին և իմպերիալիստներին» և այլ նմանատիպ կոչեր։ Կառավարությունը երկրի 12 քաղաքներում հայտարարեց ռազմական դրություն, դրան ի պատասխան՝ Թեհրանում տեղի ունեցավ հզոր ցույց, որն արյան մեջ խեղդվեց, զոհվեց 4500 ցուցարար։ Հենց այդ ժամանակ Խոմեյնին հռչակվեց հեղափոխության առաջնորդ։ Շարժումն ընդգրկեց ողջ երկիրը՝ անդամալուծելով հիմնական տնտեսական կենտրոնները։ Իրանի կառավարության պահանջով Սադդամ Հուսեյնը Իրաքից վտարեց Խոմեյնիին, որը բնակություն հաստատեց Փարիզում, որտեղից սկսեց ղեկավարել հեղափոխական շարժումն Իրանում։ Հեղափոխությունը կասեցնելու վերջին փորձերից մեկը նոյեմբերին Ղոլամ Ռեզա Ազխարիի վարչապետ նշանակվելն էր։ Բանակում հաճախակի էին դարձել հրամանների չկատարման և դասալքության դեպքերը։ Ի վերջո Մոհամմադ Ռեզա Փեհլևին իր համաձայնությունը տվեց իշխանությունը փոխանցել ինը հոգուց բաղկացած «գահապահ խորհրդին» և համաձայնվեց «ժամանակավորապես» հեռանալ երկրից։ 1979 թ. հունվարի 16-ին նա թագուհի Ֆարահի հետ մեկնեց Ասուան (Եգիպտոս)։ Երկիշխանություն ստեղծվեց վարչապետ Շահփուր Բախթիարի և Խոմեյնիի «հեղափոխական կոմիտեների» կողմից։ 1979 թ. փետրվարի 1-ին 79-ամյա Ռուհոլլա Խոմեյնին վերադարձավ Թեհրան, անմիջապես մեկնեց «նահատակների գերեզմանատուն», որտեղ ելույթ ունեցավ հավաքվածների համար։ Փետրվարի 5-ին նա Մեհդի Բազարգանին նշանակեց ժամանակավոր հեղափոխական կառավարության ղեկավար։ Փետրվարի 9-ին շահական «Անմահներ» կոչվող գվարդիան ռազմական ապստամբություն սկսեց, որը ծանր պարտություն կրեց հենց հաջորդ օրը։ Զինված ուժերը գեներալ Ա. Ղարաբաղիի գլխավորությամբ որոշեց չեզոքություն պահպանել քաղաքական վեճի նկատմամբ։

Փետրվարի 12-ին Թեհրանի ռադիոն հայտարարեց հեղափոխության հաղթանակի և շահական վարչակարգի տապալման մասին։ Երկրում իշխանությունն ամբողջովին անցավ Ժամանակավոր հեղափոխական խորհրդի ձեռքը։

Ավելացնել նոր մեկնաբանություն