Վտանգի տակ ենք դնում Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի գոյությունը․ ռազմական փորձագետ
«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ»,- այս մասին ապրիլի 18-ին հայտարարել է վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ։
Ինչ ասել է «ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», փորձել ենք պարզել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանից։
«Այնպես է ստացվել, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը կամ հանրապետության ղեկավարությունն իր գոյության 30 տարիների ընթացքում երբեք չի ասել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա վառ ապացույցը նաև այն է, որ այդպես էլ ոչ մի իշխանություն Արցախը որպես առանձին սուբյեկտ չճանաչեց, այսինքն՝ Արցախի անկախությունը չճանաչվեց, և Արցախը ՀՀ-ի կազմում չճանաչվեց»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով նրան, թե այս հայտարարությամբ արդյո՞ք ՀՀ-ն ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, թե ոչ, փորձագետը շեշտեց, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ՝ հենց իրենց սահմանադրությամբ, և 1918 թվականի Ադրբեջանի տարածքներով է ճանաչում Ադրբեջանի Հանրապետությունը։ Իսկ այդ քարտեզները բոլորովին այլ քարտեզներ են և աղերս չունեն այն Ադրբեջանի հետ, որի մեջ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։
«Վարչապետի ելույթը նշանակում էր, որ ամեն դեպքում ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններով Արցախի Հանրապետության կարգավիճակը դեռևս մնում է քննարկման փուլում։ Եվ կարծես մի դրվագով ասաց, որ հենց հասնում են խաղաղության պայմանագրի այն կետին, որտեղ շոշափվում է Արցախի հարցը, այդտեղ իրենք մեծ խնդրի առջև են կանգնում»,- բացատրեց Կ. Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ այս խոսույթը ՀՀ-ի համար բավականին վտանգավոր է․ «Ստացվում է, որ մենք հրաժարվում ենք այս փուլում Արցախի Հանրապետությունից կամ առնվազն չենք ճանաչում այնտեղ ապրող հայերին։ Դրանով այս փուլում վտանգի տակ ենք դնում ոչ թե Արցախի Հանրապետությունը, այլ այն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի գոյությունը․ եթե այդպես ենք ճանաչում, նշանակում է, որ ընդհանրապես Լաչինի միջանցքը և այդ հասկացությունը հարկավոր չեն»։
Ավելացնել նոր մեկնաբանություն