The Shia factor in Iran's relations with Syria and Lebanon

Շիայական գործոնն Իրանի՝ Սիրիայի և Լիբանանի հետ փոխհարաբերություններում

Շիական գործոնն Իրանի՝ Սիրիայի և Լիբանանի հետ փոխհարաբերություններում

Իրանում 1979 թ. Իսլամական հեղափոխության հաղթանակն էականորեն փոխեց Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող ուժերի դասավորվածությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը: Հեղափոխությունից հետո Իրանի վարած քաղաքականության գլխավոր բնութագրիչներն էին Իրանի անկախության պահպանումը, արտաքին միջամտության բացառումը, ինչպես նաև երկրի տնտեսական անկախության պահպանումը (արտաքին երկրների հետ չստորագրել պայմանագիր, որը երկիրը կդնի տնտեսական կախման մեջ):

Իրանում հաստատված իսլամական վարչակարգի արտաքին քաղաքականության հայեցակարգում գլխավոր տեղ հատկացվեց հեղափոխության «արտահանմանը»: Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Իրանը փորձում էր «արտահանել» հեղափոխությունը տարածաշրջանի այլ երկրներ: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին կոչ էր անում ստեղծել իսլամական կառավարություններ, որոնք չեն ենթարկվի գերտերություններին: Նա կարծում էր, որ արաբական աշխարհը պետք է ընդունի Իրանի քաղաքական գերակայությունը և գնա այն ճանապարհով, որով Իրանը: Այս նպատակներին հասնելու համար Իրանի հոգևոր վերնախավը հրաժարվում էր ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելուց և սրբազան պատերազմ՝ ջիհադ հայտարարելուց: Հիմնվելով այսպիսի գաղափարախոսության վրա` այաթոլլահ Խոմեյնին հեղափոխության «արտահանումը» համարում էր պարտադիր և դրա հետ կապված մի շարք հայտարարություններով հանդես գալիս: Ճիշտ է, հոգևոր առաջնորդը բազմիցս հայտարարում էր, որ այդ գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի միջոցով, սակայն այնուամենայնիվ, Իրանում կային ուժեր, որոնք գերադասում էին ուժի գործադրմամբ հասնել հեղափոխության «արտահանմանն» ու տարածմանը Պարսից ծոցի տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ Իսլամական հեղափոխության «արտահանումը» նախատեսում էր աջակցություն իրենց բռնապետ ղեկավարների կողմից ճնշված մուսուլմաններին:

Իսլամական հեղափոխության «արտահանման» գաղափարից բխող հաջորդ սկզբունքը հետևյալն էր՝ զարգացնել հարաբերություններն իսլամական բոլոր երկրների հետ փոխշահավետության և փոխադարձ հարգանքի հիման վրա, ինչպես նաև ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն ողջ իսլամական աշխարհի միասնականության ապահովմանը:

ԻԻՀ-ի հաստատումից հետո Իրանը վերանայեց արաբական երկրների հետ ունեցած հարաբերությունները: Ի տարբերություն արաբական մյուս երկրների՝ Իսլամական հեղափոխության առաջին իսկ օրվանից Իրանի և Սիրիայի միջև հաստատվեցին ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչը պայմանավորված էր նաև ալավիների գործոնով: Վերջիններս, չնայած փոքրամասնություն լինելուն, առաջացնում էին սուննիների դժգոհությունը: Իրանի և Սիրիայի միջև հաստատված հարաբերությունները փոխշահավետ էին 2 կողմի համար: Այսպես՝ ԻԻՀ-ի ձևավորմամբ Սիրիան Իրանին ընկալեց որպես նոր և ուժեղ դաշնակցի, որը կարող էր դառնալ կարևոր հենարան՝ իսլամական աշխարհում ամրապնդվելու համար: Իրանի կարիքը զգացվում էր նաև սուննի արմատականների դեմ պայքարում, և այս ուղղությամբ ևս Սիրիայի ղեկավարությունը համապատասխան աջակցություն ստացավ Իրանից:

Իսկ ինչ վերաբերում է Իրանի շահերին, ապա Սիրիան էլ իր հերթին չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ուներ Իրանի համար, քանի որ նրա միջոցով Իրանը կարողացավ մուտք գործել Լիբանան: Զարգացնելով ռազմաքաղաքական հարաբերությունները Սիրիայի հետ՝ Իրանը սկսեց արտոնյալ պայմաններով նավթ տրամադրել Սիրիային, ինչպես նաև վճարել այդ երկրի ունեցած 1 մլրդ դոլարի հասնող պարտքերը նավթից ստացվող եկամուտների հաշվին: 1981 թ. Սիրիան, ինչպես նաև Ալժիրը և Լիբանանը կարողացան ստանալ ԽՍՀՄ-ի համաձայնությունը պատերազմի ընթացքում Իրանին զենք մատակարարելու հարցում, ինչի արդյունքում նրանց միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին: Հեղափոխությունից հետո Սիրիայի և Լիբանանի հետ հարաբերությունների խորացումը հայտարարվեց որպես ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Սիրիան այն կարևոր օղակն էր, որի միջոցով Իրանը կարողացավ հաստատվել Լիբանանում՝ աջակցելով տեղի շիաներին: Իրանի հաջողված քաղաքականության արդյունքում Լիբանանում ստեղծվեց «Հիզբոլլահ» կուսակցությունը, որը մինչ օրս կարևոր դեր է կատարում Մերձավոր Արևելքում ԻԻՀ պետական շահերի պաշտպանության տեսանկյունից՝ ստանալով Իրանի ռազմաքաղաքական վերնախավի ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական աջակցությունը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն