Իրան-իրաքյան պատերազմ. պատճառները

Իրան-իրաքյան պատերազմ. պատճառները

Իրան-իրաքյան պատերազմ. պատճառները

Դեռևս 20-րդ դարի 60-ական թթ. Իրանի և Իրաքի միջև հարաբերություններն աչքի էին ընկնում մեծ լարվածությամբ: Շահական վարչակարգն ակտիվորեն աջակցում էր Իրաքի քրդերի զինված պայքարին ընդդեմ Բաղդադի վարչակարգի, սակայն 1975 թ. Ռեզա շահը որոշեց հրաժարվել այդ աջակցությունից, և նույն թվականի մարտի 6-ին 2 երկրների միջև կնքվեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մի համաձայնագիր: 70-ականներին փոխհարաբերությունները կրկին սրվեցին: 1979 թ. հուլիսի 17-ին Սադամ Հուսեյնը դարձավ Իրաքի նոր նախագահ: Նա անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի շիա ընդդիմության նկատմամբ պատժիչ գործողությունների: Դրանում որոշակի դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ խոմեյնականները և առհասարակ իրանական զանգվածային լրատվության միջոցները բացահայտ կոչ էին անում իրաքյան բանակին տապալել Հուսեյնի իշխանությունը և ցրել ԲԱԱՍ կուսակցությունը:

Իրանի և Իրաքի միջև հարաբերությունները գնալով սրվում էին, և երկու սահմանակից պետությունների միջև օրեցօր հասունանում էր հակամարտությունը: Նրանք սկսեցին միմյանց ներկայացնել տարածքային պահանջներ: Իրանում հնչում էին հայտարարություններ այն մասին, որ Իրաքի տարածքի մեծ մասը, ինչպես նաև Ծոցի մի շարք երկրներ, մասնավորապես Բահրեյնը և Քուվեյթը, իրանական տարածքներ են: Իր հերթին իրաքյան կողմն Իրանի հարավային Խուզիստան նահանգը, որի բնակչության մեծ մասն արաբներ էին, անվանում էր Արաբստան, միաժամանակ Բաղդադը պահանջում էր արաբներին վերադարձնել Ծոցի Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու-Մուսա կղզիներ, որոնք գրավվել էին Իրանի կողմից այն հիմնավորմամբ, որ դրանք Իրանի «պատմական հողերն են»:

Երկու երկրների ղեկավարությունների միջև առկա էին նաև քաղաքական և գաղափարական սուր հակասություններ: Իրանական ղեկավարությունն իրաքյան վարչակարգը համարում էր ոչ օրինական և կոչ էր անում իրագործել իսլամական հեղափոխություն: Իրաքի և Իրանի առճակատման գլխավոր հարցերից մեկը պետական իշխանության բնույթի հարցն էր, այն է՝ իշխանությունը պետք է լինի աշխարհի՞կ, թե՞ կրոնական-աստվածապետական: Իրաքի բաասիստական ղեկավարությունն Իրանին մեղադրում էր նրանում, որ վերջինս միապետական Իրանից ժառանգել է տարածաշրջանային առաջնության մեծապետական հավակնություններ, ձգտում է Իսլամական հեղափոխությունն «արտահանել» մեծաթիվ շիա բնակչություն ունեցող Իրաք, տապալել այնտեղ գոյություն ունեցող վարչակարգը և առհասարակ վերացնել Իրաքի անկախ գոյությունը, իրաքյան քուրդ բնակչությանը հրահրում է հակակառավարական ապստամբությունների: Մի խոսքով՝ իրան-իրաքյան առճակատման պատճառները բազմազան էին՝ սոցիալ-քաղաքական խնդիրներ, ազգային-կրոնական   տարաձայնություններ, տնտեսական հակամարտություն և այլն:

Շուտով սկսվեցին սահմանային բախումներ: Իրան-իրաքյան սահմանում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեցին 1980 թ. սեպտեմբերի 4-ին: Իրաքի

հեղափոխական հրամանատարության խորհուրդը չեղյալ հայտարարեց իրան- իրաքյան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 1975 թ. մարտի 6-ի համաձայնագիրը: Երկու երկրների սահմանամերձ շրջաններում ցամաքային, օդային և ծովային ուժերի միջև մարտեր ծավալվեցին:

1980 թ. սեպտեմբերի 22-ին Իրաքը զանգվածային հակահարձակում սկսեց: Իրաքյան բանակն անցավ սահմանը և ներխուժեց Իրանի տարածք: Ռազմաճակատի հյուսիսային տեղամասում իրաքյան զորքերը 15 կմ խորացան Իրանի տարածքում՝ գրավելով Քասրե-Շիրին քաղաքը: Հարավային ճակատում իրաքցիները ներխուժեցին Խուզիստան և գրավեցին ավելի քան 10 հազար քառ. կմ տարածք: Որպես պատասխան՝ իրանական օդային ուժերը հարվածներ հասցրին Բասրա, Մոսուլ, Քիրքուք և Բաղդադ քաղաքներին, ռմբակոծեցին իրաքյան մի շարք օդանավակայաններ և շարքից հանեցին մի քանի նավթաքիմիական գործարան:   

Չնայած երկրի ներքին քաղաքական իրավիճակի բարդությանը՝ իրանական ղեկավարության որոշ ներկայացուցիչներ այդ պատերազմն ընկալեցին որպես իրենց համար բարեպատեհ առիթ: Այաթոլլահ Խոմեյնիին է վերագրվում հետևյալ արտահայտությունը. «Այդ պատերազմը մեզ ուղարկել է ինքը՝ Ալլահը»: Իմամը խորապես համոզված էր, որ պատերազմը հնարավորություն կտա հոգեկան և կրոնական վերելքի մեջ գտնվող իրանցիներին համոզիչ հաղթանակ ձեռք բերելու թշնամու նկատմամբ, որը նրանց համար փայլուն առիթ կհանդիսանա հեղափոխությունն Իրաք «արտահանելու» միջոցով շիա բնակչությանը ոտքի հանել բաասիստական վարչակարգի դեմ

Այնուամենայնիվ իրանական ղեկավարության այն հույսերը, որ իրաքյան շիաները զանգվածային ելույթներ կունենան Բաղդադի կառավարության դեմ, չարդարացան: Պատերազմի սկսվելուց հետո ՄԱԿ-ը, որոշ պետություններ ու միջազգային կազմակերպություններ հակառակորդներին հաշտեցնելու փորձեր արեցին, որոնք, սակայն, ձախողվեցին: 1981 թ. սեպտեմբերի 22-ին՝ պատերազմի առաջին տարելիցի օրը, իրանցիները հուժկու հարձակման անցան Աբադանի շրջանում՝ արդյունքում ազատագրելով  նավթարդյունաբերության այդ խոշորագույն կենտրոնը: Դա պատերազմում իրանցիների առաջին խոշոր հաղթանակն էր: Հաջողությամբ ավարտվեցին նաև իրանական զորքերի գործողությունները սահմանամերձ Շուշ և Դիզֆուլ քաղաքների ազատագրման գործում: Հաշվի նստելով այն իրողության հետ, որ նախաձեռնությունն անցել է Իրանի զինված ուժերի ձեռքը, 1982 թ. հունիսի 20-ին Սադամ Հուսեյնը հայտարարեց, որ ինքը համաձայն է կամավոր կերպով Իրանի տարածքից ամբողջապես դուրս բերել իրաքյան զորքերը: Հոկտեմբերի 26-ին Իրաքի կառավարությունը պաշտոնական հայտարարություն արեց այն մասին, որ ինքը ճանաչում է միջպետական սահմանների վերաբերյալ 1975 թ. երկկողմանի պայմանագիրը: Սակայն Թեհրանը հրաժարվեց հաշտության բանակցություններ վարելուց: 1982 թ. գարնանից Իրանի քաղաքական ղեկավարությունը միաձայն պնդում էր, որ շուտով Սադամ Հուսեյնի նկատմամբ կատարյալ հաղթանակը կհանգեցնի Իրաքում իսլամական պետության ստեղծմանը:

1982 թ. կեսերին և 1983 թ. ընթացքում իրանական զորքերի իրականացրած մի շարք խոշոր ռազմական գործողություններն առանձին հաջողություն չբերեցին: 1984-1987 թթ. ընթացքում կողմերը վարում էին փոխադարձաբար միմյանց հյուծելու և ուժասպառ անելու պատերազմ: 1984 թ. գարնանից ամբողջ թափով ծավալվեց նաև այսպես կոչված «տանկերային պատերազմը», երբ հակառակորդներն օդային և հրթիռային հարձակումներով փորձում էին շարքից հանել նավթարդյունաբերության ձեռնարկություններն ու նավթ տեղափոխող նավերը՝ հակառակորդին զրկելու նավթ արտահանելու հնարավորությունից:

Մյուս կողմից՝ Ծոցի գոտում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումն առաջացնում էր իրանական ղեկավարության խոր տագնապը: Ղեկավար շրջաններում ծայր առած տարաձայնությունները գնալով խորանում էին:

Դեռևս 1981 թ. հունիսի 10-ին Խոմեյնիի հրամանով նախագահ Աբոլ-Հասան Բանիսադրը զրկվել էր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից: Նախագահական նոր ընտրությունների արդյունքում ԻԻՀ նախագահ ընտրվեց վարչապետ Ռաջային: Սակայն երկրի ներքին քաղաքական իրավիճակը չէր կայունանում: 1981 թ. ամառվանից կառավարող կրոնական վերնախավի նկատմամբ սկսվեց ահաբեկչական գործողությունների մի ալիք: Իսլամական հանրապետական կուսակցության շտաբ-բնակարանում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով զոհվեց կուսակցության 72 անդամ, հերթական ահաբեկչության հետևանքով զոհվեց նաև նախագահը: Ըստ էության երկրում ընթանում էր քողարկված քաղաքացիական պատերազմ:

Հոկտեմբերի 2-ին ԻԻՀ նախագահ ընտրվեց Սեյյեդ Ալի Խամենեին: Նա դարձավ ԻԻՀ նախագահի պաշտոնում առաջին կրոնական գործիչը: 1988 թ. հուլիսի 16-18-ը տեղի ունեցավ ԻԻՀ Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստ, որն ընթացավ պատերազմը շարունակելու և այն անհապաղ դադարեցնելու կողմնակիցների միջև թեժ վեճի պայմաններում: Ի վերջո միաձայն որոշում ընդունվեց դիմել Խոմեյնին՝ խնդրելով, որ նա առանց նախապայմանների ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 598 որոշումն Իրանի և Իրաքի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Խոմեյնին տեղի տվեց, և 1988 թ. հուլիսի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստացավ Իրանի նախագահի պաշտոնական նամակն Իրաքի հետ կրակը դադարեցնելու ԻԻՀ պատրաստակամության մասին:

1988 թ. օգոստոսի 20-ին Իրանի և Իրաքի միջև կնքվեց զինադադար, որով վերջ տրվեց ութամյա պատերազմին: Համենայնդեպս 1980-1988 թթ. իրան-իրաքյան պատերազմը չբացահայտեց հաղթողին՝ այդպես էլ չլուծելով երկու կողմերի հարաբերությունները խաթարող և ոչ մի խնդիր:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն