«Հիզբոլլահ»-ի դերը Սիրիայի քաղաքացիական պատերազմում
Այս հոդվածում փորձել ենք վերլուծել Սիրիայում «Հիզբոլլահ»-ի ռազմական միջամտության հետևանքները կուսակցության և նրա շրջակա միջավայրի համար: Սխալ կլինի միանշանակ պնդել, որ «Հիզբոլլահ»-ի միջամտության արդյունքում Սիրիայում կուսակցության դիրքերն ուժեղացել կամ թուլացել են: Կուսակցությունը Սիրիայում ծավալած գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ զոհեր՝ հատկապես հաշվի առնելով նրա ինստիտուցիոնալ փոքր չափը: Սիրիայի պատերազմը հանգեցրել է բազմաթիվ հետևանքների, որոնք խոչընդոտ են Իսրայելին դիմակայելու հարցում: Ստորև կփորձենք առանձնացնել մի քանի կետ։
· «Հիզբոլլահ»-ի ներգրավվածությունը երկկողմանի ապակայունացնող գործոն է թե՛ կառույցի, թե՛ Լիբանանի համար: Այն դեպքում, երբ Ալ-Ասադի ռեժիմը պետք է պահպաներ կուսակցությունը՝ որպես Իրանի հովանավոր, աղանդավորական լարվածությունն աճում և ազդում էր քաղաքացիական կյանքի վրա, այդ թվում՝ «Հիզբոլլահ»-ի հենակետերում:
Այնուամենայնիվ, նույնիսկ կրոնական հենակետային մոբիլիզացիան «Հիզբոլլահ»-ի ընդհանուր մարտավարության մի մասն է: Հարկ է նկատել, որ «Հիզբոլլահ»-ի ինքնորոշմանն աջակցող գործընթացը չի ներառում միայն կրոնական գործոնը: Դիմադրության գաղափարը, օրինակ, այս գործընթացի կարևոր տարրերից մեկն է: Հետևաբար նույնիսկ մոբիլիզացիան հիմնված չէ միայն կրոնական գործոնի վրա:
· «Հիզբոլլահ»-ը բազմիցս վկայակոչել է իր միջամտության համար առնվազն երեք գլխավոր հիմնավորում՝ շիաների գյուղերն ու կրոնական վայրերը, Սիրիան՝ որպես դիմադրության դաշինքի հենարան, և լիբանանյան (և ոչ միայն շիա) անվտանգությունը:
· «Հիզբոլլահ»-ի միջամտությունը Սիրիայում միտված է երկրի ներսում կուսակցության աշխարհաքաղաքական շահերը պահպանելուն: Հետևաբար կասկած չկա, որ սիրիական քաղաքացիական պատերազմը կշարունակի խիստ հետևանքներ ունենալ «Հիզբոլլահ»-ի համար՝ ռազմական պարտավորությունների, ներքաղաքական կապիտալի և տարածաշրջանային դերի առումով: Իսկապես, վերջին մի քանի տարիներին Սիրիայում ունեցած երկարատև ներգրավվածությունը վերափոխել է «Հիզբոլլահ»-ի հարաբերություններն ինչպես պատմական դաշնակիցների (օրինակ՝ Իրանի), այնպես էլ Ասադի ռեժիմի հետ, արդյունքում մասնակիորեն փոխվել է նաև կառույցի ռազմավարությունն Իսրայելի նման հին թշնամու նկատմամբ:
· «Հիզբոլլահ»-ի մասնակցությունը չի սահմանափակվել ներքին խնդիրներով, վերջինս ստիպված է եղել գործ ունենալ նաև նոր ձեռք բերած թշնամիների հետ, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ջաբհաթ ան-Նուսրան»՝ միաժամանակ մասնակցություն ունենալով Սիրիայի քաղաքացիական պատերազմին:
· Սիրիայում «Հիզբոլլահ»-ի ներգրավվածությունը հիմնովին չի փոխում ամեն բան, քանի որ «լիբանանա-շիական» կազմակերպությունն այժմ էլ ավելի շահագրգռված է խուսափելու Իսրայելի հետ լայնածավալ պատերազմից, մինչդեռ Սիրիայում պայքարում են Ասադի կողքին, իսկ Լիբանանում՝ ընդդեմ «թաքֆիր» կոչված սպառնալիքի:
Ավելացնել նոր մեկնաբանություն