Արաբ փախստականների կարգավիճակը մարդու իրավունքների և սոցիալական հավասարության համատեքստում
Ինքնության օբյեկտիվ նշանների և այդ ինքնության գիտակցության տարբերակումն արաբական տարածաշրջանում գրեթե միշտ ունեցել է իր կարևոր նշանակությունն ինչպես գաղութացման շրջանում, այնպես էլ հետգաղութային պետությունների ստեղծման պահից ի վեր։
«Հետգաղութային» տերմինն ուսումնասիրման և քննարկումների առարկա դարձավ քսաներորդ դարում հասարակագիտական ուսումնասիրությունների համատեքստում։ Եզրույթի վերաբերյալ բանավեճերը ձևավորեցին այն կարևոր առանցքը, որի շուրջը պտտվում էին քաղաքական ինքնության քննարկումները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքում եվրոպական իշխանությունը քայքայվեց, և առաջացան հետգաղութային մի շարք պետություններ: Բազմաթիվ բանավեճեր են տեղի ունեցել այն մասին, թե որքանով է պետք շեշտը դնել այս պետությունների հետգաղութային բնույթի և նրանց քաղաքական ինքնության վրա։
«Հետգաղութային» եզրույթը կիրառվում էր առնվազն երեք հստակ, բայց հարակից եղանակով: Նախ՝ կարելի է եզրույթը քննարկել որպես ժամանակային կատեգորիա: Մերձավոր Արևելքը կայսրությունների կողմից վերահսկվում էր մինչև 20-րդ դարը: 19-րդ և 20-րդ դարասկզբին դրանք հաճախ եվրոպական գաղութային կայսրություններ էին: 20-րդ դարի ողջ ընթացքում գաղութային համակարգը քանդվեց, և առաջացան հետգաղութային տարբեր պետություններ, ուստի դրանք հետգաղութային են այն առումով, որ դուրս են եկել գաղութային կայսրություններից:
Քանի որ հետգաղութային պետություններին պարտադրված էր ամբողջությամբ ենթարկվել արևմտյան տերություններին, նրանք թույլ էին այն առումով, որ խնդիրներ ունեին իրենց քաղաքականությունն իրականացնելիս: Մյուս կողմից՝ կարծիք կա, որ հետգաղութային հասարակություններն ուժեղ էին այն իմաստով, որ մարդիկ իրենց կարիքները բավարարելու համար ոչ թե պետության օժանդակությունից էին կախված, այլ ապավինում էին սոցիալական բարեգործական ցանցերին:
Շատ դեպքերում գաղութային կայսրությունները պարզապես չէին զիջում իրենց տարածքները: Հակաիմպերիալիստական շարժումները գաղութացված ժողովուրդների շրջանում նպաստեցին անկախության ձեռքբերմանը։ Ինքնությունը մեծ դեր խաղաց այդ հարցում, քանի որ այն հաճախ ինքնագիտակցորեն հակակայսերական բնույթ էր կրում։ Այլ կերպ ասած՝ այդ ժողովուրդներն ինքնուրույն որոշեցին կայսերական կարգերի դեմ դուրս գալ: Շատ առումներով դա միանգամայն տրամաբանական էր. ինչո՞ւ լինել անկախ, եթե չպետք է ունենային քաղաքական ինքնություն, որը տարբերվում էր իշխող կայսրությունից։ Ըստ այդմ՝ անկախության շարժումների առաջնորդները հաճախ փորձում էին իրենց պայքարը դասավորել քաղաքական ինքնության տեսանկյունից: Մերձավոր Արևելքում այս ինքնությունները հաճախ էթնիկ ազգայնականության, տարածքային ազգայնականության և կրոնի խառնուրդ էին:
Նման ինքնությունները տարբեր տեղերում տարբեր կերպ են դրսևորվել: Երբեմն նույն պետության ներսում տարբեր շարժումներ օգտագործում էին նույն մշակութային գաղափարախոսությունը, բայց յուրաքանչյուրի վրա տարբեր շեշտադրում էին կատարում: Եգիպտոսում ակտիվ գործունեություն ծավալող «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որն օգտագործում էր արաբականությունը, իսլամը և եգիպտական ինքնությունը, այնուամենայնիվ, իսլամը վեր էր դասում մյուսներից: Նասերը նույնպես օգտագործել է ինքնության այս բոլոր տեսակները, թեպետ արաբականությունը վեր է դասել մյուսներից: Կային նաև սոցիալիստներ, որոնք ինքնությունը դիտում էին դասակարգի պրիզմայով: Ինքնության մշակութային և պատմական խառնուրդներ կարելի է գտնել այլ երկրներում: Օրինակ՝ Սիրիան և Լիբանանը միջերկրածովյան կամ նույնիսկ փյունիկյան ինքնություն ունեին, որը ոմանք փորձեցին զենք դարձնել իրենց ձեռքում այս երկրների դեմ: Իսկ իրաքցիներն էլ կարող էին մատնանշել Հին Միջագետքը:
Երբ գաղութային կայսրությունների ավարտին և հետագա հեղաշրջումների արդյունքում իշխանության եկան հակակայսերական շարժումները, նրանք դա արեցին իրենց հաստատման և կայացման համար՝ որպես իրական, բնիկ քաղաքական ինքնություն, որը պատմության ընթացքում մշտապես ճնշվել է գաղութային տերությունների կողմից:
Մերձավոր Արևելքում հետգաղութային պետությունների մեծ մասը բավականին տարբերվող էր: Այդ երկրներում բնակվում էին մարդիկ, որոնք չէին կիսում պետության ենթադրաբար իրական քաղաքական ինքնությունը: Հաճախ հակակայսերական շարժումները շեշտող քաղաքական ինքնությունները ներկայացնում էին ցածր կամ միջին խավեր: Այսպիսով՝ վերնախավը և փոքրամասնությունները կարողացան տեղավորվել հետգաղութային ինքնության դասակարգումների մեջ: Նրանք հաճախ հեղինակավոր պաշտոններ էին զբաղեցնում հին համակարգում կամ ինչ-որ կերպ կապված էին կայսերական հին կարգի հետ։
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետությունների մեծ մասի համար գաղութային դարաշրջանը կարելի է բաժանել մի քանի ժամանակաշրջանի՝ ոչ ֆորմալ իմպերիալիզմ, պաշտոնական գաղութային գերակայություն և նեոգաղութատիրություն: Վերջին տասնամյակների ընթացքում նեոգաղութատիրության անկումն առաջացրել էր հետգաղութային դարաշրջան, երբ ԱՄՆ-ն և Խորհրդային միությունն ի վիճակի չէին իրենց կամքը պարտադրելու այնպիսի երկրների, ինչպիսիք էին Իրանը, Աֆղանստանը և Իրաքը՝ չնայած իմպերիալիզմի դարաշրջանում և Սառը պատերազմի ժամանակ գերտերությունների մրցակցությանը տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու համար:
Ալժիրը Մերձավոր Արևելքի վաղ շրջանի գաղութացված պետություններից է (սկիզբը՝ 1830 թ.), իսկ անկախություն ձեռք է բերել ավելի ուշ (1962 թ.)։ Իրաքը գաղութացված չէր մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և պաշտոնապես անկախ էր 1932 թ. կամ առնվազն մինչև 1958 թ.: Իրանը մեծ տերությունների կողմից պաշտոնապես գրավվեց միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես որ երկու երկրներում էլ «պաշտոնական գաղութային գերակայությունը» բացակայում էր։
Խոսելով արաբական երկրների գաղութացման մասին՝ չենք կարող չշեշտել այն կարևորագույն տարածաշրջանը, որը բախվեց այս խնդրին գրեթե ամենածանր և դաժան կերպով։ Պաղեստինը, ի հակադրություն մյուս երկրների, ստիպված եղավ առերեսվել ոչ միայն մարդկային կյանքերի և մշակութային հարստության կորստին, այլև կորցրեց մի ողջ աշխարհագրական պետություն, որի վրա բնակվում էր մի քանի միլիոն պաղեստինցի։
«Ինքնություն» հասկացությունը շատ է օգտագործվել պաղեստինցիների վերաբերյալ ուսումնասիրություններում: 1960-ականների վերջին «Դիմադրություն» շարժման ի հայտ գալուց հետո Պաղեստինի ազգային ինքնությունն այնպիսի ուժգին ինքնադրսևորում ստացավ, որ գիտնականները հակված էին դա համարել հանպատրաստի ստեղծված։ Հաշվի առնելով պաղեստինցիներին՝ որպես պատմություն և տարածք ունեցող ժողովուրդ վերացնելու իսրայելական միտումը՝ պաղեստինյան ինքնության հասկացության վերակառուցումը 1948 թվականից ի վեր ակադեմիական գրություններում նույնքան անհրաժեշտ էր, որքան քաղաքական մակարդակում: Հետադարձ հայացքից պարզ է, որ Պաղեստինի ազգային ինքնության միատարրության և կայունության մասին ենթադրություններն անտեսում էին նրա սկզբնական բազմակարծությունը, սփյուռքի ներկայացրած փոփոխությունները, ժամանակի ընթացքում փոխվում էին նաև տեղական կամ ազգային ճգնաժամի վերաբերյալ արձագանքները:
1948 թ. Պաղեստինից արտագաղթի պատճառներն ու հանգամանքները մեծ հակասություն դարձան տարածաշրջանում։ Շուրջ 770.000 պաղեստինցի լքեց նախկին Պաղեստինի տարածքները, որոնք բոլորն Իսրայելին էին պատկանում՝ ըստ 1947 թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի ընդունած բաժանման ծրագրի։ Այն տարածքները, որոնք ծրագրով նախատեսված էին ընդգրկել պաղեստինյան պետության կազմում, բռնագրավվեցին հրեական ռազմական ուժերի կողմից, որոնք շարժվում էին առափնյա շրջաններից դեպի արևելք, իսկ Հորդանանի ուժերն էլ շարժվում էին Հորդանան գետով դեպի արևմուտք: Դրանից հետո կարճ ժամանակ անց վերջին հատվածները միացվեցին Հորդանանին՝ անվանվելով Արևմտյան ափ (Հուրեվից, 1968): Հորդանանի քաղաքացիություն են ստացել Արևմտյան ափի բնակիչները, այդ թվում՝ փախստականները (Քոեն, 1982, Միշալ, 1978)։
Նրանց համար, ովքեր փախել էին 1948 թ. Իսրայելի հսկողության տակ հայտնված պաղեստինյան տարածքներից, այդ կարգավիճակը դարձել էր անարգանքի մի տեսակ, գոյատևման ռազմավարություն և բարոյական պահանջ: Մեծ աղետին հաջորդած առաջին տարիներին ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) փորձեց այս կարգավիճակն իրավական առումով կարգավորել՝ անձը հաստատող փաստաթղթեր տալով և փախստականների ճամբարների ստեղծելով: Ի վերջո, տարբերությունը տարածաշրջանում փախստականների և ոչ փախստականների համայնքների միջև էր, որոնք այլևս չէին տարբերվում էթնիկական, լեզվական, կրոնական և մշակութային էական առանձնահատկություններով, քանի որ դրանք քայքայվել էին սոցիալ-տնտեսական ուժերի և քաղաքական զարգացումների արդյունքում։
Փախստականի կարգավիճակը՝ որպես սոցիալական ինքնության տարր, դեռևս վերջնական որոշված չէ: Մնում է սպասել և տեսնել, թե արդյոք սոցիալ-տնտեսական ու քաղաքական հետագա զարգացումները, այդ թվում՝ գրավյալ տարածքներում պաղեստինյան ինքնակառավարման որևէ ձև, ինչ-որ կերպ կնպաստեն փախստականների խոցելի շերտի կարգավիճակի բարելավմանը։
Չնայած նրան, որ փախստականների հանդեպ վերաբերմունքը երբեք էլ չի առանձնացել դրական առումով, այնուամենայնիվ, պաշտոնական հաստատությունները և կազմակերպությունները պետք է ընդունեն փախստականների և հյուրընկալող համայնքների միջև ոչ ֆորմալ ցանցերի կարևորությունը՝ հաշվի առնելով նրանց ներուժը՝ որպես տեղեկատվության աղբյուր, ինչպես նաև առավել ընդգրկուն գիտելիքները մարգինալացված ձայների վերաբերյալ:
Արաբական երկրներում փախստականները հատկապես խոցելի են հստակ իրավական կարգավիճակի բացակայության պատճառով: Հատկապես ուշագրավ է միջնաժամկետ գոյատևման ապահովման բարդությունը, ինչը տեղահանվածներին անորոշ վիճակում է թողնում: Հստակ իրավական կարգավիճակ ունենալը նպաստում է տեղահանվածների և հանրային հաստատությունների միջև լավ հարաբերություններին:
Փախստականների և հյուրընկալող երկրների միջև երկկողմ համաձայնագրերի վերաբերյալ իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը ևս մեծ խնդիր է:
Պետական մարմինները պետք է ընդունեն կանոնակարգեր, որոնք միասնական իրավական կարգավիճակ են սահմանում բոլոր այն անձանց համար, որոնք ներկայումս չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք: Նման կարգավիճակը պետք է հնարավորություն տա ինքնաբերաբար և մատչելի մուտք ունենալու բնակության վայր, որտեղ այն կիրառելի է:
Տեղեկության հասանելիություն պետք է ունենան նաև տեղահանված երկրները, որոնք բախվում են հյուրընկալող երկրներում քաղաքացիական գրանցման և փաստաթղթավորման ընթացակարգերի ժամանակ ի հայտ եկած խնդիրներին: Հետևաբար, պետական մարմինները պետք է դյուրացնեն այս ընթացակարգերը և ապահովեն տեղահանվածների համար երկարաժամկետ փաստաթղթեր՝ որպես օտարերկրյա քաղաքացի:
Անհրաժեշտ է լուծել խոցելի խմբերի, հատկապես տեղահանված համայնքներում, օրինակ՝ քաղաքացիություն չունեցող տեղահանվածների պաշտպանության կարիքները, որպեսզի վերջիններս կարողանան օրինական բնակություն և գրանցում ստանալ:
Պետք է ներդրվի արտոնյալ ժամանակահատված, ինչի շնորհիվ փախստականներն իրենց կարգավիճակը կկանոնակարգեն առանց տուգանքների ենթարկվելու:
Շատ կարևոր է նաև տեղահանվածների շրջանում իրազեկել քաղաքացիական գրանցման կարևորության մասին, օրինակ՝ ամուսնությունների, ծնունդների և մահվան դեպքերի:
Վերջին տասնամյակում արաբական շատ երկրներ ականատես եղան պատերազմների և ծանր բախումների, որոնք էլ իրենց հերթին պատճառ դարձան մեծ թվով փախստականների, որոնք առ այսօր ապահով ապաստան են փնտրում: Պաղեստինի իսրայելական օկուպացիան և իսրայելական զորքերի իրականացրած զանգվածային ոչնչացումը մեծ թվով պաղեստինցիների ստիպեցին լքել իրենց երկիրը: 2000 թվականին պաղեստինցի փախստականների թիվը կազմում էր շուրջ 3.7 միլիոն մարդ, ինչը համարժեք է Պաղեստինի ընդհանուր բնակչության 61.8 տոկոսին:
Պաղեստինի կարգավիճակի և առհասարակ միգրացիոն գործընթացի ու քաղաքականության ազդեցությունն այդ տարածաշրջանում անդառնալի հետևանքներ ունեցավ: Աղքատությունը, գործազրկությունը, ԶԼՄ-ների գլոբալիզացիան, պատերազմներն ու հակամարտությունները մեծացրին միգրացիոն ճնշումը սահմանների փակման հետ մեկտեղ, ինչն էլ նպաստեց անկանոն միգրացիայի և մաքսանենգության խթանմանը, անվտանգության մոլուցքին, այլատյացությանը և ռասիզմին: Սակայն այստեղ գլխավորն այն է, թե ինչպես կարելի է դուրս գալ այս շրջանակից և ինչից պետք է սկսել. հարցեր որոնք տարիներ շարունակ իրենց պատասխաններն ու լուծումները չեն ստանում արաբական աշխարհում։
Ավելացնել նոր մեկնաբանություն