Հուշակոթող՝ վրիժառու հայորդիների հիշատակին․ Հետևանքներ

Հուշակոթող՝ վրիժառու հայորդիների հիշատակին․ հետևանքներ

Երևանում տեղադրվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող։

«Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրումով մեկ անգամ ևս լուրջ քայլ կկատարվի հայ ժողովրդի շրջանում ցեղասպանված ժողովրդի բարդույթից ազատվելու և արժանապատիվ ժողովրդի վերածվելու ուղղությամբ»,- ավելի վաղ ասվել էր Երևանի ավագանու որոշման մեջ։

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակին նվիրված հուշարձանի բացումից շատ չանցած՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիս» գործողության մասնակիցներին ահաբեկիչներ անվանում:

Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը պետական մակարդակով հովանավորում է միջազգային ահաբեկչությունը:

Այս հուշակոթողի տեղադրումից հետո Թուրքիան հայտարարել է, որ փակում է օդային տարածքը Հայաստանի համար։

#Դետքի_հետագծով

Հակադարձելով Ադրբեջանի հայտարարությանը՝ նշենք, որ առնվազն անտեղյակության արդյունք է ահաբեկիչ անվանել այն մարդկանց, որոնք ի կատար են ածել հենց թուրքական օրինական իրավական ատյանի դատավճիռը:

Ինչպե՞ս։

Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի օսմանյան իշխանությունները միջազգային ճնշման արդյունքում ստեղծեցին ռազմական տրիբունալ, որը դատապարտեց երիտթուրքական կառավարության առաջնորդներին՝ Օսմանյան կայսրությունն աշխարհամարտի մեջ քաշելու և ազգությամբ հայ հպատակների նկատմամբ ցեղասպանություն գործելու համար:

Այսպիսով՝ երիտթուրքական կառավարության մի քանի տասնյակ առաջնորդներ հենց թուրքական օրինական ռազմական տրիբունալի դատավճռով են մահապատժի դատապարտվել, և, ըստ էության, «Նեմեսիս» գործողության մասնակիցներն ընդամենն ի կատար են ածել այդ որոշումը:

Բացի սրանից՝ հիշում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական արհեստածին պետությունը ստեղծեց «պուրակ-թանգարանը»՝ նպատակ ունենալով նվաստացնելու կամ ոտնահարելու հայ ազգի էթնիկ արժանապատվությունը։ Ըստ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը։

Այսպիսով՝ «Նեմեսիս» գործողության ասպետներին նվիրված հուշակոթողը ոչ մի աղերս չունի ահաբեկչության հետ։ Այն ևս մեկ անգամ հաստատում է հայի ապրելու և պայքարելու կամքն ու կորովը։

Հ.Գ.։ «Նեմեսիս» գործողությունը սկսվել է 1919-ին։ Այն նպատակ ուներ պատժելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած թուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին։ Գործողությունը կազմակերպել էր Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումն իրագործում էին Շահան Նաթալին, Գրիգոր Մերջանովը, Արմեն Գարոն, Ահարոն Սաչագլյանը: Գործողության շրջանակում ջարդերի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսած հայերն էին Սողոմոն Թեհլիրյանը, Արամ Երկանյանը, Արշակ Եզդանյանը, Միսաք Թորլաքյանը, Արշավիր Շիրակյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։

Ավելացնել նոր մեկնաբանություն