Իրանը Ահմադինեժադի կառավարման շրջանում
2005 թ. ԻԻՀ նախագահ ընտրվեց Մահմուդ Ահմադինեժադը: Նրա իշխանության ժամանակահատվածը բավականին բարդ էր: Հատկանշական է, որ Ահմադինեժադը ո՛չ պահպանողական, ո՛չ էլ բարեփոխական գործիչ էր, նա վայելում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վստահությունը: Ահմադինեժադի առանձնահատկությունն այն էր, որ նա հոգևորական չէր: Աշխարհիկ նախագահը զարգացնում էր միջուկային ծրագիրը՝ վստահեցնելով, որ պետությունը մեծ հնարավորություններ ունի ուրանի հարստացման համար: 2005 թվականից Իրանի հանդեպ 6 պատժամիջոց է կիրառվել: Երկրի ներքին կյանքն ամբողջությամբ ղեկավարում էր ԻՀՊԿ-ն։
Խաթամիի և Ահմադինեժադի հիմնական տարբերությունն այն էր, որ վերջինս կարողացել էր շահել օսթանների բնակչության ու գյուղատնտեսության վստահությունը, որովհետև բազում սուբսիդիաներ էին տրամադրվում: Եվ հետաքրքրական է, որ Ռոհանին իշխանությունը դատապարտող զանգվածին քննադատելիս բերում է Ահմադինեժադի օրինակը՝ նշելով, որ վերջինիս ժամանակ բենզինն անհամեմատ էժան է եղել, հոսանքը՝ նույնպես: Այսինքն՝ կարելի է պնդել, որ Ահմադինեժադն այս տեսակետից բավականին հեռատես է գտնվել և մի քանի ոլորտում ոչ այդքան ծախսատար սուբսիդիաներ տրամադրելով՝ լայն հարգանք ու ժողովրդականություն է վայելել հասարակության այն շերտերի շրջանում, որոնք իրականում չգիտեին, թե Իրանն ինչ լուրջ խնդիրներ ունի և ինչ մեծ չափով է զիջում իր դիրքերը տարածաշրջանում:
Մյուս կողմից՝ արտաքին ոլորտում այն բոլոր ներդրումներն ու ջանքերը, որոնք գործադրել էին նրա նախորդները, Ահմադինեժադն իր ոչ ճիշտ քաղաքականությամբ զրոյի հավասարեցրեց: Եթե Խաթամին լավ հարաբերություններ ուներ Եվրոպայի հետ, ապա Ահմադինեժադի օրոք խզվեցին հարաբերությունները Եվրամիության և եվրոպական աշխարհի հետ: Վատթարացան նաև Թուրքիայի հետ հարաբերությունները, Ադրբեջանի հետ հարաբերությունները հասան լարվածության գագաթնակետին: Սաուդյան Արաբիան ևս հավակնություններ ուներ Իրանի հանդեպ: Կարելի է ասել, որ այդ ժամանակ Իրանը լավ հարաբերություններ ուներ միայն քիչ թվով երկրների հետ, այն էլ այնպիսի երկրների, որոնք մեծ դերակատարում չունեին աշխարհում և չէին կարող նպաստել Իրանի առաջընթացին:
Ահմադինեժադի ղեկավարման շրջանում Իրանից ավելի շատ օգուտ կարողանում էին քաղել Ռուսաստանն ու Չինաստանը: Չինաստանն ապրանքներ էր տրամադրում Իրանին իր ուզած գնով և դրա դիմաց նավթ էր գնում Իրանից կրկին իրեն հարմար գնով, քանի որ Իրանն այլընտրանք չուներ: Թուրքիան ևս կարողանում էր օգտվել Իրանից՝ որպես միջնորդ հանդես գալով Իրանի և Եվրոպայի միջև:
2009 թ. նախագահական ընտրությունների ժամանակ կրկին ընտրվեց Ահմադինեժադը, ինչը հասարակության շրջանում մեծ դժգոհություն առաջացրեց, քանի որ երկիրը վատ վիճակում էր գտնվում, և ավելի իրազեկ քաղաքացիները հասկանում էին, որ այդ ամենի պատճառն Ահմադինեժադի թույլ դիվանագիտությունն է: Թեհրանում խոշոր ցույցեր տեղի ունեցան, որոնք գլխավորում էր Հուսեյն Մուսավին, սակայն այդ ցույցերը ճնշվեցին իշխանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, քանի որ Ահմադինեժադի պետությունը ղեկավարվում էր ԻՀՊԿ-ի կողմից, նրա չվերընտրվելու դեպքում Իրանը գուցե տարածքային կորուստներ ունենար: Ահմադինեժադի վերընտրվելուց հետո էլ ավելի վատթարացան Իրան-Արևմուտք հարաբերությունները:
Ավելացնել նոր մեկնաբանություն