Ջիհադի հայեցակարգի փոփոխությունները Խաչակրաց արշավանքների ընթացքում
1095 թ. Կլերմոնում Ուրբանոս II Պապը քրիստոնյա աշխարհին կոչ արեց զորքով ուղևորվել դեպի Երուսաղեմ՝ Խաչակրաց առաջին արշավանքին մասնակցելու: Արշավանքի և դրա նախադրյալների մասին տարբեր հեղինակների կողմից աշխատություններ են գրվում արդեն մեկ հազարամյակ շարունակ, սակայն արևմտյան գիտության մեջ չկան սպառիչ պատասխաններ տվող աշխատանքներ արևելյան տեսակետի վերաբերյալ: Մուսուլման հեղինակների մեջ տարածված է երկու հիմնական տարբերակ՝ ծայրահեղ մերժողական, քննադատական մոտեցումը և աղբյուրագիտական ուսումնասիրությունները, որոնք փորձում են զերծ մնալ գնահատականներից:
Արշավանքների սկզբին Ֆաթիմյան խալիֆայության զորքը ծագումով հայ Ալ-Աֆդալ իբն Բադր ալ-Ջամալիի գլխավորությամբ գրավեց Երուսաղեմը: Ասասինների կողմից մինչ այդ իրականացված սպանությունների հետևանքով Սելջուկյան թագավորությունը ներքին ճգնաժամի մեջ էր: Ալ-Աֆդալը հավանաբար փորձում էր կապեր հաստատել եվրոպացիների հետ, որպեսզի պահպաներ Ֆաթիմյան Եգիպտոսը սելջուկական սպառնալիքից: Ենթադրաբար, Երուսաղեմի գրավումը նախատեսված էր հետագայում այն ֆրանկ զորքերին որպես հաշտության երաշխիք փոխանցելու համար:
Խաչակրաց արշավանքից հետո ստեղծվեցին քրիստոնեական թագավորությունները՝ Երուսաղեմի թագավորության գլխավորությամբ: Այնուամենայնիվ, խալիֆայությունում խաչակիրների նկատմամբ վերաբերմունքը դեռևս այնպիսին չէր, որ սրբազան պատերազմ սկսվեր: Մուսուլմանները սովոր էին կռվի, բայց աստիճանաբար այս ամենը պետք է փոխվեր։ Այն ժամանակաշրջանում, երբ խալիֆայությունն ուժեղ էր, ջիհադն իրականացվում էր որպես սրբազան պարտականություն։ Հայտնի էր, որ Սեյֆ ադ-Դաուլան էր միշտ Բյուզանդական կայսրության դեմ ջիհադ հայտարարում։ Հայտնի էր նաև, որ Հարուն ալ-Ռաշիդը 1 տարի հաջջի էր գնում և 1 տարի էլ ջիհադ իրականացնում։ Բայց սա Բյուզանդիայի դեմ մշտական պատերազմների շարքին էր դասվում։
Ջիհադը նախկինում իրականացվում էր որպես սրբազան պարտականություն, սակայն հիմնականում Բյուզանդական կայսրության դեմ կանոնավոր արշավանքների ձև էր կրում, և ժամանակի ընթացքում դրա գործառույթները նվազում էին:
«Ջիհադ» հասկացությունն աստիճանաբար կորցնում էր ի սկզբանե ունեցած իմաստը։ Բայց «հիմնական» ջիհադը շարունակում էր մնալ ներքին ջիհադը։ Կային նաև այլ ջիհադներ (խոսքի, հոգու, գրչի), և սրանք բոլորն էլ նպաստում էին իսլամի հաղթանակին։ Իսլամի աշխարհը՝ դար ալ-իսլամը (دار الإسلام), պետք է աստիճանաբար գրավեր ամբողջ աշխարհը։ Դար ալ-հարբը (دار الحرب) այն աշխարհն էր, որի դեմ պետք էր ջիհադ վարել։ Եղել է նաև երրորդ հասկացությունը՝ ժամանակավոր խաղաղության աշխարհ, որը վերաբերում էր Հայաստանին: Սա նորամուծություն էր, բայց ուլեմները սա համարում էին անթույլատրելի, այսինքն՝ բիդա։ Արդեն նկատվում էր, որ ջիհադի հասկացությունը փոքրանում է, սեղմվում, մեղմանում, քանի որ խաղաղ կյանքն ավելի լավ և հարմար էր։ Ստեղծվել էր հսկայական պետություն, որն ուներ շատ ներքին խնդիրներ, և արտաքին խնդիրներին այդքան էլ մեծ ուշադրություն չէր դարձվում։
Խաչակրաց առաջին արշավանքը մուսուլման մտածողների վրա սթափեցնող կտրուկ ազդեցություն ունեցավ: Այդ մտածողներից Աս-Սուլամին առաջին արշավանքի ժամանակակիցն էր, նա գրել է քիթաբ ալ-ջիհադը՝ «كتاب الجهاد»։ Հեղինակն այս գրքում արտահայտում է մտքեր, որոնցով ջիհադին նոր համակարգ, գաղափարախոսություն և իմաստ է տրվում։ Նշվում էր, որ Խաչակրաց արշավանքներն ուղարկվել են Ալլահի կողմից որպես պատիժ մուսուլմանների մեղքերի համար, քանի որ նրանք մոռացել են իրենց պարտականությունները, հեռացել են հիմքերից և այն ամենից, ինչ ասել է Ալլահը։ Այդ մեղքերի համար Ալլահը պատժել է այնպիսի արհավիրքով, որի արդյունքում մուսուլմանը կորցնում է իր հպարտությունը, ինքնիշխան լինելը, ումման մասնատված վիճակում է, և միակ փրկությունն այն է, որ ջիհադը կոլեկտիվ պարտականությունից պետք է դառնա անձնական պարտականություն յուրաքանչյուր հավատացյալի համար։ Յուրաքանչյուր հավատացյալ նախևառաջ պետք է ներքին ջիհադի գնա, այսինքն՝ պետք է մաքրվի։ Այս պարտականության իրականացումն ամենակարևորն է, ուստի հավատացյալները պետք է խրախուսեն միմյանց ջիհադի իրականացման համար։ Ըստ հեղինակի՝ դա անհնար է, եթե ումմայում անտեսվեն այն մարդիկ, որոնք կրում են աստվածային գիտելիքը, որոնք գիտակն են շարիաթի, կարող են ճիշտ օրենքը միաբանել՝ դրանով հնարավորություն տալով ումման միավորելու արդար հիմքի վրա, իսկ արդար ումման միակ ուժն է, որ կարող է հաղթական ջիհադ վարել։
Այդ ժամանակաշրջանում մեծ դժգոհություն կար քարոզիչների նկատմամբ։ Երուսաղեմից Բաղդադ կադիի (դատավորի) գլխավորությամբ մուսուլմանների մի խումբ է գալիս, մտնում գլխավոր մզկիթը և այնտեղ պատմում այն տանջանքների մասին, որոնք մուսուլմանները կրում են խաչակիրների կողմից, ապա ջիհադի կոչ անում։ Բայց տեսնելով անտարբերությունը՝ նրանք ջարդում են մզկիթի ամբիոնը (միմբար): Միմբար ջարդելն ինքնին նշանակում է հենց քարոզչի նկատմամբ անվստահություն։
Հարկ է նշել, որ 1098-1144 թթ. ջիհադի կազմակերպված որևէ փորձ չի գրանցվել։ Միայն Զենգիի՝ Անտիոքը գրավելու հետ կարելի է կապել ջիհադի կազմակերպման փորձը 1144 թ.։ Հավանաբար Զենգին այդքան էլ հավատացյալ չի եղել2, այնուամենայնիվ, նրա անվան հետ է կապվում կազմակերպված ջիհադի առաջին փորձը։
Նուր ադ-Դինը՝ Զենգիի որդին (1146), այն մարդն էր, որը բարոյական և հավատի առումներով կարող էր դառնալ ջիհադի իրական ղեկավարը։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ նոր ջիհադի հիմքը դարձավ ջիհադի հայեցակարգի վերաձևակերպումը, այսինքն՝ ումմայի և դար ալ-իսլամի պաշտպանությունը թշնամիներից, ջիհադի նոր ուղղվածությունն անհավատների (ահլ ուլ-քիթաբ) դեմ և Երուսաղեմի (Կուդս)՝ Սրբազան քաղաքի նշանակության վերաիմաստավորումը, ինտելեկտուալների՝ որպես գաղափարի, ոգու կազմակերպման դերը և ռազմական ղեկավարների դերն ու միասնությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն