Գերագույն իշխանության համար մղվող պայքարը Մուհամմադ մարգարեի մահից հետո

Գերագույն իշխանության համար մղվող պայքարը Մուհամմադ մարգարեի մահից հետո

Գերագույն իշխանության համար մղվող պայքարը Մուհամմադ մարգարեի մահից հետո

Խալիֆայության ինստիտուտի հաստատումը

Մուհամմադն իր գործունեության ընթացքում չձևակերպեց և չմշակեց ոչ մի մեխանիզմ, որով նրա մահվանից հետո պիտի կարգավորվեր ումմայի գերագույն իշխանության փոխանցման հարցը: Մահվանից առաջ Մուհամմադը նաև որևէ մեկին ժառանգորդ չնշանակեց, ինչը կարելի է բացատրել մի քանի հանգամանքով: Կարելի է ենթադրել, որ Մուհամմադը կարող էր գիտակցաբար հետաձգել այս հարցի լուծումը, քանի որ հակառակ իր տարիքին՝ նա հույս էր փափագում, որ իր բազմաթիվ կանանցից որևէ մեկն արու զավակ կպարգևեր իրեն, ինչն էլ իր հերթին կարող էր ինքնաբերաբար լուծել ժառանգորդի հարցը: Հարցի լուծման այդպիսի տարբերակը լիովին համահունչ էր տոհմային հոգեբանությանը: Այնուամենայնիվ, գերագույն իշխանության փոխանցման մեխանիզմների բացակայության հիմքում կարելի է տեսնել հետևյալ պատճառները.

·       Մուհամմադն իրեն համարում էր Ալլահի գերագույն իշխանության ներկայացուցիչը, այլ ոչ թե կրողը, քանի որ այդ իշխանության կրողն ինքը՝ Ալլահն էր:

·       Նրա՝ որպես Ալլահի գերագույն իշխանության ներկայացուցչի ընտրվածությունը կատարվել էր Ալլահի կողմից:

·       Դեռ իր քարոզչության սկզբից Մուհամմադը հայտարարեց, որ ինքը մարգարեների կնիքն է, այսինքն՝ Աստծո խոսքը մարդկանց հաղորդելու համար ուղարկված վերջին մարգարեն, որն էլ իր հերթին բացառում էր իրենից հետո մեկ այլ ներկայացուցչի առկայությունը:

Մուհամմադի մահից հետո հավատացյալների համայնքի՝ ումմայի հետագա կառավարումը հիմնականում պայմանավորված էր «խալիֆայի» ինստիտուտի առաջացմամբ: Մուհամմադի մահը հանկարծակիի բերեց հավատացյալներին: Մահվան լուրն իմանալուն պես անսարները վարվեցին այնպես, ինչպես վարվում էին նման դեպքերում իրենց հայրերը նախաիսլամական ժամանակաշրջանում: Նրանք հավաքվեցին Մադինայի ծայրամասում գտնվող իրենց զինակիցներից մեկի տանը և արագորեն որոշեցին Սադ իբն Ուբեյդին ընտրել որպես համայնքի ղեկավար: Սակայն նրանց այս հավաքի մասին տեղեկանում է Աբու Բաքրը և Օմարի հետ միասին գալիս հավաքատեղի, որով էլ վճռում է հանդիպման ելքը: Աղբյուրները վկայում են, որ Աբու Բաքրի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ նրա թեկնածությունն ընդունելի էր ներկաների մեծ մասի համար: Եվ քանի որ մեծամասնությունը ներկայացնում էր հավատացյալների ողջ համայնքը, ապա, հետևաբար, ստացվում էր այնպես, որ Աբու Բաքրը ստանձնում էր ումմայի ղեկավարումը՝ դրա համար մանդատ ստանալով ողջ համայնքից: Ստանձնելով հավատացյալների համայնքի ղեկավարումը՝ Աբու Բաքրը ստացավ «Ալլահի առաքյալի խալիֆա» տիտղոսը: Սկսած այս ժամանակից՝ խալիֆա բառը սկսում է կարևոր դեր խաղալ իսլամի պատմության մեջ: «Խալիֆա» եզրույթի բազմաթիվ մեկնաբանումները վկայում են այն մասին, որ խա-լա-ֆա արմատն արաբերենում անցել է իմաստային զարգացման հարուստ և բազմազան ճանապարհ: Չնայած այս ամենին՝ «խալիֆա» եզրույթի հիմնական իմաստ կարելի է համարել «ժառանգորդը», քանի որ խոսքը Մուհամմադի թողած ժառանգության նկատմամբ իշխանության իրականացման մասին է: Իհարկե, խալիֆայի ինստիտուտի գործառույթները սահմանափակ էին, այսինքն՝ խալիֆան չէր կարող իրականացնել բոլոր այն դերերը, որոնք իրականացնում էր Մուհամմադը:

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք. բանն այն է, որ Մուհամմադի մահից հետո ումման իր ամբողջական իմաստով դառնում է բացարձակ գիտելիքի կրողը, այսինքն՝ մարգարեի բացակայության և Ալլահի հետ անմիջական կապի ընդհատման պարագայում ումման՝ որպես հիմնարար արժեք, դառնում է ինքնաբավ և փակ: Խալիֆայի դերի սահմանափակումը բխում էր խնդրի նման ընկալումից, որն արտահայտվում էր «հսկիչ-կարգավորողի» դեր իրականացնելով, այլ ոչ թե օրենսդիր գործունեությամբ, քանի որ հակառակ դեպքում կնշանակեր, որ խալիֆան սկսում է իրականացնել մարգարեին բնորոշ գործառույթներ:

Սուննիական իսլամում 4 արդարամիտ խալիֆաների ժամանակաշրջանն ընդունվում է որպես խալիֆաթի իդեալական շրջան, թեպետ նրանց ժամանակաշրջանում ամեն ինչ չէ, որ հանդարտ ու միանշանակ էր: Տարաձայնությունները սկսվեցին երրորդ խալիֆայի՝ Օսմանի սպանությունից հետո: 657 թ. Սիֆինի ճակատամարտում Ալիի և Մուավիայի միջև պայքարն ավարտվեց Մուավիայի դիվանագիտական քայլով՝ վեճը լուծել միջնորդ դատավորների միջոցով: Այսպիսի որոշումը դժգոհություն առաջացրեց Ալիի որոշ կողմնակիցների շրջանում, որոնք ըմբոստացան և հրաժարվեցին Ալիին հետևելուց՝ մեղադրելով նրան Ալլահի «օրենքը» խախտելու մեջ: Այս խմբի անդամները հետագայում կոչվեցին խարիջիներ:

Հետագա ժամանակաշրջանում խալիֆայի ինստիտուտը ենթարկվեց բովանդակային փոփոխության: Արդեն Մուհամմադի մահից մոտ 30 տարի անց Օմայան խալիֆաները սկսեցին նորովի մեկնաբանել խալիֆայի ինստիտուտը և թույլատրեցին օգտագործել «Ալլահի խալիֆա» տիտղոսը՝ դրան տալով Ալլահի կողմից նշանակված կառավարչի կամ տեղակալի իմաստ: Աբբասյանները սովորաբար խուսափում էին «Ալլահի խալիֆա» տիտղոսի պաշտոնական օգտագործումից: Նրանց ամենահայտնի տիտղոսներից էր «Ալլահի շողքը երկրի վրա» կոչումը, որով նրանք մատնանշում էին իրենց իշխանության աստվածային նախախնամությունը: Օմայանների և Աբբասյանների գերագույն իշխանության փոխանցման մեխանիզմների համեմատությունը թույլ է տալիս կատարել մեկ ընդհանրացում՝ կապված մեկ ընտանիքի-տոհմի ձեռքում իշխանության կենտրոնացման խնդրի հետ: Սակայն նրանց միջև առկա էր սկզբունքային տարբերություն: Ի տարբերություն Օմայանների, որոնց իշխանության փոխանցման մեխանիզմը սնվում էր նախաիսլամական արաբական ավանդույթից, Աբբասյանները կարողացան իրենց իշխանությունը հիմնավորել իսլամական արժեքներով: Կարելի է ասել, որ Աբբասյանների իշխանության գալով՝ միջնադարյան իսլամական համայնքում ավարտվեց իշխանության փոխանցման ինստիտուտի ձևավորման վերջնական փուլը, որով իշխանության ժառանգաբար փոխանցման տոհմական-ընտանեկան սկզբունքը դարձավ գերիշխող՝ հակառակ այն հանգամանքին, որ մերժվել էր 7-րդ դարի առաջին կեսերին Մուհամմադի զինակիցների և մուսուլմանների մեծամասնության կողմից:

Գերագույն իշխանության շիական հայեցակարգ՝ իմամաթ

Գերագույն իշխանության խնդիրը պառակտեց մուսուլմանական համայնքը և իսլամական ողջ աշխարհը բաժանեց սուննիների և շիաների: Ժամանակի ընթացքում գերագույն իշխանության մեկնաբանության տարբերությունները ձևավորեցին սկզբունքորեն երկու տարբեր համակարգ: Շիական իսլամի հիմնադրույթներից է մուսուլմանական համայնքում գերագույն իշխանության՝ իմամաթի մասին տեսությունը: «Իմամաթ» եզրույթը ծագում է արաբերեն «أم» բայից, որը նշանակում է առջևում կանգնել, ղեկավարել: Դեռ նախաիսլամական Արաբիայում ուղտերի քարավանն ուղեկցողին կամ ինչ-որ գործ ղեկավարողին անվանում էին իմամ: Սակայն իսլամի տարածմամբ իմամ բառը ստացավ այլ նշանակություն: Այդ բառով սկսեցին անվանել հոգևոր առաջնորդին կամ աղոթքը ղեկավարողին: Այս իմաստներով իմամ բառը կիրառվում է նաև Ղուրանում:

Իսլամի ծագման շրջանում իմամի դերը կատարում էր Մուհամմադը, իսկ նրա մահից հետո՝ խալիֆաները: Եվ քանի որ խալիֆան ոչ միայն ղեկավարում էր աղոթքը, այլև համայնքի գերագույն իշխանության կրողն էր, իմամի գործառույթները սկսեցին ընկալվել որպես մուսուլմանական համայնքի ղեկավարում: Իմամաթի մասին ուսմունքի մշակումը սկսվում է գերագույն իշխանության հարցում Ալիի շառավիղների իրավունքների հիմնավորմանը նվիրված աշխատություններից: Ալիամետ աստվածաբանների ջանքերի շնորհիվ ստեղծվեց այն պատկերացումը, որ գերագույն իշխանությունը՝ իմամաթը, համաձայն աստվածային նախախնամության, պատկանում է Ալիի տոհմին: Սակայն դեռ ամենասկզբից Ալիի տոհմի ներսում իմամաթի փոխանցման միասնական սկզբունք չմշակվեց, և Ալիի տոհմի բնական տարանջատմանը զուգահեռ մեծանում էր գերագույն իշխանության հավանական թեկնածուների թիվը: Ալիական յուրաքանչյուր ճյուղ պաշտպանում էր գերագույն իշխանությանը հավակնող իր թեկնածուի իրավունքները՝ համալրելով իմամաթի մասին ուսմունքը նորանոր գաղափարներով, որոնք էլ, ի վերջո, հանգեցրին գաղափարական տարանջատմանը շիականության ներսում:

Գերագույն իշխանության մասին շիաների պատկերացումները սերում էին այն ըմբռնումից, որ համայնքի «աստվածային ղեկավարումը» շարունակվում է ալիականների միջոցով, որոնց էլ փոխանցվել է «աստվածային սուբստանցիան»: Այս պատկերացումը բնորոշում էր շիաների ողջ կրոնական հայեցակարգը:

9-րդ դարի վերջին քառորդը համընկավ իմամաթի ուսմունքի մշակման վերջնական փուլի հետ, երբ ճանաչված իմամների շարքը ֆիզիկապես ընդհատվեց: 874 թ. անհայտացավ վերջին՝ 12-րդ իմամը, և սկսվեց այսպես կոչված «փոքր թաքնվածության» շրջանը: Այս նույն շրջանում, շիական համայնքի գործնական ղեկավարման անհրաժեշտությամբ պայմանավորված, իմամաթի հարցն արդիական նշանակություն ստացավ: Շիաներն անհայտացած 12-րդ իմամին հայտարարեցին թաքնված իմամ կամ մահդի, որը պետք է վերադառնար և վերականգներ մարգարեի սերունդների ոտնահարված իրավունքները: Թաքնված իմամի գոյության գաղափարը, որը, 8-րդ դարից սկսած, քարոզում էին շիական տարբեր ուղղություններ, շիաների համար կապող օղակ դարձավ գերագույն իշխանության սուրբ բնույթի, չընդհատվող աստվածային ղեկավարման մասին պատկերացումների և իրենց ամենօրյա գործունեության միջև: Շիականության համաձայն՝ իմամաթն «աստվածային ներշնչանք» է, որը գալիս է Ալլահից և մարգարեության յուրատեսակ շարունակությունն է: Մարգարեության նման իմամաթը չի կարող ընտրվել, այսինքն՝ կախված չէ մարդկանց կամքից և գոյություն ունի՝ համաձայն աստվածային նախախնամության, որը փոխանցվում է մարգարեի կամ նախորդ իմամի շուրթերով: Ի վերջո, շիա աստվածաբանները ստեղծեցին իրենց կրոնափիլիսոփայական համակարգը, որում իմամաթը հանդես է գալիս որպես տիեզերական կարևոր ուժ, իսկ իմամները՝ աստվածային նախախնամության կրողներ և աստվածային ու աշխարհիկ գործերի գերագույն հեղինակություններ:  

Գերագույն իշխանության խարիջիական հայեցակարգ

Արդեն նշվել է, որ Սիֆինի ճակատամարտի արդյունքում հրավիրված միջնորդ դատավարությունը դժգոհություն առաջացրեց Ալիի որոշ կողմնակիցների շրջանում: Նրանք վերադարձի ճանապարհին՝ Քուֆայի մոտակայքում գտնվող Ալ-Հարուրա բնակավայրի մոտ, ըմբոստացան և հրաժարվեցին Ալիին հետևելուց՝ պահանջելով խորհրդի հրավիրում և նոր խալիֆայի ընտրության անցկացում: Այս խումբը, որի մեծամասնությունը կազմում էին թամիմ ցեղի ներկայացուցիչները, ստացավ խարիջիներ անվանումը: Խարիջիական շարժման գաղափարախոսության կրոնական հիմքը կազմում էր Ղուրանից վերցրած հետևյալ արտահայտությունը՝ «Չկա իշխանություն՝ բացի Ալլահի իշխանությունից»: Այս արտահայտության համաձայն՝ բոլոր որոշումները պիտի հիմնավորված լինեին Ալլահի խոսքով՝ Ղուրանով: Զինվելով այս սկզբունքով՝ խարիջիները մերժեցին միջնորդ դատավարությունը, քանի որ նրանց տեսանկյունից այդ գործընթացը հակասում էր Ալլահի խոսքին, հետևաբար նրանց համար ընդունելի չէին այդ դատավարության արդյունքները, որոնք օրինականացնում էին Օմայանների իշխանությունը՝ վերջիններիս ներկայացնելով որպես իրենց տոհմակցի՝ Օսման խալիֆայի անմեղ արյան պահանջատերեր: Խարիջիական շարժման գաղափարական մյուս հիմքը հավատացյալների համայնքի անմեղսունակության գաղափարն էր, այսինքն՝ դրախտ մտնելու համար համայնքը պիտի զերծ մնար մեղքերից, իսկ եթե համայնքի անդամներից մեկը մեղք էր գործել, ապա դրանով վտանգված էր ողջ համայնքի բարօրությունը:

Գերագույն իշխանության հարցում խարիջիներն ինչպես սուննիների, այնպես էլ շիաների պատկերացումներին հակառակ դիրքորոշում ունեին: Խարիջիներն ընդունում էին, որ համայնքի ղեկավարը պիտի լինի ընտրովի, իսկ թեկնածուները կարող էին լինել բոլոր հավատացյալները՝ անկախ իրենց ծագումից, սակայն նախապայմանով, որ նրանք պիտի առաջնորդվեին Ղուրանով ու սուննայով, կարողանային արդարացի վարվել մարդկանց հետ և ունակ լինեին զենքը ձեռքին պայքարելու բռնապետ կառավարչի դեմ, քանի որ բռնապետն իր ձեռքում կենտրոնացնում էր բացարձակ իշխանությունը, իսկ վերջինս, խարիջիների պատկերացմամբ, պատկանում էր միայն Ալլահին: Ըստ էության խարիջիական գաղափարախոսությունն ընդունում էր, որ գերագույն իշխանությունը պատկանում էր մուսուլմանական համայնքին՝ ումմային, իսկ խալիֆաները համարվում էին համայնքի կողմից լիազորված անձինք, որոնց գործունեությունը կարելի է համեմատել գործադիր մարմնի գործառույթների հետ: Այս քայլով նրանք փաստորեն վերականգնում էին ումմայի իսլամի հիմնարար արժեքի նշանակությունը:  

 

Ավելացնել նոր մեկնաբանություն