DETQ

Բլինքենի հայտարարությունը հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի և Երևանի կողմից երկկողմ հիմունքներով․ «Տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու հարցում, ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար»։

Ռուս պաշտոնյան շեշտել է, որ գլխավոր նպատակը տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղություն ապահովելն է։ Նա նշել է, որ դրված նպատակին հասնելու ճանապարհին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն այլընտրանք չկա։

Անդրադառնալով Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին, Զախարովան նկատել է, որ այն հակասում է հայկական և ադրբեջանական կողմերի մեկնաբանություններին։

#Դետքի_հետագծով

Հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջողվեց հրադադար հաստատել Ռուսաստանի ջանքերով, միջազգային հանրության շրջանում կոնսենսուս էր ձևավորվել, որ հետագա բանակցությունները նույնպես պետք է շարունակել Մոսկվայի միջնորդությամբ։ Այս իրավիճակը կտրուկ փոխվեց հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լարվեցին, ու այս հարցում միջնորդական ջանքեր իրականացնելու համար կողմերի միջև մրցակցություն սկսվեց։

Ռուսական կողմին բնականաբար դուր չի գալիս Արևմուտքի միջնորդությունն ավանդաբար իր ազդեցության գոտի համարվող տարածաշրջանում, և Մոսկվան ամեն կերպ փորձում է հակազդել դրան։

Ավելացնել նոր մեկնաբանություն