Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական ակտիվ բանակցությունների ֆոնին
Վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացն ակտիվացել է, որը, կարելի է ասել, սառեցված էր այն բանից հետո, երբ նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով շրջափակվեց Բերձորի միջանցքը։ Այս համատեքստում մայիսի 1-4-ը երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են վարել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մայիսի 19-ին կրկին կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները՝ այս անգամ Ռուսաստանի միջնորդությամբ։ Բացի դրանից՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանակցություններ են սպասվում նաև հունիսի 1-ին՝ Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, չնայած դեռևս վերջին հանդիպման մասով վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի ակտիվ փուլում հերթական անգամ սրվել է սահմանային իրավիճակը, ինչի հետևանքով լարվածությունը պահպանվում է մինչև այժմ։ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների ֆոնին, թե Բաքուն կողմնակից է խաղաղության պայմանագրի ստորագրմանը և աջակցում է բանակցային գործընթացին, հարց է առաջանում, թե նման պայմաններում որն է իրավիճակը սրելու և գործընթացը հերթական անգամ փակուղի մտցնելու նպատակը։
Հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն բանին, որ Ադրբեջանի կողմից նման գործելաոճը նոր չէ, և տասնամյակներ շարունակ Բաքուն կարևոր բանակցություններից առաջ կամ հետո, երբեմն նաև դրանց ընթացքում լարում է սահմանային իրավիճակը՝ հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրելու, իր պահանջներն առաջ մղելու և զանազան այլ նպատակներով։ Ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտության և նախորդ երկուսուկես տարիների ընթացքում կատարած մի շարք աններելի սխալ քայլերի արդյունքում հանդես է գալիս բավականին թուլացած դիրքերից, Ադրբեջանի համար լավ հնարավորություն է ստեղծվել, իր այս գործելաոճն օգտագործելով, փորձել Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ։
Չի բացառվում, որ ակտիվ բանակցային գործընթացի արդյունքում այս անգամ կողմերին հաջողվի խաղաղության պայմանագիր ստորագրել կամ առնվազն մոտենալ այդ փուլին։ Հենց այս համատեքստում Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի բնակչությունը դեռևս գտնվում է հետպատերազմական շոկի մեջ, որևէ կերպ չի ցանկանում, որ նոր ռազմական գործողություններ տեղի ունենան, և նման ճնշումներ է գործադրում, որպեսզի հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումն ու այնտեղ առկա ոչ հայանպաստ զիջումները չարժանանան հայ հասարակության ընդվզմանը, և Հայաստանի բնակչությունն աջակցի խաղաղության հաստատմանը, թեկուզև ամենածանր զիջումների գնով։
Ադրբեջանի կողմից նման գործելաոճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջինիս փաստացի հաջողվել է հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչել է Արցախի նկատմամբ կատարած ագրեսիայի արդյունքները, որևէ պատժամիջոց չի կիրառել Ալիևի ռեժիմի նկատմամբ, ինչի արդյունքում վերջինս էլ ավելի է լկտիացել և ներկայումս իրեն թույլ է տալիս նույն մոտեցումը կիրառել նաև Հայաստանի նկատմամբ։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը և վերջինիս հովանավոր Թուրքիան որևէ կերպ չեն պատրաստվում կանգ առնել և Հայաստանի հետ խաղաղություն հաստատել։ Թուրք-ադրբեջանական և առհասարակ արևելյան տրամաբանության մեջ ընդունված չէ թույլի հետ խաղաղություն հաստատել, այն հաստատվում է բացապես իրավահավասար կողմերի միջև։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության համար միակ ճանապարհը սեփական բանակի մարտունակության վերականգնումն է, որն ի զորու կլինի դիմագրավելու պետության առջև ծառացած մարտահրավերներին և ապահովելու սեփական սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն