Կրոնաիրավական դպրոցները տասներկուական շիա իսլամում
Ախբարիներ և ուսուլիներ
Ըստ էության, Ախբարի շարժումն իրենից ներկայացնում էր ռացիոնալիստական սկզբունքների մերժում, որոնց վրա հիմնված էին իջթիհադը և ամբողջ շիական իրավագիտությունը: Որոշ ախբարիներ մերժեցին նաև շիական դոկտրինի ռացիոնալիստական հիմքը: Այլ կերպ ասած՝ այս ամենը տանում էր դեպի սուննի իրավագիտության սկզբունքներ (իմամներն էլ իրենց հերթին ստանձնում էին սուննի իրավաբանական դպրոցների հիմնադիրների պաշտոնները): Եվ եթե դա հաջողվեր, ապա շիիզմին շատ ավելի կմոտեցներ սուննիզմին. հատկանշական է, որ Նադիր Շահի՝ շիիզմը սուննիական իրավունքի հինգերորդ դպրոց դարձնելու փորձը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ ախբարիներն ունեին մեծ ազդեցություն: Հեռանալով ուսուլիների ռացիոնալիստական հիմքերից՝ ախբարիներից շատերն իրենց ուշադրությունը կենտրոնացրին գիտելիքների «ոչ ռացիոնալ» ճանապարհների վրա, ինչպիսիք են «kashf» (գիտելիքի ինտուիտիվ հայտնագործություն) և գաղտնի գիտությունները:
Ուսմունքի և իրավունքի աղբյուրների մասին ուսուլիները և ախբարիներն ունեին հետևյալ տեսակետերն ու մոտեցումները։ Ուսուլիներն ընդունում էին իշխանության չորս աղբյուր, որոնք առնչվում էին իրավունքի և ուսմունքի խնդիրներին՝ Ղուրանը, Սուննան, Իջման և Ակլը (խելք/ինտելեկտ)։ Ախբարիներն ընդունում էին միայն առաջին երկուսը՝ Ղուրանը և Սուննան (և քանի որ Ղուրանը կարող էր հասկացվել միայն ավանդույթների օգնությամբ, դրա համար էլ հարկավոր էր իմամների մեկնաբանությունը (Tafsir և ta’wil))։ Սակայն ուսուլիներն ընդունում էին Ղուրանի բառացի իմաստը և ավանդույթները՝ համարելով, որ հնարավոր է սեփական գիտակցությամբ և խելքով (Ակլ) հասկանալ դրանց իմաստը։
Ուսուլիները կարծում էին, որ ավանդույթների չորս գրքերը ներառում են մի շարք անվստահելի ավանդույթներ, մինչդեռ ըստ ախբարիների՝ չորս գրքերն էլ վստահելի աղբյուրներ էին։ Ուսուլիները որպես իշխանության համար հիմք հանդիսացող աղբյուրներ էին ընդունում միայն այն իմամների ավանդույթները, որոնք փոխանցվել էին վստահության արժանի շիաների կողմից։ Ախբարիներն ավելի ընդգրկուն մոտեցում էին ցուցաբերում ավանդույթների հարցում՝ ընդունելով ավանդույթներ սուննիներից և այլ աղբյուրներից (այն պայմանով, որ փոխանցումը զերծ է եղել թյուրըմբռնումից կամ երկիմաստությունից), ինչպես նաև այլ անհայտ աղբյուրներից, որոնք ներառում էին լավ և խելամիտ ապացույցներ։
Ուսուլիներն ավանդույթները բաժանում էին չորս դասի՝ «sahih», «hasan», «mutawatir» և «da’if», սակայն ախբարիներն ունեին դրանցից միայն երկուսը՝ «sahih» և «da’if»։ Ուսուլիները կարծում էին, որ ուսմունքներն ու օրինական որոշումները պետք է վերցված լինեին «naqli» (փոխանցվող) աղբյուրներից՝ Ղուրանից կամ ավանդույթներից։ Ախբարիներն ասում էին, որ այն, ինչ վերցված է «naqli» աղբյուրից, ունի գերակայություն այն բանի նկատմամբ, ինչը բխում է բանականության գործածությունից։
Իրավագիտության սկզբունքների վերաբերյալ ուսուլիներն ընդունում էին «ijtihad»-ը՝ համարելով, որ որոշումները կարող են տրվել «zann»-ի միջոցով (օրինական/վստահելի ենթադրություն), որը վաստակում են ijtihad-ի շնորհիվ, այն դեպքում, երբ Ղուրանի կամ որևէ ավանդույթի տեքստից վերցրած որոշակի գիտելիքը (իլմ) վստահելի չէ։ Ախբարիները մերժում էին «ijtihad»-ը՝ համարելով, որ որոշումները կարող են տրվել այն ժամանակ, երբ որոշակի գիտելիք կա, որն իմամի կողմից տրված վստահելի ավանդույթի միջոցով է մեզ հասել։
Ուսուլիները մարդկանց դասում էին 2 դասի՝ մուջթահիդների և մուկալլիդների։ Սա պայմանավորված էր նրանով, որ օրինական որոշումներ կայացնելու համար պահանջվում էին մեծ թվով գիտություններ, որոնցից ամենակարևորը «usul al-fiqh»-ն է։ Մուջթահիդին պետք է հետևել և ենթարկվել այնպես, ինչպես իմամին։ «Ijtihad»-ին հետևողը կպարգևատրվի դրախտում՝ անկախ սխալ որոշման հանգամանքից։ Ախբարիները պնդում էին, որ բոլոր մարդիկ իմամի համար մուկալլիդներ էին, և արգելվում էր դիմել որևէ մուջթահիդի։ Միայն իմամն է տեղեկացված կրոնի բոլոր արարողությունների մասին, և օրինական որոշումները կարող են կայացվել միայն այն գիտելիքի միջոցով, որին տիրապետում է իմամը։
Մինչ այսօր շիաների շրջանակում պահպանվել են որոշ ախբարիներ, ամենաշատը թերևս Բահրեյնում։ Իրաքում ևս կան որոշ թվով ախբարիներ, որոնք հաստատվել են Հյուսիսային Իրաքում գտնվող «ալ-համմար» գետի արևմտյան վերջնամասում։ Հենց նույն շրջանում գոյություն ունի ախբարիական երկու դպրոց։ Ախբարիների գլխավոր կենտրոնը շարունակում է մնալ Բասրա քաղաքը, որտեղ Միրզա Մուհամմադ Ախբարին շարունակում է ապրել և ղեկավարել ախբարիների շրջանակը։ Որոշ ախբարիներ Հնդկաստանում նույնպես օթևան են գտել։
Շեյխիներ
Շեյխիների դպրոցը, որը հիմնադրվել է շեյխ Ահմադ իբն Զեյնուդ դին ալ-Ահսայի կողմից, մեծապես տարբերվում էր վերոնշյալ երկու դպրոցից։
Աստծո վերաբերյալ շեյխիների գաղափարները հանգեցնում էին նրան, որ որևէ բանի մասին գիտելիք ունենալու համար հարկավոր է նմանություն իմացողի և այն բանի միջև, ինչը պետք է իմացվի։ Քանի որ մարդու և Աստծո միջև որևէ նմանություն չկա, մարդը երբեք չի կարող ճանաչել Աստծո էությունը։ Աստծո մասին յուրաքանչյուր գիտելիք, որին մարդ արարածը տիրապետում է, միայն նրա երևակայության արդյունքն է։ Մեծամասամբ դա կարող է լինել Աստծո կերպար կամ արտացոլանք, սակայն մարդը երբեք չի կարող հասնել նրան, ինչը նրան կտա բացարձակ պարզաբանում Աստծո իրական բնույթի վերաբերյալ։ Աստծո նման կերպարն էականորեն հակասում է սուֆիների վահդաթ ալ-ուջուդին (էքզիստենցիալ միասնություն) և Աստծո հետ միստիկ միավորման դրույթներին։
Շեյխ Ահմադի տեսակետներից մեկն Աստծո մասին, որը հակասություն առաջացրեց նրա ու տասներկուական շիակաների միջև, Աստծո գիտելիքի վերաբերյալ պատկերացումն էր։ Նա համարում էր, որ Աստված ունի երկու տեսակի գիտելիք. առաջինը նրա էությունից անբաժան գիտելիքն է (محدث), իսկ երկրորդը՝ ստեղծված գիտելիքը (ذاتي)՝ էական, որն ի հայտ է գալիս, երբ Աստված արարում է։
Մարգարեների վերաբերյալ հարցում շեյխիները հավատում էին, որ մարգարեն միջնորդ է մարդու և Աստծո միջև։ Չկա ոչ մի նմանություն Աստծո և մարգարեի, ոչ էլ մարդու և մարգարեի միջև։ Մարգարեն պարզապես մարդ չէ, որին Աստված ընտրել է իր հայտնությունների կրողը դառնալու համար, նա եզակի է և ունի կարողություններ, որոնք վեր են նույնիսկ կատարյալ մարդու հնարավորություններից։ Սրանով շեյխ Ահմադը մերժում էր սուֆիական այն գաղափարը, որ մարդը կարող է մաքրագործել ինքն իրեն՝ հասնելով մարգարեի դիրքի։
Շեյխ Ահմադը համարում էր, որ առաջին արարածը, որը բխում է Աստծո կամքից, Մուհամմադի Լույսն է՝ ան-Նուր ալ-Մուհամմադիյան։ Այս լույսից ստեղծվել է իմամների լույսը, իմամների լույսից՝ հավատի լույսը և այսպես շարունակ։ Իմամներն աշխարհի արարման գործիքներն են։ Կա նաև մեկ այլ ծայրահեղ տեսակետ, ըստ որի՝ Աստված ստեղծել է աշխարհը նրանց համար։ Նրանք միջնորդներ են, որոնց միջոցով մարդը կարող է ստանալ Աստծուն հասկանալու կարողություն, և դրա շնորհիվ Աստծո պարգևը հասնում է մարդուն։
Ֆիզիկական և հոգևոր աշխարհների միջև գոյություն ունի միջնորդ աշխարհ՝ Հուռքալյայի աշխարհը, կամ էլ հնագիտական պատկերների աշխարհ՝ ալամ ալ- միսալ։ Սա իսլամական էսխատաբանության մեջ ընդունված է որպես «barzak»՝ քավարան։ Երկրային աշխարհում ամեն ինչ ունի իր նմանակը հուռքալիայի աշխարհում։ Յուրաքանչյուր անհատ ունի երկու մարմին. դրանցից մեկը գոյություն ունի Երկրի վրա, իսկ մյուսը՝ հուռքալիյայում։ Թաքնված, բայց գոյություն ունեցող 12- րդ իմամը և Ջաբուլսա ու Ջաբուլկա քաղաքները, որտեղ ենթադրաբար նա ապրում է, գտնվում են Հուռքալիյայի աշխարհում։
Էսխատաբանությունը համարվում է Հուռքալիայի հետևանքը։ Շեյխիների ղեկավարը շատ անգամ օգտագործում էր Հուռքալիայի սկզբունքը՝ բացատրելու իսլամի որոշ դրույթներ: Համաձայն ուղղափառ մուսուլմանական հավատքի՝ մարգարեի կյանքի կարևոր իրադարձություններից մեկն այն գիշերն է, երբ նա մարմնապես տեղափոխվել է Երուսաղեմի մոտակայք, ապա բարձրացել երկինք։ Շեյխ Ահմադը պնդում է, որ հարությունը (միրաժ) տեղի է ունեցել Մուհամմադի հոգևոր մարմնի հետ, այլ ոչ թե ֆիզիկական։
Շեյխիների մեկ այլ կարևոր ուսմունք զարգացել է ոչ թե շեյխ Ահմադի կողմից, այլ նրա հետևորդների։ Ուղղափառ շիաները հավատում են ուսուլ ադ-դինի 5 հիմնասյուներին։ Շեյխ Ահմադը համարում էր, որ դրանցից 2-ը՝ Աստծո միասնությունն ու արդարությունը, կարող են դիտարկվել միասին՝ որպես Աստծո գիտելիք։ Սայիդ Քազիմի ժամանակ և Քարիմ Խան Քիրմանիի վաղ գրությունների շրջանում հայտնվեց 4-րդ հիմնասյունը՝ առ-ռուքն առ-ռաբին, որպեսզի նշանակեր կատարյալ շիայի՝ աշ-շիա ալ-քամիլի գոյության շարունակականությունը ֆիզիկական աշխարհում, որը ի վիճակի է միջնորդի դեր խաղալու թաքնված իմամի և ֆիզիկական աշխարհի միջև։ Միջնորդը միտված էր ներկայացնելու թաքնված իմամի կամքը։ Իրավագիտական շատ ու շատ հարցերում շեյխ Ահմադը միջնորդ դիրք էր գրավում ուսուլիների և ախբարիների միջև։ Նա չէր ժխտում իջթիհադի վավերականությունը, սակայն ցանկալի էր համարում իմամների ավանդույթների շրջանակում դրա գոյությունը։
Քերբելայում գտնվող շեյխիներից շատերը հետևում էին Միրզա Հասան Գավհարին, չնայած Միրզա Մուհամմադ Հուսայն Մուհիդ Քիրմանին և Սայիդ Քազիմի որդի Ահմադը ևս ունեցել են նշանակալից ազդեցություն։ Թավրիզի շեյխիներն անվերապահորեն ընդունեցին ուսուլիական դպրոցը՝ որպես իրավագիտական հիմք։ Սակայն սա չփրկեց նրանց հասարակության թշնամանքից։ Շեյխիների ամենահայտնի առաջնորդներից մեկը Հաջջի Մուհամմադ Քարիմ Խան Քիրմանին էր, որը Քաջարիների արքայական ընտանիքի անդամ էր։ Շեյխիները շիաների շրջանակում մնացել են որպես փոքրամասնություն՝ մոտ 200.000 Իրանում և 300.000 Իրաքում ու Պարսից ծոցում։ Նրանցից շատերն ապաստան են գտել հիմնականում Քիրմանում, Թավրիզում, Քուրանշահռում, Աբադանում, Թեհրանում, Աբադայում, Շիրազում և Զունուզում, ինչպես նաև Իրաքի Բասրա քաղաքում։ Քիրմանում շեյխիներն ունեն փոքրիկ կրոնական քոլեջ՝ մադրասա Իբրահիմյա 30 կամ 40 ուսանողով, իրենց տպարանով և թերթով։ Հոգևոր քոլեջ կա նաև Բասրայում։
Ավելացնել նոր մեկնաբանություն