The legislative power of Iran. design, functions

Իրանի օրենսդիր իշխանությունը. ձևավորումը, գործառույթները

Իրանի օրենսդիր իշխանությունը. ձևավորումը, գործառույթները

Իրանի պետական կառավարման համակարգում կարևոր դերակատարություն է վերապահված օրենսդիր իշխանությանը՝ Մեջլիսին, որը, բացի օրենսդիր գործունեությունից, բավական արդյունավետ հակակշռում է գործադիր իշխանությանը: Սահմանադրությամբ Մեջլիսին վերապահված են մի շարք լիազորություններ, որոնց միջոցով էլ օրենսդիր իշխանությունը ոչ միայն վերահսկում է կառավարության գործունեությունը, այլև նշանակալի ազդեցություն ունենում կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վրա:

Կառավարության ձևավորումից հետո և նախքան նրա աշխատանքները սկսելը նախագահը պետք է Մեջլիսից վստահության քվե ստանա։ Բացի դրանից՝ յուրաքանչյուր նախարար Մեջլիսի քննարկմանն է ներկայացնում այն գերատեսչության գործունեության հետ կապված ծրագիրը, որը ղեկավարելու համար նրան նշանակել է նախագահը: Եթե նրա ներկայացրած ծրագիրը չի արժանանում խորհրդարանի հավանությանը, ապա նախագահը պարտավոր է նոր նախարար նշանակել:

Նախկին նախագահներ Մահմուդ Ահմադինեժադը և Հասան Ռոհանին, ինչպես նաև նաախքին նախագահ Էբրահիմ Ռայիսին իրենց կառավարությունները ձևավորելիս, նաև հետագա գործունեության ընթացքում ստիպված են եղել վերանայել իրենց որոշումները և խորհրդարանի անվստահությանն արժանացած նախարարներին փոխարինել նորերով :

Մեջլիսն իրավունք ունի ներքին և արտաքին խնդիրների հարցով պարզաբանումներ պահանջելու ինչպես նախագահից, այնպես էլ նախարարներից. խորհրդարանը նրանց նկատմամբ նույնիսկ կարող է անվստահության գործընթաց սկսել: Այդ առիթով Մեջլիս-կառավարություն հակասությունն առավել սրվեց 2015 թ., երբ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների բանակցությունների ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած հանդիպման մասին պարզաբանումներ տալու նպատակով հաճախ էր հրավիրվում Մեջլիս :

Հավելենք, որ Մեջլիսի գործողություններին իր հերթին հակակշռում է Սահմանադրության պահապան խորհուրդը (Շոուրա-է նեգահբան), որը որոշում է Մեջլիսում ընդունված որոշումների համապատասխանությունն իսլամի նորմերին և Սահմանադրությանը: Մեջլիսի ընդունած բոլոր օրենքներն ու որոշումները պետք է հանձնվեն Պահապան խորհրդի քննարկմանը, և հակասություն հայտնաբերելու դեպքում Պահապան խորհուրդը դրանք վերադարձնում է Մեջլիսին, իսկ հակասություն չլինելու դեպքում որոշումն օրենքի ուժ է ստանում։

Նկատենք, որ Մեջլիս-Պահապան խորհուրդ փոխգործակցությունը շատ հարցերում ճկուն գործելու հնարավորություն է տալիս կառավարությանը, որն այս կամ այն հարցի առնչությամբ արտաքին ճնշումներից խուսափելու և ժամանակ շահելու համար կարող է Մեջլիսի քննարկմանը ներկայացնել միջազգային որևէ պայմանագիր կամ կոնվենցիա՝ միջազգային հանրությանը ցույց տալով, թե հավատարիմ է ստանձնած պարտավորություններին:

Վերջին շրջանի կառավարության նմանատիպ նախաձեռնություններից կարելի է նշել Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրված միջուկային համաձայնությունը, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիայի (CFT) մասին օրինագիծը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան:

Եթե կառավարության նախաձեռնությամբ որևէ միջազգային կոնվենցիա Մեջլիսի կողմից հաստատվում է, ապա Պահապան խորհուրդն այն քննելու և չեղարկելու իրավունք ունի: Ուսումնասիրելով Իրանի պետական կառավարման համակարգը՝ կարող ենք նշել, որ ԻԻՀ պետական համակարգի բոլոր ինստիտուտները՝ հոգևոր առաջնորդից մինչև քաղաքապետ, ձևավորվում են ընտրությունների միջոցով: Չնայած խիստ հակակշիռներին՝ պետական հաստատություններից յուրաքանչյուրն իրեն հատկացված գործառույթներն է իրականացնում՝ որպես հիմնական նպատակ դիտելով իսլամական համակարգի պահպանումն ու երկրի տարածքային ամբողջականության ապահովումը: Թեև արտաքուստ բարդ կառուցվածքին՝ ԻԻՀ պետական կառավարման համակարգն Իսլամական հեղափոխությունից հետո կարողացել է ներքին և արտաքին իրողություններին համահունչ ճկունություն ցուցաբերել և երկիրը հեռու պահել ինչպես ներքաղաքական ցնցումներից, այնպես էլ արտաքին սպառնալիքից: Այդ տրամաբանությունից ելնելով՝ ԻԻՀ կառավարման համակարգը, հիմնված լինելով «Վելայաթ-է ֆաղիհի» տեսության վրա, անցած 40 տարիներին որոշակի փոփոխությունների է ենթարկվել, որոնք ազդեցություն են ունեցել նաև Իրանի հասարակության վրա:

Դեռ Իսլամական հեղափոխությունից հետո ձևավորել էր Կրոնական-ազգայնական (Մելլի-մազհաբի) շարժումը, որը Հաշեմի Ռաֆսանջանիի կառավարման տարիներին ներառեց սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն ունեցող ընդդիմադիր շատ գործիչների:
1997 թ., երբ նախագահ ընտրվեց Մոհամմադ Խաթամին, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի ուղուն հավատարիմ ուժերը (Փեյրովան-է խաթ-է էմամ), որոնք համարում էին, որ Մոհամմադ Խաթամիին աջակցած ուժերը շեղվել են հեղափոխության հիմնական սկզբունքներից, համախմբվեցին «պահպանողական» գաղափարախոսության շուրջը. այդ շրջանից էլ սկսվեց «պահպանողական»-«բարեփոխական» գաղափարական բաժանումը:

Փոփոխությունների տեսանկյունից ամենաուշագրավը թերևս Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներն էին, երբ հատկապես մտավորականության զգալի հատվածի և երիտասարդության շրջանում լայն տարածում ստացավ «իրանականությունը» (իրանիաթ) կամ «իրանական ազգայնականությունը», որն այդ շրջանում պետության կողմից օգտագործվեց հասարակությանն Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանության գաղափարի շուրջը համախմբելու համար:
Այսօր Իսլամական հեղափոխության առաջնորդների սերնդի ազդեցիկ հոգևորականների մեծ մասն այլևս ողջ չէ. համացանցի զարգացման, սոցիալական ցանցերի՝ քաղաքական գործընթացների վրա ունեցած դերակատարության մեծացման և մի շարք գործոններով պայմանավորված փոփոխությունները շարունակվում են, և ԻԻՀ ներկայիս հոգևոր-քաղաքական վերնախավը, չնայած ձևավորված կարծրատիպերին, իսլամական համակարգը պահպանելու նպատակով հենց այդ փոփոխությունների միջոցով փորձում է առկա մարտահրավերներին համարժեք ճկունություն ցուցաբերել: Այսինքն՝ եթե հասարակության կացութաձևի, իսլամական հանդերձանքի և այլ հարցերի վերաբերյալ հեղափոխությունից հետո՝ 1980-ականների սկզբին, ինչպես հոգևոր-քաղաքական վերնախավի, այնպես էլ հասարակության լայն շերտերի շրջանակում գերիշխում էին արմատական մոտեցումները, ապա տարիների ընթացքում դրանք մեղմացան, և այսօր արդեն Իրանի հասարակական կյանքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք 40 տարի առաջ պարզապես անընդունելի կարող էին համարվել:

Ավելացնել նոր մեկնաբանություն